Գիշերամիզություն. որո՞նք են պատճառները

Խնդիրներ

Քնի մեջ անկողնում միզելը, այսինքն՝ տակն անելը, շատ տարածված երևույթ է երեխաների շրջանում: ԱՄՆ-ում մոտ 5 միլիոն երեխա գիշերը թրջում է տակը:  Համաձայն Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի՝ նրանց 20 տոկոսը 5 տարեկան է, 10 տոկոսը՝ 7 տարեկան, 5 տոկոսը՝ 10 տարեկան:  Շատ հաճախ երեխաները գիշերը միզում են անկողնում, քանի որ օրգանիզմը պատրաստ չէ, այսպես կոչված, «գիշերային չորության»:

Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ գիշերային միզարձակումն ակամայից է տեղի ունենում, այսինքն`ձեր երեխան չի կարող կառավարել այն: Բայց բժշկի օգնությամբ խնդիրը հնարավոր է հաղթահարել:

Պատճառները

Թե ինչու են երեխաները գիշերը թրջում անկողինը, դեռևս ամբողջությամբ պարզ չէ, այսինքն՝ մասնագետները բոլոր իրավիճակների համար չունեն պատասխաններ: Շատ երեխաների դեպքում դա զարգացման սովորական փուլ է և մեծապես պայմանավորված է ստորև նշված պատճառներով.

Երեխայի օրգանիզմը դեռ զարգանում է

Հավանական է՝ երեխայի միզապարկը, նյարդային համակարգը և ուղեղը դեռ զարգանում են:

Գենետիկ գործոն

Եթե երեխայի ծնողները փոքր տարիքում նույնպես գիշերը թրջել են անկողինը, հավանական է՝ փոքրիկի խնդիրն ունենա գենետիկ հիմքեր:

Երեխայի օրգանիզմը շատ մեզ է արտադրում գիշերը

Հնարավոր է՝ երեխայի օրգանիզմը բավականաչափ չի արտադրում այն հորմոնը, որը գիշերը նվազեցնում է միզարտադրությունը: Թեև գիշերը շատ հեղուկի օգտագործումը ևս կարող է դերակատարում ունենալ, այդուհանդերձ, հեղուկի սահմանափակումը չի նշանակում գիշերամիզության բուժում:

Երեխան շատ խորն է քնում

Շատ երեխաներ այնքան խորն են քնում, որ ուղեղին չի հասնում ազդակը, որ միզապարկը լիքն է և պետք է դատարկել:

Երեխայի առօրյան խախտել է

Գիշերամիզությունը կարող է նաև երեխայի հոգնածության, որոշ հիվանդությունների կամ սթրեսի հետևանք լինել:  Երեխայի կյանքում տեղի ունեցող մեծ փոփոխությունները ևս կարող են գիշերամիզության պատճառ լինել, օրինակ` երկրորդ երեխայի ծնունդը ընտանիքում կամ դպրոց հաճախելը:

Առողջական խնդիրներ

Հնարավոր է`գիշերամիզության պատճառ լինեն գազերն ու միզուղիների բորբոքումը, որոնք հեշտությամբ բուժվում են: Պետք է նկատել, որ լինում են նաև ավելի լուրջ խնդիրներ, օրինակ`շաքարային դիաբետը, որը, սակայն, տարածված պատճառների շարքում չէ:

ՀԳ. Ամեն դեպքում, եթե երեխայի մոտ տևական ժամանակ նկատվում է խնդիրը, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, հատկապես եթե կան նաև անհանգստացնող այլ գործոններ:

 

Շարունակելի

 

Աղբյուրը`babycenter.com

 

Կարդացեք նաև՝ Ի՞նչ պետք է տեղի ունենա երեխայի հետ, որպեսզի նա դադարի տակն անել

                            Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի օգնեք երեխային հաղթահարել գիշերամիզությունը