1․5-2 տարեկան․ մի՞թե երեխան հասկանում է՝ ամեն բան չէ, որ իրեն կարելի է

1-3տարեկան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:

 «Ամեն բան չէ, որ ինձ կարելի է», «Ամեն ինչ չէ, որ կարող եմ ունենալ», «Ամեն վարք չէ, որ խրախուսելի է ծնողներիս կողմից»․ այս ամենը փոքրիկը սկսում է հասկանալ 1․5-2 տարեկանում՝ «տանելի ֆրուստրացիաների փուլում»: Ծնողներն այս շրջանում պետք է հստակեցնեն իրենց սահմանափակումները: Օրինակ` չի կարելի հարվածել մյուս երեխաներին, ձեռքը մոտեցնել հոսանքին: Դրանք պետք է լինեն ոչ թե բարոյախրատական ճառեր, այլ հստակ սահմանված, երկկողմանի ընդունելի կանոններ, որոնք կփոխանցվեն բալիկին` առանց հուզական սուր դրսևորումների, այլընտրանքի հնարավորությամբ: Այսպես՝ «չի կարելի նկարել պատերին, փոխարենն արա դա ալբոմի մեջ, վատմանի վրա»:

Տվյալ փուլում ծնողների հիմնական սխալն ամենաթողությունն է կամ ոչ կոնգրուենտ վարքը, այսինքն` «այս պահին կարելի է, մյուս պահին` չի կարելի», «մայրիկի համար ընդունելի չէ, հայրիկի կամ տատիկի համար ընդունելի է»: Օրինակ՝ մայրիկն ասում է, որ արդեն քնելու ժամն է, պապիկն ասում է՝ ոչինչ, ես թույլ եմ տալիս, այսօր թող ուշ քնի: Ամենաթողության դեպքում կարող ենք ունենալ նարցիսական անձնային խանգարում կամ հակասոցիալական վարք, երբ երեխան կսկսի մտածել՝ հենց իրեն ամեն ինչ թույլատրելի է: Ոչ կոնգրուենտ ուղերձների դեպքում կտեսնենք նյարդային, լարված և ագրեսիվ բալիկի: