Ո՞րն է ջերմության չափման առավել հուսալի մեթոդը և ո՞ր դեպքում դիմել բժշկի

1-3տարեկան

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի նորմալ պատասխանն է զանազան վիճակների դեպքում, որոնցից առավել հաճախ հանդիպողները վարակներն են։

Սովորաբար մարմնի նորմալ ջերմաստիճանն օրվա ընթացքում տատանվում է 36,5-37,2° C սահմաններում: Ցանկացած տարիքի երեխա, որն ունի մարմնի ջերմաստիճանի հաճախակի բարձրացումներ, անգամ եթե տևում է մի քանի ժամ, պետք է անպայման զննվի մասնագետի կողմից:

Մինչ այդ տնային պայմաններում ջերմության չափման առավել հուսալի մեթոդը թևատակի ջերմության չափումն է: Հարկավոր է սրբել և չորացնել երեխայի թևատակը, ջերմաչափի գլխիկը տեղադրել ու հնարավորինս անշարժ պահել՝ փոքրիկի ձեռքը մոտեցնելով մարմնին: Անկախ ջերմաչափի տեսակից (սնդիկային կամ էլեկտրոնային)՝ ջերմաչափումը պետք է տևի 5 րոպե: Մասնագետները նշում են՝ անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել, երբ բալիկը քնկոտ է, չի արթնանում, ունի դժվարաշնչություն, շուրթերի, լեզվի կամ քթի ծայրի կապտություն, գլխացավ, ուժեղ ցավ որովայնում, հրաժարվում է ցանկացած հեղուկ խմելուց, խմում է անբավարար, անդադար լաց է լինում, կամակոր է, ունի փորլուծություն, մեկ օրից ավելի տևող կրկնվող փսխումներ, կան ջրազրկման նշաններ (քիչ քանակի է միզում, լաց է լինում առանց արցունքների, ունի թուլություն):

Հիշում ենք, որ ջերմիջեցնողների չափաբաժինը հաշվարկվում է ըստ երեխայի քաշի, ոչ թե տարիքի: Խորհուրդ է տրվում ջերմիջեցնողը տալ միայն բժշկի ցուցմամբ: