Ինչու՞ են վիտամիններն անհրաժեշտ փոքրիկին, ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով պետք է ընդունի

Սնունդ

Փոքրիկի դիմադրողականությունը դարձել է փխրուն, իսկ թուլությունը՝ նրան ուղեկից: Սա երեխայի օրգանիզմում վիտամինների պակասի մասին կարող է ազդարարել: Վիտամիններն օգնում են օրգանիզմին, երբ ներմուծվում են սննդի միջոցով: Սակայն դեղահաբի տեսքով վիտամինի ընդունումն արդեն այլ պայմաններ է թելադրում:

Վիտամինների նշանակության և ընդունման կանոնների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանի հետ:   

 

Ի՞նչ կարևորություն ունեն վիտամինները փոքրիկի օրգանիզմի համար:

Վիտամիններն անհրաժեշտ են մարմնի աճի, մազերի, ուղեղի, մտավոր կարողությունների զարգացման համար: Վիտամին A-ն ու B-ն օրգանիզմի աճին մասնակցող պարտադիր բաղադրիչներ են:  Վիտամին B-ն, մասնավորապես, անհրաժեշտ է  հասունացման շրջանում: Մասնակցում է մազերի, ոսկրամկանային համակարգի զարգացմանը: Վիտամին C-ի արդյունավետ հատկությունն այն է, որ մեծացնում է երկաթի ներծծումը: Շատ երեխաներ տառապում են անեմիայով՝ սակավարյունությամբ, ինչը պայմանավորվում է նաև օրգանիզմում առկա երկաթի նվազ քանակով: Երբ դրա բուժման նպատակով երեխային նշանակում են երկաթի պրեպարատներ, պարտադիր հավելում են՝ փոքրիկին շատ տվեք վիտամին C պարունակող սնունդ: Այսինքն՝ վիտամինները նպաստում են միկրոէլեմենտների ներծծման պրոցեսների ակտիվացմանը: Բազմաթիվ կարևոր գործողություններ առանց վիտամինների պարզապես չեն կարող իրագործվել:  

 

Կա՞ն վիտամիններ, որոնց նշանակումը կանխարգելիչ բնույթ է կրում:

Վիտամինը միայն սննդի տեսքով պիտի ներմուծվի օրգանիզմ, եթե դրա մեծ պակաս չկա: Պակասը հնարավոր է բացահայտել համապատասխան հետազոտությունների միջոցով և բուժել: Առանձնացնենք վիտամին D-ն, որը պարտադիր պետք է բոլոր երեխաներին  նշանակել՝  ռախիտ հիվանդության կանխարգելման նպատակով: Վերջինս ոսկրային հիվանդություն է: Վիտամին D-ն, նախ, սինթեզվում է մաշկի մեջ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մոտեցումը, որ արևոտ երկրներում ապրող երեխաներին պրոֆիլակտիկ նպատակով վիտամին D-ի նշանակում պետք չէ, սխալ է: Հնարավոր չէ կանխատեսել, թե երեխայի մոտ ինչպես կընթանա սինթեզի գործընթացը, կսինթեզվի ակտիվ վիտամին D, թե ոչ: Պրոֆիլակտիկ դոզան պետք է նշանակվի փոքրիկի կյանքի առաջին տարում: Ըստ մանկաբույժի որոշման՝ կարող է լինել նաև մինչև 2 տարեկանը: Չմոռանանք վիտամին K-ի մասին: Դրա պրոֆիլակտիկ նշանակումը ևս արվում է, բայց նորածնային շրջանում /0-28 օրական/: Դա իրականացվում է  գլխուղեղային արյունազեղումների կանխարգելման նպատակով:  

 

Շարունակելի 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ