Երեխայի լեզվի սանձիկը կարճ է․ ի՞նչ է սա նշանակում, ո՞ր մասնագետի մոտ գնալ և արդյո՞ք վիրահատելու ահրաժեշտություն կա

Ներկայացնում է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի լոգոպեդ Քրիստինա Խառատյանը։

 

Հասարակությունը «լեզվի սանձիկը կպած է» արտահայտությամբ, որպես կանոն, բնորոշում է այն դեպքերը, երբ փոքրիկը խոսքի բուռն զարգացման  փուլերում  ունենում է հնչարտաբերական դժվարություններ կոնկրետ հնչախմբի՝ վերլեզվային հնչյունների (դ-տ-թ, լ, ր-ռ) արտաբերության ժամանակ։ Բայց իրականում  լեզվատակի այն մկանը, որն, ունենալով սանձիկի տեսք ստացել է համապատասխան անվանումը, ֆիզիոլոգիական խնդիր է հանդիսանում՝ պայմանավորված պտղի ներարգանդային շրջանում տեղի ունեցած որոշակի գործոններով կամ կարող է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն։ Լեզվի սանձիկը կարող է լինել պարզապես կարճ կամ գրեթե բացակայել, երբ լեզուն անշարժացած է բերանում։ Վերջինս բացահայտելի է նորածնության փուլում, երբ երեխան կաթը ծծելու դժվարություն է ունենում, և անմիջապես կատարվում է փոքրիկ վիրահատական միջամտությունը։ Վիրահատական միջամտությունը  կոչվում է ֆրենուլոպլաստիկա և իրականացվում է դիմածնոտային վիրաբույժի կամ ատամնաբույժի կողմից տեղային անզգայացմամբ։ Ավելի ուշ փուլերում լեզվի շարժունակության սահմանափակումները կարող է բացահայտել լոգոպեդը վիզուալ զննման միջոցով և սանձիկի վիճակով պայմանավորված՝ կա՛մ լոգոպեդական աշխատանք կկազմակերպվի երեխայի հետ համապատասխան վարժություններով, կա՛մ բալիկը կուղղորդվի բժշկի մոտ։ Ի դեպ, ժամանակակից բժշկությունն այսօր առաջարկում է նաև խնդրի լուծման ոչ վիրահատական՝ լազերային միջամտության եղանակը։