Ո՞ր տարիքից և ի՞նչ քանակությամբ է կարելի սպիտակաձավարով շիլա (манная каша) տալ երեխային

Սնունդ

Սպիտակաձավարով շիլան փոքրիկների սիրելի ուտեստներից է: Սակայն որքան էլ այն երեխաներին դուր գա, այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, մինչև 1 տարեկանը և նույնիսկ 1 տարեկանից հետո դրա չափից ավելի օգտագործումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

Ո՞ր տարիքից և ի՞նչ քանակությամբ է կարելի սպիտակաձավարով շիլա տալ երեխային․ պարզաբանում է մանկաբույժ Նոնա Եղոյանը:

Ցանկալի է երեխային սպիտակաձավար տալ 1 տարեկանից հետո, քանի որ այն այդքան էլ շատ  օգտակար նյութեր չի պարունակում։ Բացի դա, նաև դժվարամարս է:  Մինչև 1  տարեկանը երեխայի սննդակարգն առավել օգտակար մթերքներ պետք է պարունակի: Իսկ սպիտակաձավարը պարզապես  լավ նախաճաշ կարող է լինել 1 տարեկանից հետո՝ օրական 125-200 գրամ չափաբաժնով: Սննդակարգի բազմազանությունն ապահովելու համար ցանկալի է երեխային սպիտակաձավարով շիլա տալ շաբաթը  2 անգամից ոչ ավելի, քանի որ այն ունի փորկապություն առաջացնող հատկություն։

 

Ինչպե՞ս պատրաստել

 

Շատ մայրիկներ, սիրում են սպիտակաձավարով շիլան պատրաստել կաթով, որովհետև այդպես համեղ է: Օգտակարության առումով այստեղ տարբերություն չկա, այնպես որ դուք ընտրեք՝ կաթո՞վ, թե՞ ջրով: Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել՝ երեխան կաթի նկատմամբ ունի՞ ալերգիա, թե՞ ոչ։ Եթե այո, ապա միանշանակ ջրով պետք է պատրաստել:

Իսկ եթե փոքրիկը շատ է սիրում սպիտակաձավարով շիլա և ամեն օր ցանկանում է ուտել, կարելի է այն փոխարինել կաթով պատրաստված ցանկացած հատիկաձավարով շիլայով, օրինակ՝ վարսակի փաթիլներով կամ հնդկաձավարով:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ