Լեյշմանիոզ. վարակիչ հիվանդությունը վտանգավոր է մինչև 5 տարեկանների համար

Խնդիրներ

Վերջերս Լոռու մարզում 9 ամսական փոքրիկ աղջնակ մահացավ լեյշմանիոզ հիվանդությունից: Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս բուժման շանսերը ցածր են:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով` հիվանդության ռիսկային խմբում են մինչև 5 տարեկան երեխաները և ցածր իմունային համակարգ

ունեցող անձինք: 2000 թվականից ի վեր տարեկան Հայաստանում լեյշմանիոզով հիվանդացության 20-30 դեպք է արձանագրվում: Հիվանդացության դեպքերն արձանագրվում են մեծամասամբ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում, վերջին շրջանում նաև Երևանում և ԼՂՀ Քաշաթաղի շրջանում:

Ապրեսյանը նշում է, որ հիվանդության դեպքում ախտահարվում է արյունային համակարգը` նկատվում է արյան բոլոր տարրերի` հեմոգլոբինի, տրոմբոցիտների, լեյկոցիտների խիստ իջեցում:

«Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան  մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում ենՆկատվում են ուժեղ արյունահոսություններ, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան»,- ասում է Ապրեսյանը` հավելելով, որ ծնողներն ու բժիշկները շատ ուշադիր պետք է լինեն, քանի որ լեյշմանիոզի ախտանշանները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանշանների հետ շփոթել: Հիվանդության գաղտնի շրջանը, ըստ մասնագետի, երկար է ու կարող է մինչև մեկ տարի տևել: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս գաղտնի շրջանի ավարտից անմիջապես հետո, երբ լեյշմանիոզի հարուցիչը սկսում է ախտահարել օրգանիզմը:

«Այս հիվանդության բնական պահոցը շնազգիներն են` թափառող և ընտանի շները: Սակայն տարածողները միայն մլակներն են: Նրանք խայթում են կենդանուն, նրանց օրգանիզմում զարգանում է վարակը, ապա  խայթելով երեխաներին, փոխանցում են հիվանդությունը»:

Հնրավոր վտանգից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տալիս անպայման մանր ցանցերով ցանցապատել լուսամուտները, երեխային մաքուր օդի դուրս տանելիս հագցնել թևերը և ոտքերը փակող հագուստ, պետք է անպայման միջատավանիչ միջոցներ օգտագործել: Իսկ կասկածելի ախտանշանների ի հայտ գալու դեպքում  հարկավոր է անմիջապես բժշկի դիմել:

Ապրեսյանը նաև նշում է, որ 2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար: Նախկինում  Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային:  Հիվանդացած երեխաների ծնողներն  ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել: