Մեկ տարեկանի ճգնաժամ․ առանձնահատկությունները, ընթացքն ու հաղթահարումը

1-3տարեկան

Ներկայացնում է Գալուստ Գյուլբենկյանի անվան հ190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանը։ 

Երբեմն մայրիկները տարակուսում և անհանգստանում են, երբ փոքրիկները չեն ենթարկվում, հուզվում են կամ անում հակառակ գործողություններ։

Անհանգստանալու կարիք այդքան էլ չկա, քանի որ թվարկված երևույթները կարող են լինել տարիքային ճգնաժամի դրսևորման ձևեր։ Իսկ ճգնաժամն ինչ-որ տեղ համարում ենք երեխայի զարգացման ցուցիչ, քանի որ այդ ընթացքում բալիկը ձեռք է բերում հմտություններ ու առավել հեշտ ադապտանում միջավայրին։ Տվյալ պարագայում շատ կարևոր է, որպեսզի ծնողը հասկանա՝ ինչ է կատարվում երեխայի հետ և օգնի նրան հաղթահարել ճգնաժամը։

Բեկումնային փոփոխություններն առաջին հերթին արձանագրվում են մեկ տարեկանում։ 1 տարեկանի ճգնաժամը հիմնականում կապվում է երեխայի ֆիզիոլոգիական, նյարդային համակարգի ինտենսիվ զարգացման հետ և հիմքում կրում հակասականությունը։ Մի կողմից բալիկն ավելի է կապվում մայրիկի հետ, ընտրողական վերաբերմունք ցուցաբերում շրջապատի նկատմամբ, ոչ բոլորի մոտ գնում և սովորականից շատ լաց լինում, մյուս կողմից՝ փորձում է ինքնուրույնանալ։  Վերջինիս նպաստում են այն հանգամանքները, որ փոքրիկն արդեն տարածության մեջ տեղաշարժվելու, իրեր վերցնելու և մի սենյակից մյուսն անցնելու հնարավորություն է ունենում։ Ձեռք բերված հմտությունները նրան թույլ են տալիս հակառակվել ու ցույց տալ «ոչ, ես ինքս կանեմ» արտահայտությանը համարժեք գործողություններ։  Փոքրիկը փորձում է անկախ լինել, բայց և կախված է մնում մայրիկից։  Կախվածության ձգտումն էլ առաջանում է արտաքին աշխարհին վստահել-չվստահելու խնդրի արդյունքում։ Անվստահության և հուզականության  արտահայտման պատճառներից մեկը կարող է լինել ծնողի հետ շատ չշփվելը։ Երբ մայրիկը երկար բացակայում է տանից, ժամանակ չի անցկացնում բալիկի հետ, երեխայի մոտ առաջ են գալիս տագնապներ ու ծնողին կորցնելու վախ։ Ուստի էական է, որ մինչև 1,5 կամ 2 տարեկանը երեխան լիարժեքորեն զգա իր կողքին մայրիկի ներկայությունը։    

 

1 տարեկան երեխայի հետ հաղորդակցվելիս հարկավոր է օգտագործել պարզ բառապաշար և ոչ բարդ հրահանգներ։ Այս տարիքում երեխայի հուզական կայունությունը մեծամասամբ կախված է մայրիկից։ Որքան մայրիկը հանդարտ է, հանգիստ է արձագանքում, այնքան երեխան խաղաղ է լինում։ Փոքրիկի համար, նախ, կարևոր է մայրիկի խոսքի տոնը, հետո միայն բովանդակությունը։ Երբ բալիկը հակառակվում է, պետք է խոսել նրա հետ՝ ինչպես հավասարը հավասարի։ Կարելի է կռանալ, գրկել նրան ու նայել աչքերի մեջ, ասել՝ «տեսնում եմ՝ տխրել ես», «զգում եմ, թե որքան ես նեղվում», «հասկանում եմ, թե ինչու ես ամաչում»։   Զգացմունքների հայելացումը կարևոր տեխնիկա է, որը պետք է շատ մայրիկներ յուրացնեն։ Հարկավոր է ապահովել երեխայի ակտիվ խաղերը, զարգացնել մանր մոտորիկան, օգնել դժվար պահերին և հաճախ գրկել։

 

Ճգնաժամը կարող է տևել մինչև 2 տարեկան, որին հաջորդում է արդեն 3 տարեկանի ճգնաժամը։ Բալիկներ կան, որոնց մոտ ընդհանրապես աննկատ է անցնում, որովհետև նրանց ընտանիքներում կա ընդառաջ գնալու և պահանջմունքները բավարարելու միտում։  Իսկ այդ շրջանում երեխայի գլխավոր պահանջմունքը ինքնուրույն լինելու ցանկությունն է։ Այն խթանելու համար կարելի է անվտանգ տարածք ստեղծել ու թողնել, որ բալիկը գործի։ Փոքրիկ առարկա տեղափոխելն էլ երեխայի համար մեծ հաղթանակ կլինի։  Անհրաժեշտ է  ոչ միայն խթանել նրա հետաքրքրությունները, այլև տալ նրան ապահովության զգացում։ Ցանկալի է, որ այս ողջ ընթացքում մայրիկին ձեռք մեկնեն, քանի որ նրա ուսերին դրված մեծ պատասխանատվությանը գումարվում են հոգնածությունն ու անքուն գիշերները։ Մայրիկին անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի վերականգնվի և թարմ ուժերով շարունակի փոքրիկի մասին հոգ տանելը։             

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան