Ի՞նչ է աչքի շլությունը, ե՞րբ դիմել բժշկի և ինչպե՞ս բուժել

Խնդիրներ

 Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 Ի՞նչ է աչքի շլությունը:

Աչքի շլությունը կամ ստարտիզմն  երկու աչքերի տեսողական առանցքների խանգարումն է, որոնք նորմայում պետք է լինեն միմյանց զուգահեռ:

 

Շլությունը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին շլությունը նորածինների մոտ մինչև 3-4 ամսականը կարող է անցնել: Նորածնային շրջանի շլությունը կարող է պայմանավորված լինել դիմային գանգի կառուցվածքային առանձնահատկություններով, ինչպես նաև հղիության ժամանակ որոշ ինֆեկցիոն պրոցեսներով կամ ծանր ծննդաբերությամբ:

Ցանկացած դեպքում, եթե երեխայի մոտ կա շլություն, ընդ որում այն  կարող է լինել տարամիտվող կամ զուգամիտվող, պետք է պարբերաբար այցելել ակնաբույժի` խորհրդատվություն ստանալու համար:

Մինչև 3-4 ամսականը, եթե  շլությունը պահպանվում է, ապա 6 ամսականում ակնաբույժը կարող է ախտորոշել և սկսել բուժումները:

Նորածինների մոտ շլություն նկատելու դեպքում  խորհուրդ ենք տալիս խաղալիքները չդնել երեխային մոտ: Խաղալիքները պետք է լինեն 50 սմ ոչ պակաս հեռավորության վրա, պետք է ընտրել վառ գունավորմամբ և մեծ խաղալիքներ:

Ինչպե՞ս է կատարվում մինչև 6 տարեկան երեխաների բուժումը:

6 ամսականից հետո, երբ արդեն երեխայի մոտ ախտորոշվել է շլություն, հարկավոր է ճիշտ ակնոց ընտրել, քանի որ տարիքին զուգահեռ զարգանում է երեխայի  տեսողական համակարգը: Գոյություն ունեն մի շարք թերապևտիկ միջոցներ, որոնք ուղղված են ինչպես տեսողության սրության պահպանմանը, այնպես էլ տեսողական համակարգի զարգացմանը: Եթե այս ամենը ցանկալի արդյունք չի տալիս, կատարվում է վիրահատական միջամտություն:

Ո՞ր տարիքում է կատարվում վիրահատական միջամտություն:

Ցանկալի է վիրահատություն կատարել մինչև 4 տարեկանը, որովհետև 3-4 տարեկանում, եթե արդեն շլություն ունի, երեխան սկսում է օգտագործել առողջ աչքը, հետևաբար խնդիր  ունեցող աչքի շլությունը գնալով շատանում է: Այս դեպքում արդեն խնդիրը լինում է ոչ միայն շլությունը, այլև` տեսողությունը:

 

Բացի դա, այդ տարիքում երեխան սկսում է տեսնել առարկաները, տարբերակել դրանք, ուստի վաղ հասակում պետք է կատարել վիրահատություն:

Գովազդ