Սիրված երեխա` առողջ երեխա

Սիրված երեխաներն առողջ  են մեծանում. դա է ապացուցում առողջ հասուն մարդկանց կյանքի ուսումնասիրությունը: Այդ հետազոտության արդյունքներից դատելով` կարելի է մարդու առողջության կարևորագույն չափանիշ ու պայման համարել սիրված լինելը:

Ծնողների սերը ոչ միայն բարերար գործոն է, այլև կենսականորեն անհրաժեշտ պայման: Սիրո մթնոլորտով, բարությամբ, քնքշությամբ, ընտրության ազատությամբ  շրջապատելով երեխային, նրան սիրո իր պահանջը բավարարելու հնարավորություն

ենք ընձեռում:  Առանց սիրո երեխան չի կարող որպես լիարժեք ու ներդաշնակ անհատ ձևավորվել: Ուստի ծնողական սերը կարևոր է ոչ միայն երեխայի, այլև հենց իրենց` ծնողների համար: Չէ՞ որ երեխայի` ծնողների հետ շփումից ստացված փորձն այն  հիմքն ու արմատն է, որի վրա զարգանում է նրա հետագա կյանքը:  Հետևաբար շատ կարևոր է, որ երեխայի համար ընտանիքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ նա իրեն իր ամենամտերիմ մարդկանց կողմից սիրված զգա:

Մանկաբույժներն ու հոգեբաններն ասում են, որ դեռահասների ու երեխաների հիվանդություններն առաջանում են չբավարարված հոգեկան պահանջմունքի հետևանքով: Փոքրիկի ամբողջ տիեզերքն իր ընտանիքն է: Ու կյանքը նա  պատկերացնում է իր ընտանիքի մոդելով: Ծնողների խնդիրն այն է, որ  երեխային չխանգարեն, չպարտադրեն իրենց պատկերացումները, հակառակը, թույլ տան, որ հասունանալուն զուգընթաց երեխան  աշխարհն ընկալի  հնարավորինս  լիարժեք, հարուստ, առանց աղավաղման ու բազմագույն:

Որպեսզի նա ֆիզիկապես ու հոգեպես առողջ մեծանա,  ծնողները պետք է մի քանի կանոն հիշեն. երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրանից կերտել այն, ինչ կամենում ենք տեսնել: Ընկալումով ու հարգանքով   վերաբերվել ու աջակցել, երբ դրա կարիքը երեխան ունի: Օրինակ լինել ամեն ինչում,  բացահայտ արտահայտել սեփական դրական զգացմունքները: Պարզ որոշել և երեխային  ուղիղ, առանց  ուժի կիրառման բացատրել, թե ինչ չի կարելի անել և ինչու: Խրախուսել  երեխայի` իր զգացմունքների ու ապրումների մասին ազնվորեն արտահայտվելու,  բացահայտվելու փորձը: Ամեն կերպ նպաստել երեխայի` շրջապատող աշխարհին ծանոթանալու և ուսումնասիրելու նախաձեռնությանը: Պետք չէ վիրավորվել, եթե երեխան մերժում է ծնողի աջակցությունը և փորձում ինքնուրույն ինչ-որ բան անել: Ընդունել, որ երեխան ինքնուրույն անհատականություն է, որն իր հայացքներն ունի, իր ցանկություններն ու ձգտումները, և չփորձել ապրել նրա փոխարեն:

Ցանկալի ու սիրելի երեխաները ծնվում են պինդ ու առողջ, նրանց բախտը կյանքում շատ ավելի է բերում, քան մյուսներինը: Սիրված երեխաները կարողանում են ընկերություն անել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ:

Շվեդացի գիտնականները հավաստիացնում են, որ այն  երեխաները, որոնք  իրենց հասակակիցների  շրջանում համակրանք  են վայելում, շատ ավելի առողջ են լինում հասուն տարիքում: Ուսումնասիրությունների համաձայն` այն երեխաները, որոնք դպրոցում առանձնապես ճանաչման ու համարման չեն արժանանում, նրանց մեջ  ցածր ինքնագնահատանք է ձևավորվում, նվազում է կյանքից սպասելիքների պահանջը: Այդ երեխաների մեջ անառողջ կյանքի հակում է առաջանում. ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:

Ուրեմն, հաշվի առնելով ընտանիքի հսկայական դերը անձի ձևավորման ու առողջ մարդ հասունանալու գործում,  հարգելի՛ մեծահասակներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, սիրեցե՛ք ձեր փոքրերին, թոռներին, նրանց լավ օրինակ ծառայեք. դա բարերար է ազդում նրանց ապագայի, հետագայում` նաև առողջության  ամրապնդման վրա:

Ահա թե ինչպես են երեխաներին դաստիարակում Գերմանիայում: Այնտեղ շատ  լուրջ ու մեծ  պատասխանատվությամբ են վերաբերվում երեխաների պաշտպանությանը: Այլևս ոչ ոքի չի զարմացնում արտերկրում կիրառվող այն պրակտիկան, որ երեխաները ծնողներին կարող են դատի տալ: Երեխաները գիտեն իրենց իրավունքները. դա  սովորում են մանկապարտեզում : Դրա համար էլ ծնողներին շատ բան  չի թույլատրվում, օրինակ` երեխաներին ծեծել, վիրավորել, նրանց վրա բղավել, պատժել:

Մասնագետները  կարծում են, որ որքան երեխան հեռուստացույցի առջև քիչ ժամանակ ծախսի, այնքան օգուտ կտա իր առողջությանը:  Ուստի Գերմանիայում  շատ երեխաներ հեռուստացույց չեն դիտում,  որովհետև տանը հեռուստացույց չկա, կամ  ծնողները միացնում են հեռուստացույցը միայն այն ժամանակ, երբ երեխաները քնած են: Չնայած կան մանկական ալիքներ, երեխաները հեռուստացույցի առջև անցկացնում են օրական ընդամենը 15-30 րոպե: Դրա փոխարեն  ողջ օրը նկարում են, խաղում, զբաղվում երաժշտությամբ ու սպորտով: Յուրաքանչյուր ընտանիք, որը սեփական տուն ունի, ունի նաև սեփական խաղահրապարակ, փոքրիկ լողավազան: Իսկ եթե ընտանիքն  ապրում է շենքում, ապա ակտիվ ծնողները տեղի ինքնակառավարման մարմինների հետ կազմակերպում են  խաղահրապարակներ, որտեղ չկան  քարեր, հոսանքալարեր ու վտանգավոր թեքություններ: Հատուկ ավազ է գնվում, կառուցվում են անվտանգ տնակներ, որ երեխաները փողոցում, բակում օգտակար և ուրախ ժամանակ անցկացնեն, և վազելու, մագլցելու, բլրակների վրայից գլորվելու, ձգվելու ու ճոպանով առաջ շարժվելու ժամանակ աշխատեն փոքրիկների մկանները, մարզվեն ֆիզիկապես: Ու  բակում էլ  կարող են խաղալ միայն բակի երեխաները: Մի մեծահասակ էլ տնից հետևում է այդ ամենին: Այս հանգամանքը նպաստում է երեխաների ինքնուրույն զարգացմանը, նրանք քիչ են նյարդայնանում, շփվող են, ավելի կիրթ:

Ինչու են երեխաները չափազանց աշխույժ

Գերակտիվ  երեխաներին չնկատել անհնար է: Նրանք անպայման պետք է ամեն ինչի ձեռք տան, քաշեն ու հրեն: Աղմուկը, վազվզոցը,  բախումները նրանց գոյության անքակտելի մասն են: Նրանց շուրջը մշտապես  լարվածություն է տիրում: Մեծերը պետք է ականջները «սրեն», «մարտական պատրաստվածության» վիճակում լինեն, քանի որ հաճախ հարկ է լինում անհապաղ կարգուկանոն հաստատել:

Առաջին հայացքից թվում է, թե այդ երեխաները պարզապես վատ են դաստիարակված: Սակայն, հարկ է նշել, որ նման դեպքերում դաստիարակությունը  գրեթե դեր չունի: Չափազանց անկարգ երեխաների ինտելիգենտ ծնողները հաճախ տարակուսանքի մեջ են, չեն կարողանում հասկանալ ու բացատրել իրենց երեխայի վարքագիծը:

Բժիշկներն ընդունում են, որ այդ երեխաների մեջ գերակտիվ  շեղում կա: Վերջին տարիներին նման երեխաների թիվը շատանում է:  Հիպերակտիվությունը բնորոշվում է  նյարդային համակարգի այն առանձնահատկությամբ, որ գրգռման պրոցեսները գերազանցում են արգելակման պրոցեսներին: Հիմնականում  հիպերակտիվություն է  ախտորոշվում  տղա երեխաների մոտ: Հիպերակտիվության հակումը հիմնականում ձևավորվում է սաղմի ներարգանդային զարգացման  շրջանում: Մոր անհագստությունը, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, վախերն ազդում են պտղի զարգացման վրա, հետք թողնում երկար տարիներ: Հիմնականում գերակտիվ երեխաների մայրերը կա՛մ միայնակ են, կա՛մ ամուսնալուծված:

Այսօրվա կյանքի արագ ռիթմը, հղի կնոջ ակտիվությունը, , աշխատանքը հղիության ընթացքում և խնդիրների լուծումը, որոնք ուղղակիորեն կապված չեն մայրության հետ, ազդում են պտղի զարգացման վրա: Օրինաչափ է, որ հետամնաց կամ թույլ զարգացած  երկրներում գերակտիվության համախտանիշով երեխաներ հազվադեպ  են հանդիպում:

Դպրոցում գերակտիվ երեխաների ուսուցումը նույնպես դժվար է ուշադրության կենտրոնացման դժվարության պատճառով:

Այսօրվա դպրոցական ծրագրի ինտելեկտուալ բեռնվածությունն էլ իր հերթին է նպաստում երեխաների հիպերակտիվության զարգացմանը:

Երեխաները անցման տարիքում հաճախ «ազատվում են» այդ համախտանիշից, սակայն ոմանց գերակտիվությունը պահպանվում է մինչև կյանքի վերջը. չէ՞ որ նյարդային համակարգի տեսակը չի փոփոխվում:

Երեխայի հիպերակտիվությունը որոշ չափով սանձելու համար հարկավոր է  օրակարգ սահմանել: Սահմանափակել հեռուստացույցն ու համակարգիչը, սարսափ ֆիլմերն ու մարտաֆիլմերը: Իսկ մարզումները, սպորտը միայն օգուտ կտան, հատկապես բարերար ազդեցություն կարող է ունենալ լողը, քանի որ այն հանգստացնում է նյարդային համակարգը:

Սննդից ու ըմպելիքներից պետք է բացառել գրգռող մթերքը, կոկա-կոլան, շոկոլադը, կծու ու աղի կերակուրները:

Դժվար է  զերծ մնալ դիտողություններ անելուց , սակայն պետք է փորձել դա հնարավորինս մեղմ անել, որպեսզի երեխայի մեջ լարվածություն չառաջանա: Հակառակ պարագայում նրա մեջ տպավորություն կստեղծվի, որ ինքն անուղղելի չարաճճի է:  Եվ, բնականաբար, նրան ոչինչ չի մնա, քան համապատասախանելն այդ իմիջին:

Ankakh.com