Ինչու՞ է երեխան հրաժարվում ուտելիքից․ ծնողների սխալները

1-3տարեկան

Մայրիկը հաճախակի բողոքում է, որ երեխան քչակեր է դարձել, հրաժարվում է ուտելուց, ինքն ամեն կերպ փոքրիկին համոզում է, որ մի բան ուտի, սակայն կես ժամ առաջ գցված սեղանը հիմնականում մնում է նույն տեսքով: Կարելի՞ է արդյոք բալիկին որակել «չուտող»՝ հիմնվելով նմանատիպ իրավիճակների վրա:

Երեխաների ուտելու վարքագիծը պայմանավորվում է հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններով, և  ​​եթե դրանք խախտվում են, ուտելու վարքագիծը ևս փոխվում է: Սա նշանակում է, որ ծնողները պետք է  ընկալեն՝ կարևոր սկզբունքները փոփոխելու պարագայում են բախվում երեխայի դիմադրությանը: Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան ասում է՝ ստիպողաբար կերակրելն արդեն իսկ բավարար է, որ երեխան երես թեքի ուտելիքից: Ոչ մի դեպքում չի կարելի ուտեցնել փոքրիկին կամքին հակառակ, որովհետև նա կամ հետ է տալու դա, կամ չի մարսելու: Բայց այն, որ վերջնականապես զզվելու է սննդից, փաստ է: Բալիկը հոգեբանորեն ճնշվում է հարկադրաբար կերակրվելու մտքից և ակտիվացնում պաշտպանական մեխանիզմը՝ «ինչ գնով էլ լինի, թույլ չտալ, որ բերանս սնունդ դնեն»:

Մեծ հավանականությամբ, երեխան կդառնա քչակեր, եթե ճաշը չուտելուց հետո ծնողը շտապի թխվածքաբլիթ ու վաֆլի առաջարկել որպես այլընտրանք կամ ընթրիքը բաց թողնելուց հետո պաղպաղակ տա՝ մտածելով, որ փոքրիկը գոնե մի բան պետք է ուտի: Չե՞ք կարծում, որ երեխան կսկսի խաղարկել այդ վիճակը: Չի ուտի այնքան, մինչև շոկոլադը կրկին տան: Մյուս ծայրահեղությունն այն է, երբ մայրիկն ասում է՝ «մինչև չուտես, շոկոլադը չես ստանա»: Տվյալ պարագայում էլ երեխան ճաշ ուտելը կասոցացնի բացասական գործընթացի հետ, որը մի կերպ պետք է հաղթահարել՝ բաղձալի կոնֆետը ստանալու համար: Սա այդքան էլ առողջ մոտեցում չէ: Ճաշն իր ժամին պետք է լինի, միջանկյալ ուտելիքն` իր:  «Երբ երեխան որևէ բանջարեղեն չի ուտում, պետք չէ «թշնամացնել» նրան այդ բանջարեղենի հետ` դա այլևս չգնելով կամ միայն տարին մեկ անգամ մատուցելով: Հակառակը՝ ամեն անգամ գնեք ու տարբեր ձևերով պատրաստեք, որ երեխան սովորի դրա գոյությանն ու կիրառելիությանը»,- շեշտում է մասնագետը և հավելում՝ երեխան պետք է տեսնի, թե ինչպես են ծնողները վայելում ուտելիքը:

Իմիջայլոց, անհրաժեշտ չէ գոռալով ուրախանալ, որ նա մի գդալ ապուր է կերել: Հնարավոր է՝ սա բացասական ազդակ հանդիսանա, ու երեխան անընդհատ մայրիկի նույն արձագանքին սպասի՝ բերանը բացելու համար: Ցանկալի չէ երեխային կերակրել որտեղ կամ որ ժամին պատահի: Բալիկը պետք է ունենա իր ուտելու հստակ վայրն ու ժամը, որոնք չեն կապվի խաղի հետ: Օրինակ՝ եթե սնվելու ժամանակ նստում է աթոռակի վրա,  ապա չարժե նրան խաղացնել հենց այդ պահին: Հաջորդ անգամ աթոռակին նստելիս երեխան ուտելու պրոցեսն էլ կարող է որպես խաղ ու հրճվելի պրոցես համարել, և ծնողն այդպես էլ չտեսնի պատճառահետևանքային կապը: Սնվելու առողջ մշակույթն էկրանների կիրառությունը ևս բացառում է, քանի որ վերջիններիս ուղեկցմամբ ուտելու ժամանակ երեխան կատարում է միայն ավտոմատ գործողություն` բերանը բացում ու փակում, նրա համային հատկանիշները թուլանում են, կորչում է կենդանի շփումը:

Բացառված չէ, որ փոքրիկի քիչ ուտելը կապված լինի ժամանակից շուտ հավելյալ սնուցումը սկսելու և ֆիքսվածության հետ: Երեխային հավելյալ սնունդ պետք է տալ 6 ամսականից ոչ վաղ, քանի որ  մինչ այդ նրա աղեստամոքսային տրակտը դեռ պատրաստ չէ: Բացի այդ, նրա լեզուն ռեֆլեքսորեն դուրս է հրում բերանից ցանկացած օտար մարմին, բացի կրծքից: Երեխան կարող է դիմադրել գործողությանը, որին ինքը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ: Մինչև 1 տարեկանը փոքրիկի հիմնական սնունդը կրծքի կաթն է կամ կաթնախառնուրդը, հետևաբար երեխան կարող է բացասաբար տրամադրվել ցանկացած սննդի հանդեպ, եթե այն իր սիրելի կաթի փոխարեն է: Նորաթուխ մայրիկները երբեմն չափից շատ են կենտրոնանում նաև հավելյալ սնուցման ընթացքի վրա, բալիկի համար ընտրում են հատուկ մանկական սպասք, կաթսա: Դրանց կիրառմանը դեմ լինելու խնդիր չկա, սակայն ժամանակ անց հարկավոր է սնունդը տալ ընդհանուր օգտագործման ափսեներով, բաժակներով, գդալներով՝ բացառությամբ սեղանիկին կպչող ափսեից: Այդպես ծնողները հատուկ չեն ընդգծում ուտելու պրոցեսը և սովորեցնում են երեխային ընդունել իրողությունը որպես առօրյա: