Երեխային անկյուն կանգնեցնել. արդյունավե՞տ պատժամիջոց է

Խնդիրներ

Մասնագետները վաղուց եկել են այն եզրակացության, որ պատժի կոպիտ տարբերակներն ազդում են երեխայի հոգեբանության վրա:

Երեխային պատժել պետք է մեղմ ու մտածված:

Բոլոր ժամանակներում էլ հայրիկներն ու մայրիկները երեխաներին պատժելու համար անկյուն են կանգնեցրել: Պատժի այս տարբերակում էլ կան կանոններ, որոնք չի կարելի խախտել, եթե ցանկանում եք, որ երեխան դաս քաղի դրանից: Տեսնենք՝ որոնք են դրանք.

·        Շատ երկար ժամանակ երեխային միայնակ չթողնել սենյակում:

·        Մի շփվեք երեխայի հետ պատժի ընթացքում:

·        Տարածքից հեռացրեք բոլոր իրերը, որոնցով երեխան կարող է զբաղվել անկյուն կանգնելու ընթացքում՝ հեռախոս, նկարազարդումներով ամսագիր և այլն:

·        Փակեք դուռը և թույլ մի տվեք երեխային դուրս փախչել: Մնացեք նրա հետ նույն սենյակում և ցույց տվեք, որ նա կարող է սենյակից դուրս գալ միայն մեծահասակի օգնությամբ:

Որքան ժամանակ պետք է երեխան անկյուն կանգնի:

Մանկական հոգեբաններն ասում են, որ պետք է կողմնորոշվել ըստ տարիքի: Օրինակ՝ երեք տարեկան երեխային բավական է 3 րոպեն, իսկ 5-6 տարեկան երեխան պետք է պատիժը կրի 7-8 րոպե:

Երբ երեխան զայրացնում է ձեզ, աշխատեք մի քանի րոպե չարձագանքել նրա խոսքերին:

Այո, մայրիկը կամ հայրիկը պետք է մի պահ կանգ առնեն, որպեսզի զայրույթի ուժեղ ալիքն անցնի, դրանից հետո արդեն կարելի է արձագանքել երեխայի լացին: Համաձայնեք՝ զայրույթի առաջին վայրկյանին մենք հաճախ անում և ասում ենք բաներ, որոնց համար մի քանի վայրկյան հետո զղջում ենք:

Հակառակ տեսանկյունից՝ ծնողների զայրույթն ու բղավոցն էլ ավելի է գրգռում երեխայի լացը, իսկ երբ ծնողներն ուշադրություն չեն դարձնում երեխայի կամակորություններին, փոքրիկը սկսում է հանգստանալ: Եթե երեխան շարունակում է զայրացնել ու լաց լինել, հանգիստ տոնով ասեք նրան, որ անկյուն կկանգնեցնեք, իսկ եթե փոքրիկը չդադարի լաց լինել, «կատարեք խոստումը»:

Երեխաները նույնպես ունեն «թայմ աութ»-ի կարիք:

Բղավոցի, լացի, հիստերիայի ընթացքում երեխան նույնպես չի հասկանում՝ ծնողներն ինչ են ուզում իրենից կամ ինչ են փորձում բացատրել իրեն: Անկյուն կանգնելու ընթացքում նա կհանգստանա, և արդեն կարելի է հանգիստ խոսել նրա հետ: Այս դեպքում անկյուն կանգնեցնելն ամենևին էլ պատիժ չէ երեխայի համար:

Այս ձևով երեխային մի քանի անգամ պատժելուց հետո կտեսնեք՝ որքան կարգապահ կլինի ձեր երեխան: Պետք չէ բղավել, ավելորդ նյարդայնանալ ու առավելևս հարվածել երեխային: