Փոքրիկի տեսողությունը. ի՞նչ վարժություններով է հնարավոր պահպանել այն ու բարելավել

Խնդիրներ

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը

 

Ինչպե՞ս կանխել կամ եթե արդեն երեխայի տեսողությունն սկսել է վատանալ, ինչպե՞ս դանդաղեցնել այդ գործընթացը

 

 

Խնդրի դեպքում պետք է դիմել մասնագետի, ստանալ ակնաբուժական հետազոտություն` խնդիրը հասկանալու համար: Սովորաբար մանկական հասակում հանդիպում են այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է շտկել ակնոցի կամ լինզաների միջոցով և խուսափել հետագա բարդացումներից:

Երեխաների մոտ հաճախ հանդիպում է հեռատեսություն, որն առաջացնում է շլություն: Սա հաճախ հանգեցնում է amblyopia կամ ծույլ աչքի համախտանիշի առաջացման, երբ մի աչքը թույլ տեսողության պատճառով դուրս է մնում տեսողական գործընթացից և աստիճանաբար ծուլության մատնվելով՝ կորցնում է իր ֆունկցիոնալ հատկությունները: Ծնողներին խորհուրդ եմ տալիս մինչև դպրոց հաճախելը պարտադիր երեխային տանել ակնաբուժական հետազոտության, քանի որ դպրոցական հասակում խնդիրները խորանում են:

 

Կա՞ն վարժություններ, որոնք կլավացնեն փոքրիկի տեսողությունը

 

Տան պայմաններում աչքերը պետք է սևեռել մոտ և հեռու առարկաներին: Կարելի է մոտենալ ապակուն, հայացքը սևեռել մի հատվածի և անմիջապես հետո նայել հեռու: Կան վարժություններ, որոնք նպաստում են աչքերի լարվածության թուլացմանը, դրա համար աչքերը հարկավոր է շարժել 360 աստիճան՝ վերև, ներքև, աջ և ձախ: 

Գոյություն ունի ապարատային վարժությունների համակցված խումբ, որոնք կատարվում են մասնագիտացված հաստատություններում, եթե կա ախտահարում, կարճատեսություն կամ հեռատեսություն, շլություն կամ amblyopia:

 

Ո՞ր տարիքից է հնարավոր կատարել վիրահատական միջամտություն

 

Օրինակ՝ կատարակտի առկայության դեպքում, որը կարող է բերել երեխայի տեսողության կորստի, վիրահատությունը կատարվում է հնարավորինս շուտ:

Կա պաթոլոգիա, որ կոչվում է անհասության ռետինոպաթիա, որն առաջանում է փոքր քաշով կամ ժամկետից շուտ ծնված փոքրիկների մոտ: Տվյալ երեխաներն անցնում են անակնաբուժական հետազոտություն անմիջապես հիվանդանոցում և անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն: 

Շլության դեպքում հնարավոր է սպասել մինչև 5-7 տարեկան, սակայն բժշկի հսկողությամբ, ակնոցային կորեկցիայով, վարժություններով: Շլության որոշ տեսակների դեպքում առանց վիրահատության հնարավոր է հասնել լիարժեք տեսողության: 

Տեսողությունը լավացնելու համար լազերային կորեկցիան կատարվում է 18 տարեկանից հետո: