Ինչու՞ է երեխան ծծում մատը․ ի՞նչ անել

Խնդիրներ

Մատը բերանը տանելը փոքրիկների մոտ սովորական երևույթ է, սակայն երբեմն մայրիկները սկսում են անհանգստանալ, երբ երեխան անընդհատ, նույնիսկ քնած ժամանակ ծծում է մատը: Մանակբույժ Գոհար Քյարունցը պարզաբանում է պատճառներն ու առաջարկում այն կանխելու միջոցները:

Ո՞ր դեպքում է նորմալ

Ծծելը ռեֆլեքս է, որն ի հայտ է գալիս  ծնվելու պահից  և վերանում է  2 տարեկանից հետո: Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխան սնունդ ստանում է միայն ծծելու միջոցով, այնուհետև օրալ փուլում, երբ երեխան աշխարհը ճանաչում է բերանի միջոցով,  շարունակում է ծծել: Երեխայի այդ ցանկությունը հիմնականում բավարարվում է կրծքի կամ ծծակի միջոցով: Ու եթե այդ երկուսից մեկը ինչ-որ պատճառով հասու չէ, նա սկսում է ծծել մատը: Այն, իհարկե, վտանգավոր չէ։ 

Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ և ի՞նչ միջոցներ ձեռնարկել

Եթե  այս երևույթը շարունակվում է 2 տարեկանից հետո էլ, պետք է պայքարել, որ երեխան դադարեցնի այն:  Այդ նպատակով  հաճախ մատին քսում են դառը, կծու, տտիպ նյութեր, օրինակ ՝ ալոե, պղպեղ, սակայն այս «հնարքը» նախընտրելի չէ, իսկ եթե այլ տարբերակ չի մնացել, ապա թույլատրելի է միայն ցերեկը, քանի որ գիշերը, քնի մեջ զգալով դառը մատը, երեխան կարող է զայրանալ, լացել՝ խանգարելով իր  և ծնողների քունը: Այդ իսկ պատճառով  պետք է պարզապես գիշերը պարբերաբար մատը զգուշորեն հեռացնել բերանից:

Որպեսզի երեխան անընդհատ չծծի մատը, օրվա ընթացքում նրա ձեռքերը պետք է զբաղված լինեն, օրինակ՝ խաղալիքներով, նկարչական պարագաներով, ուտելիքով: Խոսքն, իհարկե, 1 տարեկանից մեծ երեխաների մասին է։ Այս պարագայում երեխան պետք է լինի ծնողի հսկողության տակ։

Հիշե՛ք, սիրելի ծնողներ, ամենակարևորը ձեր բալիկներին շատ ժամանակ տրամադրելն է: Մեծամասամբ մատը ծծում են ուշադրության պակաս ունեցող բալիկները: Հնարավոր է՝ ծծելու հետևանքով մատը փոքր-ինչ դեֆորմացվի: Պետք չէ շատ անհանգստանալ. մի քանի օր չծծելու դեպքում այն նորից կընդունի նախկին տեսքը:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

           

Գովազդ