Ինչպես օգնել երեխային հեշտությամբ հրաժեշտ տալ մայրիկին

Խնդիրներ

Մայրիկների համար, իհարկե, հաճելի է, երբ փոքրիկն այդքան կապված է իրենց հետ։ Բայց այդ կապվածությունն ինչ-որ պահից սկսում է անհանգստացնել, երբ փոքրիկը մեծանում է և չի ցանկանում որևէ բան անել առանց Ձեզ կամ թույլ չի տալիս անգամ, որ գնաք լոգարան կամ աշխատանքի։

Սա նշանակում է, որ երեխան անկարող է  բաժանվել մայրիկից։ Իսկ դրանից պետք է մեկ հետևություն անել՝  վաղ տարիքում հարկավոր է պայքարել այս խնդրի դեմ, հակառակ դեպքում ժամանակի ընթացքում այն ավելի կխորանա։

6 ամսականից հետո երեխան սկսում է հասկանալ, որ ինքը մայրիկից անջատ է։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի մայրիկը կարող է լքել նրան։ Վաղ տարիքում երեխաների մոտ շատ զարգացած է տեսողական հիշողությունը։ Հետևաբար, եթե դուք նրա աչքի առաջ չեք, դա դեռ չի նշանակում, որ նրա մտքում չեք։

Երեխայի մոտ մայրիկից բաժանման վախը զարգանում է հատկապես 10-18 ամսականում։ 2-3 տարեկանում այդ վախը սկսում է նահանջել։

Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ՝ ինչպես օգնել երեխային ծայրահեղ կապվածություն չունենալ մայրիկի հետ։

 

Հրաժեշտ տվեք գնալուց առաջ։ Շատ ծնողներ տանից հեռանում են թաքուն, որպեսզի երեխան չնկատի։ Իհարկե, ձեզ ցավ է պատճառելու, երբ տեսնեք, որ երեխան լաց է լինում և չի ցանկանում, որ դուք հեռանաք, բայց հավատացեք՝ դա կօգնի երեխային չունենալ մայրիկին, ծնողներին կորցնելու վախ։ Շատ ավելի մեծ խնդիր է, երբ ծնողները հեռանում են, երբ երեխան քնած է։ Երեխան արթնանալուն պես նկատում է, որ ծնողներն իրեն «լքել» են՝ թողնելով ուրիշի (օրինակ՝ դայակի) մոտ։

Երեխայի հետ վարվեք մեծի պես։ Որևէ տեղ գնալիս երեխային ասեք՝ որքան ժամանակով եք գնում, երբ կգաք ու հավատացրեք, որ անպայման վերադառնալու եք։ Բացի դա, երեխայի մոտ գովեք նրա դայակին, ասեք, որ նա շատ հոգատար ու լավն է։ Երեխայի համար դուք հեղինակություն եք ու եթե դուք դայակի մասին լավն եք խոսում, նա ևս սկսում է սիրել նրան։

Երեխային հիշեցրեք ձեր մասին։ Ձեր որևէ իրը, հագուստը կարող է հանգստացնել երեխային, երբ դուք նրա կողքին չեք։ Գնալիս նրան տվեք ձեր իրերից մեկը կամ հագուստը, կամ գուցե նկարը, որպեսզի երեխան իր մոտ պահի այն մինչև ձեր վերադարձը։ Եթե վստահ եք, որ կոնկրետ ժամի տուն եք վերադառնալու, երեխայի համար զարթուցիչ միացրեք ու ասեք, որ երբ այն «զնգա», դուք տուն կգաք։

Երեխային նախապատրաստեք հրաժեշտին։ Դայակին խնդրեք գալ մեկ ժամ շուտ ու այդ մեկ ժամվա ընթացքում միասին խնամեք երեխային։ Դա կօգնի երեխային աստիճանաբար սովորել դայակի ներկայությանը, իսկ երբ արդեն դուք գնաք, նա այդքան ցավագին չի ընդունի դա։ Իսկ եթե ունեք հնարավորություն, մի քանի օր դայակի հետ տանը մնացեք ու միասին խնամեք երեխային: Այդպես փոքրիկն ավելի հեշտ ու արագ կհարմարվի խնամքի նոր ձևաչափին:

Աղբյուրը՝ www.babycenter.com

 

Գովազդ