Մանկապարտեզում փոքրիկը հարվածում է մյուս երեխաներին․ ո՞րն է պատճառը և ինչպե՞ս վարվել

1-3տարեկան

Մայրիկը և հայրիկը մտահոգվում են, քանի որ փոքրիկը մանկապարտեզում աչքի է ընկնում վատ վարքագծով՝ հարվածում է մյուս երեխաներին: Ընթացքում պարզ է դառնում, որ երեխայի ագրեսիվ պահվածքի  պատճառը փոքրիկների՝ իր խաղալիքներին դիպչելու փաստն է:

Ի՞նչն է ստիպում բալիկին այդպես արձագանքել, ինչպե՞ս բացատրել նրան՝ դիմացինին նեղացնել և ցավ պատճառել չի կարելի, ինչպե՞ս հասկացնել՝ ունեցածը կարելի է կիսել, և ի՞նչ կլինի, եթե տվյալ պահին ծնողները պատշաճ ուշադրություն չդարձնեն տվյալ երևույթին: Այս հարցերի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ը փորձել է պարզել «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանից։

Մասնագետը նկատում է, որ եթե ծնողները հենց սկզբից երեխային չսովորեցնեն միակողմանի գործել՝ միայն հարձակվել կամ զիջել, ուզածը չստանալու դեպքում  ձեռնարկել ցանկացած քայլ, նույնիսկ գնալ ֆիզիկական ուժի գործադրման, այլ սովորեցնեն, որ պետք է փոխգործունեության մեջ մտնել շրջապատի մարդկանց հետ, խնդիրներ չեն ծագի կամ ծագելու պարագայում հեշտորեն կլուծվեն: «Խնդրի առաջացումից հետո չի կարելի սաստիկ բարկանալ երեխայի վրա այլ մարդկանց ներկայությամբ և խիստ արգելքներ սահմանել, քանի որ տվյալ դեպքում նրա ագրեսիան մարելու փոխարեն կաճի:  Փոքրիկն ու ծնողը պետք է առանձին զրուցեն: Շատ երկար  խոսելու և բացատրելու անհրաժեշտություն չկա, որովհետև նա չի կարողանա այդքանը լսել ու յուրացնել, նրա մոտ արգելակում առաջ կգա: Պետք է միայն ասել՝ ինչու չի կարելի կռվել, խփել, և խաղերի միջոցով սովորեցնել փոխհամաձայնության գալ, պահպանել հարգանքը ծնող-երեխա հարաբերություններում, որը կտեղափոխվի նաև մյուս հարթություններ»,- ասում է հոգեբանը:

Կգտնվեն ծնողներ, որոնք կտարակուսեն՝ ինչու՞ փոքրիկն իրենց դիտողությունները չի ընդունում: Այստեղ կարևոր է, թե դիտողություն ասելով ինչ է հասկանում ծնողը: Եթե նա հրամայում է, պարտադրում է բալիկին, ապա միանշանակ հնարավոր է՝ երեխան չընկալի: Փոքրիկն էլ ունի իր «ես»-ը և չընդունելով ծնողի կոպիտ տոնը՝ մտածում է՝ «ես կայացրել եմ իմ որոշումը»: Հարկավոր է կարճ, հանգիստ խոսել ու գործնականորեն ցույց տալ: Օրինակ՝ կարելի է երեխային ասել՝ «մի քիչ դու խաղա այս տիկնիկով կամ մեքենայով, ապա՝ ես», «իմ խաղալիքով կարող ես խաղալ, ես էլ կարո՞ղ եմ քոնը վերցնել»:

Իրավիճակի լուծման արդյունավետությունը և արագությունը կախված են ծնողի ոչ մեղադրական վերաբերմունքից, նրա և մանկապարտեզի դաստիարակի համատեղ ջանքերից: Ծնողները պետք է ձգտեն ամենօրյա շփման միջոցով երեխային փոխանցել ճիշտ որակներ ու վերլուծեն՝ հաղորդակցման ի՞նչ տարբերակներ են գործածում, ագրեսի՞վ են պահում իրենց, ի՞նչը կարող են շտկել: Սա կարևոր է այնքանով, որ ծնողը գուցե ագրեսիա դրսևորի երեխայի հանդեպ, իսկ փոքրիկը, ծնողից վախենալով, այդ պահին ոչինչ չարտահայտի և հետո տարածի դա ընկերների վրա: Խնդիրը չպետք է անուշադրության մատնվի, քանի որ լուծում չստանալու պարագայում կարող է  ձևավորվել ու դառնալ հատկանիշ, տեղափոխվել դպրոց և հիմք ստեղծել բուլիինգի համար: