Մինչև 3 տարեկանը երեխային պետք է հեքիաթ պատմել առանց վախի տեսարանների

Կրթություն

Բոլոր երեխաներն էլ հեքիաթներ սիրում են: Հեքիաթը երեխայի զարգացման գործում նույնքան մեծ նշանակություն ունի, որքան խաղը:

Հեքիաթների միջոցով երեխան ծանոթանում է մարդկային փոխհարաբերություններին, աշխարհի կառուցվածքին, ծանոթանում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են` լավ ու վատ, չար ու բարի, քաջություն, արդարություն, հաղթանակ և այլն: «Հեքիաթի միջոցով երեխան հասկանում է, որ կյանքը լի է հակասություններով: Հեքիաթում կատարվողը երեխային հետաքրքիր է, և նա առանց գիտակցելու ձեռք է բերում իրեն կենսականորեն անհրաժեշտ հմտություններ: Երեխան իրեն նույնականացնում է հեքիաթի քաջ ու անվախ հերոսի հետ, հաղթահարում է բոլոր դժվարությունները, անցնում փորձությունների միջով և նրա հետ վայելում հաղթանակի բերկրանքը»,- ասում է հոգեբան Զառա Նոնինյանը: 

Երեխային հեքիաթ պատմելու ամենաօպտիմալ տարիքը 3 տարեկանն է: Սակայն դա չի նշանակում, թե դրանից շուտ չի կարելի  երեխային հեքիաթ պատմել: Պարզապես պետք է ընտրել համեմատաբար պարզ սյուժե ունեցող հեքիաթներ, որտեղ ի սպառ բացակայում են սարսափելի տեսարանները: Մինչև 3 տարեկան հեքիաթը պետք է պատմել զվարճալի ձևով, ուրախ տրամադրությամբ: Հոգեբան Նոնինյանն ասում է, որ 3-4 տարեկան երեխաներին կարելի է դասական սյուժեով, ժողովրդական հեքիաթներ պատմել, որոնք չպետք է շատ երկար լինեն, այլապես երեխան կձանձրանա և չի ցանկանա լսել մինչև վերջ:

«Երեխաները շատ են սիրում այն հեքիաթները, որոնք վերցված են հենց կյանքից: Հետևաբար նախընտրելի է հեքիաթ հորինել, որտեղ գլխավոր գործող անձը հենց երեխան և իր շուրջը գտնվող խաղալիքները կլինեն: Պետք է հեքիաթը զվարճալի ձևով ներկայացնել: Կարելի է նույնիսկ զվարճալի տեսանկյունից ներկայցնել այդ հերոսին, ծիծաղել նրա վրա: Ծնողը ցանկացած դեպքում պետք է պահպանի այդ կանոնները, որպեսզի երեխան գիշերները մղձավանջներ չունենա: Երեխան չի հասկանում, որ այդ ամենը հորինված է, իրական չէ»,-բացատրում է հոգեբանը:

Հեքիաթի միջոցով երեխան սովորում է իր համար այդ երևայական աշխարհում մտածել, գործել: Դա հիմք է դնում նրա ստեղծագործական աշխատանքին: Հետևաբար անհրաժեշտ  է  անցկացնել «հեքիաթաթերապիա», այսինքն` քննարկել հեքիաթը: Կարելի  է հեքիաթը նկարել կամ բաժանել դերերն ու խաղարկել այն: «Այդկերպ երեխան զգում է, որ ինքը հասկացված է: Այդպիսի  հեքիաթները ցույց են տալիս երեխային, որ պետք է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, որ ուժը հենց իր մեջ է և կողմնակի օգնության սպասել պետք չէ: Այդ միջոցով լուծում են տալիս երեխային, որ պետք է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, որ ուժը հենց իր մեջ է և կողմնակի օգնության սպասել պետք պետք չէ: Այդ միջոցով լուծում են առաջարկում երեխային»,-ասում է հոգեբանը:

 

 

Պատրաստեց Էմմա Պետրոսյանը

Գովազդ