Փոքրիկը չի հավաքում խաղալիքները․ ինչպե՞ս վարվի ծնողն ու ինչպե՞ս սովորեցնի նրան անել դա

1-3տարեկան

Երեխան խաղալիքները սփռում է տնով մեկ, իսկ հետո նստում մի անկյունում և զվարճանում։ Կարծես առանց բառերի հասկացնի մեծահասակներին՝ «Մնացածը թողնում եմ ձեզ, հավաքելն ինձ պետք չէ»։ Եթե այդպիսի տպավորություն է ստեղծվում, ապա այն իրականությունից այդքան էլ հեռու չէ։

«Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդուհի Մարգարյանը, խոսելով նկարագրված իրավիճակի մասին, շեշտում է՝  խաղալիքները հավաքելն իսկապես երեխային պետք չէ, այլ հենց ծնողին, քանի որ բալիկը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը։ Սկզբնական շրջանում պետք է մայրիկն ու հայրիկը հավաքեն՝ փորձելով ներգրավել երեխային տվյալ գործընթացում։

 

Առաջին քայլ․ գտնում ենք մոտիվացիա

Մասնագետի խոսքով՝ առաջնային կանոններից մեկն այն է, որ  չստիպեք փոքրիկին հավաքել խաղալիքները, չկիրառեք հրամայական տոն կամ սպառնալիք։ Կարող եք հեքիաթների միջոցով պատմել նրան իր հետևից հավաքող արջուկի մասին՝ ցույց տալով երևույթի դրական կողմերը։ Հարցրեք՝ ունի՞ օգնության կարիք, թե՞ միայնակ կանի։ Ընդհանրապես, ցանկալի է խաղալիքները հավաքել, երբ երեխան ավարտել է խաղը։ Եթե բալիկը ոչ մի կերպ չի ցանկանում անել մայրիկի ասածը, ապա հարցադրումներն արեք հետևյալ կերպ՝ «Ո՞րն ես դու ցանկանում հավաքել՝ արջուկնե՞րը, թե՞ տիկնիկները», «Ու՞մ սկզբից քնեցնենք՝ արջուկի՞ն, թե՞ գրքերին»։ Նշում ենք՝ հիմա յուրաքանչյուր խաղալիքի օգնենք գտնել իր տունը, որովհետև քնելու ժամանակն է։ Երեխային թվացյալ կերպով տալիս ենք ընտրության հնարավորություն, ու նա չի զգում պարտադրանք, այլ մտածում է՝ ինքը որոշում կայացրեց։ Հարկավոր է անել այս ամենը ուրախությամբ, էներգիայով համակված, որպեսզի բալիկի մոտ միանալու ցանկություն առաջանա։ Եթե երեխան միանալու փոխարեն շարունակում է խաղալ, ապա անհրաժեշտ է դիմել նրան՝ խնդրելով տալ արջուկը, կանաչ լեգոն և այլն։ Սա անելուց հետո ծնողն առաջարկում է միասին աշխատել և վերածում ընթացքը զվարճալի խաղի։

Անպայման գտեք մոտիվացիա, օրինակ՝ եթե հիմա արագ հավաքենք, դրսում զբոսնելու ժամանակ կունենանք։ Այս պարագայում կարևոր է ժամանակ ունենալու շեշտադրումը, ոչ թե՝ «չանելու դեպքում կզրկվես» կամ «եթե անես, կանենք»։ Ի վերջո, պետք է գիտակցել՝ երեխան գուցե չի դասավորում խաղալիքները ոչ թե որովհետև «ծույլ» է, այլ չի ցանկանում ոչնչացնել իր ստեղծած աշխարհը։ Տվյալ դեպքում էլ հարկավոր է սպասել մինչև նա կցանկանա այլ աշխարհ ստեղծել։ Կարող եք նախորդ պատրաստածը տեղափոխել որևէ հարմար վայր։ 

 

Գովաբանում ենք և սովորեցնում կոկիկ լինել

«Ծնողը չպետք է մոռանա գովել բալիկի արարքը և ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե հավաքված տարածքն ինչ գեղեցիկ է ու հարմարավետ։ Էական է մաքրությունը, հավաքելը չդիտարկել որպես պատիժ։ Չի կարելի ասել՝ «Նայի՛ր, թե  թափթփվածն ինչ տհաճ է»։ Պետք է դրականի վրա շեշտադրում անել, ուղղակի ասել՝ հավաքվածն ինչ կոկիկ է»,- ընդգծում է հոգեբանը։ Նկատի ունեցեք, որ ինչ-որ բան մաքրելը, դասավորելը նախադպրոցական տարիքի երեխայի համար բարդ խնդիր է, հատկապես եթե հատակին շատ առարկաներ կան։ Երեխային թվում է, որ դա  անելն անհնար է։ Դրա համար ծնողները պետք է, նախ, այնպես անեն, որ խաղալիքների մաքրման գործընթացը պարզ դառնա երեխայի համար։ Կարելի է հանձնարարել՝ ըստ գույների, տեսակի, արկղերի դասակարգել։

   

Վերհիշենք, թե որն էր մեր նպատակը

Երեխան հաճախ չգիտի, թե ինչու է պետք անել կամ չանել տվյալ գործողությունը։ Նրանց հաճախ է պետք հիշեցնել, բացատրել դրդապատճառները և կենտրոնանալ արդյունքի վրա: Բավական չէ ասել՝ «մենք պետք է հավաքենք»: Արժե մանրամասնել՝ որն է հավաքելու նպատակը: Օրինակ՝ ավելի հեշտ է գտնել իրերը, երբ դրանք ունենան իրենց տեղը, հաճելի է լինել մաքուր սենյակում: Երեխան ավելի շատ հավաքելու ցանկություն կունենա, եթե իմանա՝ ինչու է դա անում:

 

  

 

 

 

Նյութը պատրաստվել է «Հմուտ ծնող» ֆեյսբուքյան խմբում տեղադրված հրապարակման հիման վրա