Ի՞նչու է փոքրիկը ծծում մատները

Շատ երեխաներ ունեն վատ սովորություններ, որոնք զայրացնում են ծնողներին: Հաճախ այդ սովորությունները հանգստացնող կամ ինքնահաստատման միջոց են, անցնում են  երեխայի տարիքի հետ, օրինակ` մատ ծծելը:

Կրծքահասակ երեխայի համար մատ ծծելը անվնաս սովորություն է: Երբեմն այն շարունակվում է նաև հետագա տարիների ընթացքում: Կարծիք կա, որ 4 տարեկանից հետո մատ ծծելը երեխայի հոգեկան անհագստության արտահայտություն է և ինքնահանգստացման միջոց: Այդ պատճառով էլ երեխաները հաճախ մատը ծծում են, երբ քնել են ուզում, հոգնած, քաղցած, զայրացած են:

Մշտապես բթամատը ծծելը կարող է նաև մատի ձևափոխման պատճառ դառնալ (այն կարող է մյուս ձեռքի բթամատի համեմատությամբ բարակ լինել): Մատը ծծելը մեծացնում է նաև  ճիճվակրության վտանգը: Մի անհանգստացեք, եթե երեխան մինչև 3-4 տարեկան հասակը մատը ծծում է, քանի որ երեխաների մեծամասնության մոտ 4 տարեկանում այդ սովորությունից հրաժարվում է: Բացի այդ, զայրանալը երեխայի վրա արդյունավետ չէ: Պարզապես շեղեք նրա ուշադրությունը` խրախուսելով մեծերի վարքագծին նմանվելու նրա ցանկությունը: Խրախուսեք և պարգևատրեք նրան, եթե մատը չի ծծում: Եթե երեխան շարունակում է մատը ծծել 4 տարեկանից հետո, փորձեք օգտվել վարքագծի փոփոխման դրական հարկադրման եղանակներից.

●Օգտագործեք գրաֆիկ կամ օրացույց, որտեղ նրան ցույց տալով նշեք այն օրերը, երբ մատը չի ծծել:

●Մատը չծծելու օրեր սահմանեք և աշխատեք այդ օրերին ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ:

●Որպեսզի մատ ծծելը երեխայի համար հաճույքից պարտադրանք դառնա, յուրաքանչյուր օր 10-15 րոպե երեխային պարտադրեք մտնել իր սենյակ և պահանջեք բոլոր տասը մատները հերթով ծծել: Հաճախ սա արդյունավետ եղանակ է:

●Երբեմն օգտակար է երեխայի մատին դառը նյութ քսել: Վերջինս պետք է անվտանգ լինի: Այս եղանակի ընթացքում դառնահամ նյութ քսելը ոչ թե պատժի միջոց է, այլ հիշեցում, որ մատ ծծել չի կարելի:

●Եթե երեխան մատը ծծում է հիմնականում գիշերը, ձեռքերին կարող եք բամբակյա կտորից ձեռնոց հագցնել: