Ո՞ր տարիքից է կարելի փոքրիկին աղացած միս տալ և ի՞նչ տեսքով

Սնունդ

6 ամսականից սկսած՝ փոքրիկների սննդակարգի մեջ միսը պետք է զբաղեցնի կարեւոր տեղ: Մանկաբույժ Գոհար Քյարունցի օգնությամբ փորձեցինք պարզել՝ կարելի է, արդյոք, աղացած միս տալ մանկահասակ երեխային և եթե այո, ապա որ տարիքից ու ինչպես։

Կարելի՞  է, արդյոք, աղացած միս տալ փոքրիկին։

 Մինչև 1 տարեկանը խորհուրդ չի տրվում երեխային աղացած միս տալ։ Բանն այն է, որ աղացած մսի մեջ բակտերիաները արագ են  զարգանում, և վարակների վտանգ կարող է լինել, իսկ 0-1 տարեկան երեխայի աղեստամոքսային հակ  դեռևս լավ ձևավորված չէ, և աղացած միսը կարող է վատ անդրադառնալ փոքրիկի աղեստամոքսային համակարգի վրա:

Մինչև 1 տարեկանը ի՞նչ տեսքով մատուցել միսը փոքրիկին։

Միս պետք է տալ 6-7 ամսականից: Մինչև 1 տարեկանը ցանկալի է միսը խաշել , այնուհետև աղալ և ավելացնել բանջարեղենային կամ այլ խյուսերի եւ շիլաների մեջ, օրինակ՝ բրնձի, հնդկաձավարի։

Կարելի՞ է աղացած միսը տապակած վիճակում  տալ երեխային։

Մինչև 2 տարեկանը չի թույլատրվում: Ցանկալի է տապակած միս տալ 2 տարեկանից հետո:

Շաբաթական քանի՞ անգամ է ցանկալի միս տալ փոքրիկին։

Ցանկալի է շաբաթը  5 անգամ միս տալ՝ 50 գրամի չափով: Պետք է միսը աղալ տանը, քանի որ աղալուց առաջ այն հարկավոր է մի լավ լվանալ:

Ի՞նչ անել, եթե երեխան միս չի սիրում։

 Առհասարակ, միս չսիրող երեխային այն պետք է տալ  սիրելի մթերքի հետ խառնած։ Միսը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմին: Իսկ եթե երեխան մսից կտրականապես հրաժարվում է, ապա պետք է երկաթի  պաշարները լրացնել վիտամինների միջոցով։

 

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ