Արդյո՞ք ձեր երեխան ունի լոգոպեդի աջակցության կարիք

Խնդիրներ

Յուրաքանչյուր տարիքում երեխան պետք է տիրապետի որոշակի խոսքային կարողությունների։ Եթե հետևենք երեխայի խոսքային զարգացման տարիքային օրինաչափություններին, ապա յուրաքանչյուր տարիքում կարելի է առանձնացնել մի քանի անհանգստանող նշան, որոնց առկայության դեպքում պետք է խորհրդակցել լոգոպեդի հետ։

Ձեզ ենք ներկայացնում այն անհանգստացնող նախանշաները, որոնց դեպքում կարելի է դիմել լոգոպեդի խորհրդատվության։

- Եթե մինչև 1տ․ հասակը երեխայի մոտ բացակայել է գղգղանքը և թոթովանքը, երեխան չի արտաբերում այդ տարիքին բնորոշ ձայնարկություններ, հնչյուններ, վանկեր,

- Եթե երեխան 2տ․ է և ամեն ինչ հասկանում է, սակայն ոչինչ չի փորձում արտաբերել։ Սեփական ցանկությունները արտահայտում է հաղորդակցման այլընտրանքային տարբերակներով՝ ժեստերի միջոցով, լացով, բղավոցով, մեծահասակին ուղղորդում է դեպի ցանկալի առարկան կամ վայրը։

- Եթե երեխան 3տ․ է, սակայն շարունակում է խոսել իր կողմից ստեղծված լեզվով, որը հասկանալի է միայն ընտանիքի անդամներին և անհասկանալի շրջապատի մարդկանց համար։ Անգամ եթե երեխան շատ ակտիվ «բլբլում է», սակայն պարզ հասկանալի բառերը քիչ են, ապա այս ցուցանիշը պետք է լինի անհանգստացնող ազդակ,

- Եթե երեխան 3․5-4տ․ է, սակայն բառերը փոխարինում է ձայնարկություններով․ օրինակ՝ մեքենա՝ «վու-վու», ջուր՝ «բու-բու», ուտել՝ «ամ-ամ», գնդակ՝ «գոլ», տիկնիկ՝ «կու-կու» և այլն։ Հասկանալի է, որ նման ձայնարկություններով երեխան անվանում է հստակ առարկաններ, սակայն չի կարողանում այդ առարկաների ճիշտ անվանումը տալ,

- Եթե երեխան 5տ․ է, սակայն խոսքում առկա են շատ հնչյունների կամ հնչյունախմբերի սխալ արտաբերում փոխարինում (գ-կ, դ-տ, ս-շ, ռ-լ, ր), որի հետևանքով երեխայի խոսքը դառնում է անհասկանալի և աղավաղված,

- Երեխայի խոսքում սկսել եք նկատել կրկնություններ, դադարներ, դժվարությամբ է կարողանում ավարտել բառի արտաբերումը,

- Երեխան 6տ․ է, սակայն չի կարողանում հիշել փոքրիկ բանաստեղծություններ, դժվարանում է պատմել կարճ պատմվածք, բառերի մեջ նկատվում են վանկերի աղավաղումներ, բացթողում, տեղափոխություններ, օրինակ՝ սպիտակ-սիպտակ, նապաստակ- նապակ,

- Եթե երեխան ուսումնական գործընթացում դժվարություններ է ունենում կարդալու և գրելու հետ կապված։ Չի կարողանում յուրացնել տառերը, դժվարություններ է ունենում ընթերցելիս՝ կարդում է տառերով, չի կարողանում տառերը միացնելով կարդալ ամբողջ բառը, կարդում է կամ բառի առաջին վանկը, կամ՝ վերջին։ Դժվարությամբ է գրում տառային, վանկային, բառային թելադրություն, չի հասցնում ավարտել թելադրությունը (հետ է մնում)։ Եթե նման դժվարությունները կրում են կայուն բնույթ և արտահայտվում են տևական ժամանակ, ապա այս դեպքում պետք է դիմել լոգոպեդի։

 

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան («Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն)

 

 

Գովազդ