Ե՞րբ կարելի է փոքրիկին կովի կաթ տալ, որքա՞ն և ինչպե՞ս

1-3տարեկան

Ո՞ր տարիքից սկսած կարելի է երեխային կովի կաթ տալ, մինչև 1 տարեկան բալիկին այն կարելի՞ է, մեկ տարեկանից բարձր երեխաներին որքա՞ն կաթ առաջարկել և ե՞րբ։  «Իմ փոքրիկ»-ի այս հարցերին պատասխանել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը: 

Մինչև մեկ տարեկան երեխաների համար լավագույն սնունդը մայրական կաթն է, և չի էլ թույլատրվում նրանց տալ կովի կաթ, քանի որ վերջինիս բաղադրությունն էականորեն տարբերվում  է մայրական կաթի բաղադրությունից: Կովի կաթի կալորիականությունն առավել բարձր է, նրանում բացակայում են մայրական կաթում առկա հակամարմինները: Բացի այդ, կովի կաթում բարձր է ֆոսֆորի պարունակությունը` ի տարբերություն մայրական կաթի, ինչը կարող  է հանգեցնել կալցիումի փոխանակության խանգարման և նպաստել օրգանիզմից կալցիումի արագ դուրսբերմանը, դրա արդյունքում էլ լուրջ խնդիրների ծագման: Նրանում ցածր է երկաթի պարունակությունը, որը կարող է փոքր երեխայի մոտ բերել անեմիայի առաջացման: 

Բալիկի ռացիոն կովի կաթի ժամանակից շուտ ներմուծումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների: Այս իսկ պատճառներով մինչև մեկ տարեկանը պետք չէ բալիկին կովի կաթ տալ: Եթե կա որևէ խնդիր մայրական կաթի հետ կապված, ապա ցանկալի կլինի կիրառել ադապտացված, արհեստական կաթնախառնուրդներ: Մեկ տարեկանից հետո կարելի է երեխայի սննդակարգում ավելացնել կովի կաթը, սակայն անհրաժեշտ է սկսել քիչ քանակից: Ավելին՝ ցանկալի կլինի, որ սկսենք կաթին ջուր խառնելով՝ 1/3 հարաբերությամբ: Յուղայնությունը նվազեցնում ենք, ավելի թեթև ենք դարձնում կաթը, և այն ավելի հեշտ է մարսում փոքրիկի մարսողական համակարգը: Կարող ենք կիրառել շիլաների հետ զուգակցված տարբերակով և օրվա ընթացքում մոտավոր 200 միլիլիտր:

Երեք տարեկանից բարձր երեխաներին կարելի է կովի պաստերիզացված կաթը տալ որպես առանձին սնունդ մինչև երկու չափաբաժին քանակով, այսինքն՝ 400 միլիլիտր: Ճիշտ կլինի կաթը խմել առավոտյան կամ ցերեկային ժամերին, ոչ` երեկոյան, քնելուց առաջ: