Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները․ Panorama.am

1-3տարեկան

Շոգ եղանակը բացասաբար է անդրադառնում ոչ միայն տարեցների, այլև երեխաների վրա, քանի որ նրանց համար ևս հեշտ չէ դիմանալ բարձր ջերմաստիճանին։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Գևորգյանն ասում է, որ շոգին դիմակայելու համար շատ կարևոր է հետևել ընդունված հեղուկների քանակին և հագուստին։ Ըստ մասնագետի՝ երեխաներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ տալ, որպեսզի նրանք չջրազրկվեն։ Չի կարելի տալ քաղցր գազավորված ըմպելիքներ, դրա փոխարեն նրանք կարող են քիչ քանակությամբ հանքային ջուր խմել։ Հագուստը պետք է լինի թեթև, պատրաստված բնական գործվածքներից։ «Հագուստի ընտրությունը էական է հատկապես մանկահասակ երեխաների համար, քանի որ նրանց մաշկը նուրբ և զգայուն է։ Եթե բալիկները դրսում են, ապա նրանց պետք է հագցնել երկարաթև վերնահագուստ, բամբակյա կտորից տաբատ»,- նշում է մանկաբույժը։ Նա ավելացնում է, որ բալիկներին հավասարակշռված, դյուրամարս սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ։ Սննդակարգում պետք է լինեն շիլաներ, միս, բանջարեղեն և մրգեր, որոնք հարկավոր է մի քանի րոպե լվանալ հոսող ջրի տակ։ 

Հաշվի առնելով արևի ճառագայթների ազդեցությունը՝ պետք չէ 12։00-17։00-ի միջակայքում գնալ բակ խաղալու կամ դուրս գալ զբոսնելու։ Երեխան կարող է արևահարվել։ Արևահարման նշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումը, արտահայտված թուլությունը, ջերմության բարձրացումը։ Անհրաժեշտ է զբոսանքը կազմակերպել առավոտյան մինչև 10։00-ն կամ երեկոյան 18։00-ից հետո։ 

 

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում