Մինչև քանի՞ տարեկանը փոքրիկը կարող է ծնողների հետ նույն անկողնում քնել․ պարզաբանում է հոգեբանը

1-3տարեկան

Շատ են դեպքերը, երբ ծնողները, ցանկանալով նվիրել իրենց ժամանակն ու հոգատարությունը բալիկին, սկսում են քնեցնել նրան իրենց անկողնում։ Հստակ պատասխանն այն հարցի՝ խրախուսելի՞ երևույթ է սա, թե՞ ոչ, չկա։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանի ուղղորդմամբ՝ հարկավոր է դիտարկել հարցի դրական և բացասական կողմերը։

Ծննդին հաջորդող ինն ամսում ձևավորվում է ծնող-երեխա ամուր հոգեբանական կապը, և զույգերը, որոնք նորածնի հետ համատեղ քուն են կազմակերպում, սկսում են առավել լավ հասկանալ փոքրիկի պահանջմունքներն ու պատկերացնել ծնողավարման ճանապարհը։ Համատեղ քունը մայրիկին հնարավորություն է տալիս գիշերվա ընթացքում շատ չտեղաշարժվել, անհրաժեշտության դեպքում միանգամից կերակրել բալիկին, ապահովության զգացում փոխանցել նրան և անձամբ հանգիստ լինել։ Սա նպաստում է նաև կնոջ օրգանիզմում կաթի արտադրությանն ու լակտացիայի կարգավորմանը։ Փոքրիկի մոտ վախերի առաջացման հավանականությունը հավասարվում է զրոյի, և նա ծնողի կողքին զգում է իրեն շատ լավ, ինչի արդյունքում բարձրանում է նաև նրա քնի որակը։ «Անվտանգության կանոնների պահպանումն օգնում է երեխային արագ հարմարվել նոր պայմաններին։ Մինչև 1 տարեկան երեխայի հետ համատեղ քուն կազմակերպելու պարագայում ծնողները պետք է բարձերն ու ծանր ծածկոցները դուրս հանեն մահճակալից։ Խեղդվելու վտանգը կանխելու համար անհրաժեշտ է երեխային ուղիղ պառկեցնել»,- ասում է հոգեբանն ու ավելացնում՝ ոչ մի դեպքում չպետք է մոռանալ սենյակի օդափոխման և հիգիենիկ պայմանների պահպանման մասին։

Համատեղ քունը կարող է երբեմն էլ վնասել կին-տղամարդ հարաբերությունների լիարժեք արտահայտմանը։ Սակայն երբ երկու ծնողներն էլ ունեն գիտակցված ծնողավարում, հասկանում են՝ դա ժամանակավոր է։ Նաև այն, որ երեխան շարժուն է, անհանգիստ է քնում ու իրենց քունը խանգարում։

Նորմալ է, եթե մինչև մեկ ու կես տարեկանը երեխան քնի ծնողի հետ նույն անկողնում։ Դրանից հետո հարկավոր է նրան քայլ առ քայլ հեռացնել ծնողների ընդհանուր մահճակալից, սովորեցնել ինքնուրույն քնել՝ ապահովելով համապատասխան միջավայր։ Բալիկի համար կարելի է ընտրել հաճելի ու հետաքրքիր մահճակալ։ Եթե նրան առանձնացնել առաջին մեկ ամսում չի ստացվում, և բախվում ենք երեխայի քմահաճ պահվածքին, ապա գործ ունենք կապվածության հետ։ Երեխան չի ընկալում իր սահմանները։ Այո՛, համատեղ քունը կարող է խախտել ծնող-երեխա սահմանը՝ անկախ նրանից, որ երկու կողմին տալիս է հանդարտություն։ Փոքրիկին հարկավոր է սովորեցնել, որ ծնողն էլ ունի իր անձնական տարածքը, իրենք առանձին էակներ են։