Ինչու՞ երեխան չի խոսում. ե՞րբ է պետք անհանգստանալ և ի՞նչ պետք է անել

Խնդիրներ

Եկեք քննարկենք մի քանի պատճառ, թե ինչու են երեխաներն ուշ խոսում:

Երեխայի կյանքի և միջավայրի  փոփոխություն, ծկլթու՞մ է երեխայի ատամիկը կամ նա հիվա՞նդ է, գնու՞մ է, արդյոք,մանկապարտեզ, մեկնու՞մ է ճանապարհորդության կամ մշտական բնակության այլ երկիր: Այս բոլոր  իրավիճակները կարող են բացասաբար ազդել երեխայի խոսքի զարգացման վրա: Ավելին՝ որոշ դեպքերում խոսքը կարող է նաեւ նահանջել:

Խոսքի բացակայություն. սա կարող է դրսեւորվել երկու տարբեր իրավիճակներում. առաջին՝ երբ երեխան քիչ է շփվում մարդկանց հետ, փոխարենը երկար ժամանակ  է անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ:  Երկրորդ՝ երեխան, գտնվելով մարդկանց շրջանում և շփվելով նրանց հետ, հաղորդակցվում է ժեստերի միջոցով: Այս դեպքում ծնողներին խորհուրդ է տրվում չարձագանքել և ձևացնել, իբրև թե  չեն հասկանում:

Զարգացման շեղումներ. սա կարող է հաստատել միայն  բժիշկը՝ հետազոտության արդյունքում: Եթե արձանագրվում են շեղումներ, պետք է ոչ թե խուճապի մատնվել, այլ զինվել համբերությամբ և օգնել փոքրիկին խոսել:

Հատուկ դեպքեր. այս խորագրի ներքո կարելի է դիտարկել տարբեր իրավիճակներ, օրինակ՝ տարբեր լեզուներով խոսող ծնողների երեխաները սովորաբար ավելի ուշ են սկսում խոսել: Երկվորյակ երեխաները շատ հաճախ ստեղծում են իրենց սեփական լեզուն և հաղորդակցվում միմյանց հետ: Այս դեպքում երեխաների համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ և դուրս բերել լայն հասարակություն՝ հնարավորություն ընձեռելով նրանց շփվել այլ մարդկանց հետ:

Ծանոթություն լեզվի զարգացման խնդիրների հետ.

Երեխան 1.5 տարեկան է.

  • Չի արտաբերում որեւէ բառ անգամ այն դեպքում, երբ դուք անդադար խոսում եք նրա հետ:
  • Առհասարակ չի արձագանքում բանավոր խոսքին, միայն իր ուզածը հասկացնում է մատների միջոցով:
  • Շփվում է միայն ժեստերի ու լացի միջոցով:

Երեխան 2 տարեկան է.

  • Չի հասկանում իրեն ուղղված խոսքը:
  • Վատ է սովորում նոր բառեր, չի կապում բառերն իրար:
  • Շարունակում է օգտագործել ժեստերը և լացը՝ որպես հաղորդակցման միջոց:
  • Դադարում է արտաբերել նույնիսկ այն բառերը, որոնք արտաբերում էր նախկինում:

Երեխան 3 եւ ավելի տարեկան է.

  • Չի կապում բառերը՝ ստեղծելով մտքի իմաստ:
  • Շարունակում է բառերն արտաբերել խեղաթյուրված տարբերակով:
  • Չի հիշում որեւէ ռիթմ, մեղեդի կամ բանաստեղծություն:

Ի՞նչ պետք է անել այս դեպքերում.

Խորհրդակցել բժիշկի հետ: Եթե որևէ կասկած կա, որ երեխան ունի խոսքի զարգացման հետաձգում, պետք է չվարանել և դիմել մասնագետի՝ նյարդաբանի, հոգեբանի և լոգոպետի: Նրանց օգնությամբ կարելի է հարթել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները, եթե, իհարկե, համոզված եք, որ ձեր ընտրած մասնագետն ունի համապատասխան որակավորում և փորձ:

Պարբերաբար զբաղվել երեխայով, խոսել նրա հետ

Երբ երեխան չի խոսում,  չպետք է նրան դատապարտել միայնության: Պետք է ավելի շատ խոսել նրա հետ, հեքիաթ պատմել, հարցեր տալ՝ առանց պատասխանի ակնկալիքի, շատ ածականներ օգտագործել, երգել նրա համար: Պետք է ընտրել այնպիսի խաղեր, որոնք նա սիրում է և խաղալ նրա հետ: Եվ ամենակարևորը՝ երբեք չպետք է հուսալքվել ու բարկանալ փոքրիկի վրա:

Աղբյուրը՝ mama.ru