Ի՞նչ սնունդ տալ երեխաներին, որպեսզի դիմակայեն կորոնավիրուսին․ մասնագետի խորհուրդները

Սնունդ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է Ուիգմոր Քլինիքի մանկաբույժ Աիդա Պապիկյանի հետ։

Գարունն իր հետ մշտապես վիրուսային և շնչառական հիվանդություններ է արթնացնում, սակայն վերջին մեկ ամսում Հայաստան ներթափանցած նոր տիպի կորոնավիրուսը՝ Covid-19-ը, շատ ծնողների համար նոր հարցեր է առաջ բերում՝ ինչ սնունդ տալ երեխաներին, ինչն է առավել օգտակար վիրուսից զերծ մնալու համար։

Ճիշտ է, երեխաներն այս վիրուսից ինչ-֊որ չափով պաշտպանված են, բայց, ինչպես բոլոր վիրուսների, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում իմուն համակարգը առողջ պահելու համար մասնագետը երեխաների համար խորհուրդ է տալիս բալանսավորված սնունդ, անկախ այն բանից՝ մենք էպիդեմիայի մեջ ենք, թե ոչ։

Մասնագետի խոսքով՝ այն պետք է ներառի բավականաչափ միրգ, բանջարեղեն, սպիտակուց, ինչպես նաև անհրաժեշտ ածխաջրեր պարունակող սննդամթերք։ «Կորոնավիրուսի կամ էպիդեմիայի հետ կապված որոշակի սննդային առանձնահատկություններ, ըստ էության, չկան։ Ինչ վերաբերում է հեղուկներին, ապա ամենից շատ ցանկալի է ջուր օգտագործել, իսկ հյութի փոխարեն հենց բանջարեղենը կամ միրգը (խնձոր, տանձ, կիվի, նուռ
բրոկոլի, բազուկ, դդմիկ), այլ ոչ թե դրանցից ստացված հյութը»,-ասում է Պապիկյանը։  

Մասնագետը նշում է, որ այս ցուցումները կապված չեն հատուկ որևէ վիրուսի հետ։ Հատուկ ցուցումներ չկան նաև սննդի մշակման հետ կապված։ Մասնագետն ասում է՝ պետք է շարունակել մշակել այնպես, ինչպես միշտ է կատարվում՝ լավ լվացման միջոցով։ «Բոլոր բանջարեղենները և այն սննդատեսակները, որոնք շփվում են հողի հետ, պետք է շատ զգուշությամբ և մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, որից հետո ախտահանել մակերեսները, որոնց հետ սնունդը շփվելու է։ Չմոռանալ ձեռքերը նույնպես լվանալ»,-ասում է բժիշկը՝ ընդգծելով, որ խոհուրդ է տրվում առավելություն տալ սեզոնային մրգերին և բանջարեղենին։

Ինչ վերաբերում է վիտամիններին, մասնագետն ասում է, որ «վիտամինային կոմպլեքսներ խորհուրդ չի տրվում, եթե երեխան չունի հաստատված վիտամինային դեֆիցիտ, կամ լրացուցիչ վիտամիններ ստանալու ցուցում չկա։ Ըստ նրա՝ բացառություն են, իհարկե, եզակի դեպքերը (օրինակ՝ վիտամին D)։

Աիդա Պապիկյանը խորհուրդ չի տալիս երեխաներին թեյ տալ։ «Ո՛չ կանաչ, ո՛չ սև, ո՛չ անգամ հատուկ մանկական թեյերը խորհուրդ չեն տրվում։ Առհասարակ թեյը և հյութը լավ ըմպելիքներ չեն երեխաների համար։ Հեղուկի աղբյուրը պետք է լինեն ջուրը և կաթը, եթե, իհարկե, երեխան չի հրաժարվում կաթից»,-ասում է նա։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ