Ի՞նչ թեյ կարելի է տալ փոքրիկներին

Թեյը մարդկությանը հայտնի ամենատարածված  թարմացնող և ջերմացնող ըմպելիքներից է: Եվ ոչ միայն Անգլիայում կամ Արևելքում, այլ նաև ուրիշ երկրներում: Սակայն փոքրիկների համար պատրաստված թեյը պետք է որոշակի պահանջների բավարարի: Այդպես միայն ըմպելիքը փոքրիկի համար օգտակար կլինի:

 

Մանկաբույժները խորհուրդ են տալիս փոքրիկի սննդակարգում թեյն ընդգրկել մեկ տարեկան հասակից սկսած: Սակայն փոքրիկի համար թեյը պետք է գիտակցաբար ու մանրակրկիտ ընտրել, քանի որ թեյի տարբեր տեսակներ  պարունակում են տարբեր կենսաբանական ակտիվ հավելումներ և տարբեր կերպ են ազդում երեխայի օրգանիզմի վրա: Կոֆեինը կարող է գրգռել մանկական փխրուն նյարդային համակարգը, իսկ տանինը նվազեցնել երկաթի յուրացման մակարդակը:

Կոֆեին հատկապես շատ են պարունակում կարմիր և կանաչ թեյերը` մոտավորապես 60-120 մգ  200մլ ըմպելիքում: Սև թեյում դրա պարունակությունն ավելի քիչ է` 40-70 մգ մեկ բաժակում: Իսկ սպիտակ թեյում կոֆեինի պարունակությունը նվազագույնն է` մոտ 5 մգ մեկ բաժակում:  Սակայն սպիտակ թեյի տերևները շատ քիչ են մշակում անցնում, ուստի դրանցում պահպանվում են գերակտիվ նյութեր, որոնք կարող են փոքրիկի մարսողությունը խանգարել: Այդ իսկ պատճառով փոքրիկների  համար ամենանախընտրելին սև թեյն է:

Սակայն հիշեք, որ թեյը կոֆեին է պարունակում ու այն չարաշահել պետք չէ: Նախադպրոցական տարիքի փոքրիկին օրական կարելի է տալ 1-2 բաժակ թեյ: Նաև ցանկալի է, որ փոքրիկը թեյը խմի առավոտյան կամ օրվա ընթացքում, որպեսզի քնից առաջ չգրգռվի:

Փոքրիկի համար պատրաստված թեյը պետք է հնարավորինս թույլ լինի: Ուստի փոքրիկի համար կարող եք հետևյալ չափաբաժնով պատրաստել` 0.5 գրամ թեյի տերև 150 մլ ջրի համար: Նաև հիշեք, որ թեյը փոքրիկին  շատ տաք տալ պետք չէ, որպեսզի հանկարծ նրան չայրեք: Մասնագետները նաև խորհուրդ չեն տալիս թեյին շաքարավազ ավելացնել: Լավագույն դեպքում թեյին կարող եք  անանուխի  տերև կամ 1-2 կաթիլ լիմոնի հյութ ավելացնել (եթե երեխան ալերգիկ չէ): Իսկ 3 տարեկանից բարձր փոքրիկներին կարող եք մեղրով թեյ տալ (բայց հիշեք, որ եռման թեյին մեղր ավելացնել չի կարելի, մեղրն ավելացրեք գոլ վիճակում):

Իսկ եթե ցանկանում եք մինչև մեկ տարեկան փոքրիկին թեյ տալ, ապա նախապատվությունը տվեք բուսական թեյերին: Նրան կարող եք տալ երիցուկի, սամիթի, նանայի թեյ (իհարկե, նախապես մանկաբույժի հետ խորհրդակցելով): Այս բույսերով թեյերը ոչ միայն փոքրիկի ծարավը կհագեցնեն, այլ նաև օրգանիզմի համար դրական ազդեցություն կունենան:

 

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի