Երեխան խուսափում է անծանոթներից․ ինչպե՞ս օգնել նրան հաղթահարել այդ վախը

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մառա Հարությունյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է երեխայի՝ անծանոթներից վախենալու խնդրի և պատճառների մասին:

Մեզնից յուրաքանչյուրն ունենում է տագնապի, անհանգստության ու վախի զգացում։ Մեծահասակներն ունեն փորձ և գիտելիքներ, որոնք ինչ-որ չափով օգնում են նվազեցնել ապրումների ինտենսիվությունը: Բայց երեխաներն առավել սուր են ընդունում իրականությունն, ու վախը ստիպում է նրանց ապրել իրապես ուժեղ հույզեր, որոնք վայրկենապես շրջափակում են նրա ողջ փոքրիկ ներաշխարհը:

Անծանոթներից վախը բալիկների մոտ հիմնականում  առաջանում է 7-12 ամսականում։ Սովորաբար դրսևորվում է այն ժամանակ, երբ առաջ է գալիս կապվածություն մտերիմ մարդկանց, ծնողների հետ։ Փոքրիկը կարողանում է տարբերակել իր սիրելիներին, իսկ անծանոթի հանդեպ վախը ցույց է տալիս՝ բալիկը շփման մեջ դարձել է ընտրողական և վախենում է սիրելիներին կորցնելուց։ Տեսնելով անծանոթի` երեխան կարող է լաց լինել, փախչել, թաքնվել և այլն։ Անծանոթներից վախը մեծամասամբ անցնում է 18 ամսականից մինչև 2 տարեկանն ընկած ժամանակահատվածում։

Չնայած նրան, որ անծանոթներից վախը համարվում է նորմալ, այնուամենայնիվ, ծնողները կարող են քայլեր ձեռնարկել, որպեսզի թեթևացնեն երեխայի վիճակը։ Փոքրիկին օգնելը չի նշանակում հերքել վախը կամ փոխանցել, որ անհանգստանալու ոչինչ չկա: Հարկավոր է չանտեսել երեխայի վախը, քանի որ դա ավելի է խորացնելու խնդիրը։ Պետք է հնարավորություն տալ բալիկին «նոր» մարդկանց հետ ծանոթանալ հանգիստ ու ապահով միջավայրում։ Եթե երեխան խուսափում է անծանոթ մարդկանց մոտ գնալուց, ապա կարող եք նրան առանձնացնել, հանգստացնել, խոսել նրա հետ, ապա կրկին փորձել։ Տվեք բալիկին սիրելի խաղալիքը, որպեսզի անծանոթների հետ շփման ժամանակ այն լինի նրա «հենարանը»։ Մի՛  շտապեք փոքրիկին անմիջապես մոտ տանել անծանոթերին։ Դա պետք է անել քայլ առ քայլ, և տվյալ պահին անպայման լինել երեխայի կողքին, որպեսզի նա իրեն ապահով զգա։ Մասնագետի օգնությանը անհրաժեշտ է դիմել, եթե․

  • Անծանոթ մարդկանցից վախը դժվարացնում է երեխայի ու նրա ընտանիքի կյանքը, օրինակ՝ երեխան չի ցանկանում դուրս գալ, զբոսնել, նրան հնարավոր չէ որևէ մեկի հետ թողնել
  • Փոքրիկը մեծանում է և դրան զուգահեռ դառնում սակավ մարդամոտ, վախը շարունակվում է 2 տարեկանից հետո
  • Վախի պատճառով երեխան չի կարողանում լինել մարդկանց շրջապատում (ուրիշ մարդկանց հետ շփումը կարևոր է երեխաների զարգացման համար) 
  • Երբ անծանոթ մարդկանց հետ շփումից հետո բալիկի մոտ նկատվում է քնի խանգարում, ախորժակի կորուստ։

Ծնողները  պետք է հիշեն՝ մանկական վախերը անմիջապես կապված չեն կոնկրետ վտանգի հետ, հիմնված են տեղեկատվության վրա, որը երեխաները ստանում են մեծահասակներից և արտահայտում վառ երևակայության միջոցով: Թե որքանով կարտահայտվի այս կամ այն ​​վախը, կախված է հոգեկանի զարգացման անհատական ​​առանձնահատկություններից ու սոցիալական պայմաններից, որոնցում ընթանում է  երեխայի անհատականության ձևավորումը։ Մանկական վախերը, որոնք դրսևորվում են որոշակի տարիքային փուլում, բնականոն զարգացման դեպքում ժամանակի հետ անհետանում են: