Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը
Ի՞նչ հիվանդություն է
Կեղծ կրուպը կամ լարինգոտրախեիտը ինֆեկցիոն, ալերգիկ բնույթի հիվանդություն է, երբ որևէ ինֆեկցիոն ագենտի ազդեցության տակ տեղի է ունենում տեղային ալերգիկ ռեակցիա:
Այն սահմանափակվում է նորածնի ձայնաճեղքի հատվածում և բերում է ձայնալարերի այտուցի՝ նեղացնելով ձայնաճեղքը, և օդի հոսքը դեպի թոքեր կամ բրոնխոթոքային համակարգ խիստ սահմանափակվում է: Այս սուր հիվանդությունը չի սիրում գիշեր, քանի որ սրացումները մեծամասամբ լինում են գիշերային ժամերին, սակայն ապացուցված չէ՝ ինչի հետ է կապված: Կրուպն ունի տարիքային առանձնահատկություն: Ընդունված է, որ 6-7 տարեկանից հետո հիվանդությունն ինքնաբերաբար անցնում է և չի կրկնվում (սրանք, իհարկե, տեսութուններ են): Այն սեզոնային հիվանդություն է, ավելի շատ լինում է գարնան, աշնան եղանակային փոփոխությունների շրջանում, ինչպես նաև ձմռանը, որովհետև մրսածության ֆակտորը նշանակություն ունի:
Ինչպե՞ս է դրսևորվում
Լավ արտահայտված լարինգոտրախեիտին բնորոշ է ներշնչական ու արտաշնչական շրջաններում օդի հոսքի դժվարացումը, սուլացող օդի հոսքը դեպի ներս, որովհետև երկու ակտի ժամանակ էլ նույնկերպ նեղացած է ձայնաճեղքը:
Քանի որ այն ինֆեկցիոն, ալերգիկ բնույթի հիվանդություն է, ինֆեկցիոն ֆակտորները կարող են լինել մրսածության հետ կապված հիվանդությունները՝ վիրուսային ինֆեկցիաներ, աղիքային ինֆեկցիաներ: Աղիքային ինֆեկցիաներից առավելապես սալմանելոզը կարող է սկսվել հենց լարինգոտրախեիտով:
Որքանո՞վ է վտանգավոր
Սա, իհարկե, վտանգավոր հիվանդություն է, քանի որ բերում է օրգանիզմի թթվածնային քաղցի զարգացման, որն էլ հղի է տարբեր բարդություններով: Գրագետ բժիշկը վախենում է լարինգոտրախեիտից, եթե պայմանները թույլ չեն տալիս անմիջապես օգնություն ցույց տալու: Խոսքը վերաբերում է դժվարամատչելի շրջաններին, երբ բժիշկն անմիջապես չի մոտենում հիվանդին կամ հիվանդը չի բերվում բժշկի մոտ սուր լարինգոտրախեիտի ժամանակ, ինչի պարագայում կարող են լինել ծանր բարդություններ:
Ինչպե՞ս է բուժվում
Բուժումը կատարվում է երկու ուղղությամբ: Օրգանիզմից վերացվում են այն թունավոր արգասիքները, որոնք երեխային կարող են բերել ալերգիկ վիճակի, ինչպես նաև հակաալերգիկ բուժում, որի դեպքում ցուցված է հորմոնաթերապիան: Թեև ժողովուրդը մի քիչ չի սիրում հորմոնալ բուժումը, բայց սրա դեպքում միանշանակ պետք է, որպեսզի երեխան դուրս բերվի այդ վիճակից, այսինքն՝ իջեցվի այտուցը ձայնաճեղքում, որովհետև դա է նրան խանգարում:
Սա արդյունավետ բուժման ենթարկվող հիվանդություն է: Օրինակ՝ շատ ծանր վիճակում երեխային բերում են հիվանդանոց, և մի քանի ժամից մինչև մեկ օրվա ընթացքում էֆեկտիվությունը երևում է:
Ի՞նչ պետք է անել նոպայի ժամանակ
Նոպայի ժամանակ անմիջապես պետք է դիմել բժշկի:
Կարդացեք նաև` Կրուպ. ինչպե՞ս է առաջանում և բուժվում հիվանդությունը