Ո՞ր տարիքից կարելի է երեխային ձմերուկ տալ. մասնագետները տարակարծիք են

Սնունդ

Ո՞ր տարիքից կարելի է երեխաներին ձմերուկ տալ. այս հարցը հետաքրքրում է շատ մայրիկների:

Հարցի առնչությամբ մանկաբույժները տարակարծիք են: Մի մասը պնդում է, որ մինչև մեկ տարեկանն էլ է թույլատրելի երեխային ձմերուկ տալ, իսկ մյուս մասը կարծում է, որ, առհասարակ,  մինչև 1 տարեկանը պետք է բացառել ձմերուկի օգտագործումը: Այս թեմայի շուրջ «Իմ փոքրիկը» զրուցել է Գրիգոր Նարեկացի ԲԿ-ի մանկաբույժներ Մարի Դարակչյանի և Էմմա Մելիքյանի հետ:

Մանկաբույժ Մարի Դարակչյանի խոսքով՝ չկա տարիքային որևէ սահմանափակում ձմերուկ ուտելու համար: Այսինքն՝  երեխային կարելի է ձմերուկ տալ նունիսկ մինչև մեկ տարեկանը: Մեկ տարեկանից հետո էլ  կարելի է այնքան ձմերուկ, որքան ուզում է փոքրիկը (անշուշտ, չարաշահել չի կարելի), քանի որ չկան հակացուցումներ: Իհարկե, երբեմն մայրիկները, անվտանգությունից ելնելով, խուսափում են երեխաներին ձմերուկ տալ՝ մտածելով, որ այն կարող է թունավորումների և այլ խնդիրների  պատճառ դառնալ, սակայն նման մոտեցումը, ըստ  մասնագետի, այնքան էլ արդարացված  չէ: Իհարկե, եթե կա փորլուծություն, կամ երեխան այլ առողջական խնդիրներ ունի, պետք չէ երեխային ձմերուկ տալ: Բայց  մնացած այլ դեպքերում, ըստ Դարակչյանի, պետք չէ վախենալ ձմերուկից, այն որևէ վնասակար հատկություն չունի:

Դարակչյանն, առհասարակ, այն կարծիքին է, որ մինչև մեկ տարեկան երեխային, բացի կովի կաթից, մեղրից, շաքար և աղ պարունակող կերակուրներից, որևէ այլ սննդատեսակ հակացուցված չէ, քանի որ չկա որևէ լուրջ գիտական հիմնավորում, որ փոքրիկին այս կամ այն մթերքը՝ այս դեպքում ձմերուկը,  հակացուցված է:

Իհարկե, կա նաև հակառակ տեսակետը: Մանկաբույժներից շատերն էլ պնդում են, որ երեխային ձմերուկ կարելի է տալ միայն 2 տարեկանից հետո: Սակայն Դարակչյանի խոսքով՝ այն այնքան էլ լուրջ հիմնավորում չունի, պարզապես մայրիկները անհանգստանում են, որ երեխան կարող է թունավորվել կամ փորլուծություն ունենալ: Այս դեպքում հարկավոր է պարզապես չչարաշահել այն։

Մանկաբույժ  Էմմա Մելիքյանի խոսքով՝ երեխային մինչև 1 տարեկանը ցանկալի չէ ձմերուկ տալ, քանի որ այն հիմնականում արևի տակ է պահվում, ինչի հետևանքով թունավորումների և մարսողական խանգարումների հավանականությունը մեծանում է:

Մելիքյանի խոսքով՝ երեխաներին արդեն 1 տարեկանից հետո կարելի է ձմերուկ տալ, սակայն ճիշտ չափաբաժնով՝ սկզբում ոչ ավել, քան 10 գրամ (1 թեյի գդալ): Այնուհետև քիչ-քիչ կարելի է չափաքանակն ավելացնել, օրինակ՝ 1 տարեկան փոքրիկներին օրական առավելագույնը կարելի է 50-60 գրամ տալ: 

Այնուամենայնիվ, մանկաբույժները մեկ հարցում միակարծիք են. ձմերուկի օգտագործումը փոքրիկի սննդակարգում անհատական բնույթ է կրում: Մայրիկներն ինքներն են որոշում՝ տա՞լ, թե՞ չտալ ձմերուկ՝ հաշվի առնելով վերը նշված կարծիքները, ինչպես նաև փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու առողջապահական գերատեսչությունների սահմանած նորմերի համաձայն՝ 6 ամսականից սկսած՝ փոքրիկը կարող է օգտվել բոլոր բնական մթերքներից, բացի բնական կաթից, մեղրից, աղից ու շաքարից, ինչպես նաև ապխտած ու պահածոյացված կերակուրներից։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

 

Գովազդ