Ի՞նչ անել, երբ ունեք երեխային կորցնելու վախ

Խնդիրներ

Վախը պաշտպանական գործառույթ ունի, որն օգնում է մեզ զգույշ լինել: Սակայն երբեմն մայրիկների մոտ այն շատ վառ է արտահայտված լինում. նրանք շատ հաճախ ունենում են երեխային կամ ընտանքին  կորցնելու վախ։ Այս պարագայում վախը վերածվում է տագնապի:  Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

Հարկ է նշել, որ վախը դեռևս տագնապ չէ: Տագնապն առավել անորոշ վախ է, ինչ-որ բանի հետ կապված անհանգստություն, որը հանգեցնում այլ մտահոգիչ վիճակների: Այսինքն՝ վախը  կոնկրետ երևույթից պաշտպանվելու մեխանիզմ է, այնինչ տագնապը անորոշակիության հետևանքով առաջացող պաշտպանություն է։ Միայն շնից վախենալը դեռ տագնապ չէ:

Տագնապը մայրիկների մոտ առաջանում է դեռևս հղիության ընթացքում: Սա մայրական բնազդն է, որի ակտիվանալուն զուգահեռ ակտիվանում է նաև փոքրիկին պաշտպանելու բնազդը՝ վախի և զգուշավորության միջոցով: Սակայն հաճախ հղիության ընթացքում տագնապայանությունը զուտ պաշտպանական գործառույթից վերածվում է խնդրի:

Ինչպե՞ս կարող է  արտահայտվել տագնապը, և ինչպե՞ս է այն անդրադառնում երեխայի վրա

Տագնապն արտահայտվում է հետևյալ  կերպ. երբ մայրիկն ամեն ինչ անում է երեխայի անվտանգությունն ապահովվելու համար: Հոգեբանների հետազոտության արդյուքնում  պարզվել է, որ եթե մայրիկը տագնապային է, իր երեխան(երը) դժվար են  գնում մանակապարտեզ: Մոր վախերի, անհանգստությունների հետևանքով երեխան բացասաբար է տրամադրվում նման վայրերի հանդեպ։

 

Ի՞նչ անել

  1. Մի դարձրե՛ք երեխային տագնապային: Երեխայի մոտ պետք է ձևավորել ինքուրույնություն: Իսկ մենք մեր տագնապայնությամբ նրան զրկում ենք այդ հատկանիշն իր մեջ ձևավորելուց: Ավելին՝ իրերի հանդեպ մեր տագնապայնությունը փոխանցվում է երեխային:  Մեր խնդիրն է նրան  սովորեցնել  ինքնուրույնաբար բավարարել իր պահանջմուքնները: Եթե երեխան ցանկանում է ներկել իր դեմքը, ձեռքերը, պետք չէ տագնապի մեջ ընկնել: Եթե ցանկանում է խաղալ մկրատով, ոչ թե պետք է իր տեսադաշտից  հեռացնել այն, այլ օգնել ճիշտ բանեցնել։ Այդպիսով՝ նա կբավարարի իր պահանջմունքը և, օրինակ, մանկապարտեզում մկրատ տեսնելիս չի վերցնի այն ու, չիմանալով՝ ինչպես են օգտագործում, չի վնասի իրեն:
  2. Ճանաչե՛ք ձեր վախը: Մայրիկն ավելի շատ պետք է աշխատի ինքն իր վրա: Տագնապը  կոգնիտիվ (ճանաչողական) բնույթ է կրում, այսինքն՝ նախ պետք է հասկանալ՝  ինչի՞ց առաջացավ իմ վախը,  գուցե  փոքր տարիքի վա՞խ է, ինչու՞  եմ վախենում,  այն  կապված է նրա հետ,  որ երեխայի հետ ինչ-որ վատ բան կկատարվի՞, թե՞ պարզապես այն իմ վախն է, որը պրոեկտում եմ երեխայի վրա:
  3. Նկարե՛ք ձեր վախը:  Եթե մայրիկն ուզում է հստակորեն աշխատել իր վախերի դեմ, պետք է նախևառաջ փորձի  տեսանելի դարձնել այն:  Կարելի է սովորական մատիտով սպիտակ թղթի վրա պատկերել վախը և հասկանալ ՝ ինչի է նման ՝ մարդու՞, կենդանու՞, քառակուսու՞, թե՞ այլ պատկերի: Վախը թղթին արտացոլելուց հետո անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞ր մասն իրեն  դուր չի գալիս:  Եվ այն մասը, որը սարսափելի է,  սուր է կամ բացասական տրամադրություն է փոխանցում, հարկավոր է  դրական դարձնել: Օրինակ՝  այդ մասում ծաղրածու  նկարել կամ դրական այլ բան:
  4. Վստահե՛ք ձեր հարազատներին: Շատ հաճախ վախերի պատճառով մայրիկները երեխային չեն վստահում հարազատներին՝ տատիկին, պապիկին, նույիսկ հայրիկին:
  5. Մի՛ հետապնդեք երեխային: Եթե երեխան մոտակայքում է, մի՛ հետևեք նրան: Պետք չէ անդադար շրջել երեխայի հետևից։

 

Եթե վերոնշյալ խորհուրդներին հետևելուց հետո ևս տագնապը չի նահանջում,  պետք է անպայման դիմի մասնագետի խորհրդատվությանը:

 

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ