Վախը պաշտպանական գործառույթ ունի, որն օգնում է մեզ զգույշ լինել: Սակայն երբեմն մայրիկների մոտ այն շատ վառ է արտահայտված լինում. նրանք շատ հաճախ ունենում են երեխային կամ ընտանքին կորցնելու վախ։ Այս պարագայում վախը վերածվում է տագնապի: Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:
Հարկ է նշել, որ վախը դեռևս տագնապ չէ: Տագնապն առավել անորոշ վախ է, ինչ-որ բանի հետ կապված անհանգստություն, որը հանգեցնում է այլ մտահոգիչ վիճակների: Այսինքն՝ վախը կոնկրետ երևույթից պաշտպանվելու մեխանիզմ է, այնինչ տագնապը անորոշակիության հետևանքով առաջացող պաշտպանություն է։ Միայն շնից վախենալը դեռ տագնապ չէ:
Տագնապը մայրիկների մոտ առաջանում է դեռևս հղիության ընթացքում: Սա մայրական բնազդն է, որի ակտիվանալուն զուգահեռ ակտիվանում է նաև փոքրիկին պաշտպանելու բնազդը՝ վախի և զգուշավորության միջոցով: Սակայն հաճախ հղիության ընթացքում տագնապայանությունը զուտ պաշտպանական գործառույթից վերածվում է խնդրի:
Ինչպե՞ս կարող է արտահայտվել տագնապը, և ինչպե՞ս է այն անդրադառնում երեխայի վրա
Տագնապն արտահայտվում է հետևյալ կերպ. երբ մայրիկն ամեն ինչ անում է երեխայի անվտանգությունն ապահովվելու համար: Հոգեբանների հետազոտության արդյուքնում պարզվել է, որ եթե մայրիկը տագնապային է, իր երեխան(երը) դժվար են գնում մանակապարտեզ: Մոր վախերի, անհանգստությունների հետևանքով երեխան բացասաբար է տրամադրվում նման վայրերի հանդեպ։
Ի՞նչ անել
- Մի դարձրե՛ք երեխային տագնապային: Երեխայի մոտ պետք է ձևավորել ինքուրույնություն: Իսկ մենք մեր տագնապայնությամբ նրան զրկում ենք այդ հատկանիշն իր մեջ ձևավորելուց: Ավելին՝ իրերի հանդեպ մեր տագնապայնությունը փոխանցվում է երեխային: Մեր խնդիրն է նրան սովորեցնել ինքնուրույնաբար բավարարել իր պահանջմուքնները: Եթե երեխան ցանկանում է ներկել իր դեմքը, ձեռքերը, պետք չէ տագնապի մեջ ընկնել: Եթե ցանկանում է խաղալ մկրատով, ոչ թե պետք է իր տեսադաշտից հեռացնել այն, այլ օգնել ճիշտ բանեցնել։ Այդպիսով՝ նա կբավարարի իր պահանջմունքը և, օրինակ, մանկապարտեզում մկրատ տեսնելիս չի վերցնի այն ու, չիմանալով՝ ինչպես են օգտագործում, չի վնասի իրեն:
- Ճանաչե՛ք ձեր վախը: Մայրիկն ավելի շատ պետք է աշխատի ինքն իր վրա: Տագնապը կոգնիտիվ (ճանաչողական) բնույթ է կրում, այսինքն՝ նախ պետք է հասկանալ՝ ինչի՞ց առաջացավ իմ վախը, գուցե փոքր տարիքի վա՞խ է, ինչու՞ եմ վախենում, այն կապված է նրա հետ, որ երեխայի հետ ինչ-որ վատ բան կկատարվի՞, թե՞ պարզապես այն իմ վախն է, որը պրոեկտում եմ երեխայի վրա:
- Նկարե՛ք ձեր վախը: Եթե մայրիկն ուզում է հստակորեն աշխատել իր վախերի դեմ, պետք է նախևառաջ փորձի տեսանելի դարձնել այն: Կարելի է սովորական մատիտով սպիտակ թղթի վրա պատկերել վախը և հասկանալ ՝ ինչի է նման ՝ մարդու՞, կենդանու՞, քառակուսու՞, թե՞ այլ պատկերի: Վախը թղթին արտացոլելուց հետո անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞ր մասն իրեն դուր չի գալիս: Եվ այն մասը, որը սարսափելի է, սուր է կամ բացասական տրամադրություն է փոխանցում, հարկավոր է դրական դարձնել: Օրինակ՝ այդ մասում ծաղրածու նկարել կամ դրական այլ բան:
- Վստահե՛ք ձեր հարազատներին: Շատ հաճախ վախերի պատճառով մայրիկները երեխային չեն վստահում հարազատներին՝ տատիկին, պապիկին, նույիսկ հայրիկին:
- Մի՛ հետապնդեք երեխային: Եթե երեխան մոտակայքում է, մի՛ հետևեք նրան: Պետք չէ անդադար շրջել երեխայի հետևից։
Եթե վերոնշյալ խորհուրդներին հետևելուց հետո ևս տագնապը չի նահանջում, պետք է անպայման դիմի մասնագետի խորհրդատվությանը:
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան