Ո՞րն է երեխային արթնացնելու լավագույն ժամը․ ներկայացնում է մասնագետը

1-3տարեկան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան։  

Առավոտյան արթնանալու ժամը մեծ ներդրում ունի առողջ օրակարգի և հարաբերականորեն կայուն ռեժիմի հաստատման գործում: Հարկ է իմանալ, որ առավոտյան 6-8-ը համարվում է ամենից օպտիմալ ժամն արթնանալու համար:

Եթե բալիկն արթնանում է շատ շուտ կամ ուշ, սա ազդանշան է՝ ռեժիմը կարգավորելու, տարիքին համապատասխանեցնելու: Առավոտյան 8-ից հետո արթնացումները կարող են անդրադառնալ ցերեկային քնի տևողության ու գիշերային քնի ուշացման վրա: Ուշ արթնացումները կարող են նպաստել նաև ցիրկադային ռիթմերի «բթացմանը»՝ սպառելով վերջինիս կողմնորոշիչ դերն օրգանիզմում: Տվյալ ցիրկադային կամ ներքին ռիթմերը ստեղծված են, որպեսզի կարգավորեն գենետիկորեն կոդավորված ժամացույցը, որն առաջնորդվում է արևածագով ու մայրամուտով: Այլ կերպ ասած` միացնում և անջատում են որոշակի գեներ` ի պատասխան ցերեկվա ու գիշերվա հերթափոխության:  Քնի պատասխանատու հորմոն մելատոնինը սինթեզվում է համաձայն այդ ցիրկադային ռիթմերի: Նրա կոնցենտրացիան մեծանում է գիշերային քնից 1-2 ժամ առաջ, եթե մարդը չի գտնվում վառ լույսի ներքո, գագաթնակետին է հասնում կեսգիշերին, դրանից հետո՝ պակասում: Նվազագույն քանակը գրանցվում է առավոտյան 5-7-ի շրջանում, փոխարենն այս ժամերին արյան մեջ մեծանում է ակտիվության համար պատասխանատու հորմոնների՝ կորտիզոլի ու ադրենալինի քանակները: Դրա համար երեխայի քունը լուսադեմին շատ մակերեսային կարող է լինել, հեշտ ընդհատվել շրշյուններից, ոտնաձայներից, լիքը տակդիրից, աղմուկից, սենյակում առկա լույսից:

Այնպես որ կրկին հիշում ենք՝ երեխաների համար նորմալ է համարվում 6-8-ն ընկած ժամանակահատվածում արթնանալը: