Հայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են

Ջրծաղիկը վերջին տարիներին Հայաստանում գլուխ է բարձրացել:

Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

Նրա խոսքով` այս տարի հատկապես ձմռան ամիսներին  ջրծաղիկի դեպքերն ավելացել են:

«Այս պահին հստակ թվային տվյալներ չկան, թե հանրապետությունում քանի մարդ է ջրծաղիկով վարակվել, քանի որ ոչ բոլորն են դիմում հիվանդանոց. շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ»,-ասաց Ասոյանը:

Ջրծաղիկի  գաղտնի շրջանը 10-21 (հաճախ` 14) օր է: Հիվանդությունը  սկսվում է

թուլության զգացումով եւ ջերմաստիճանի բարձրացմամբ` մինչև 36-39 աստիճան C: Ապա դեմքի, գլխի մազածածկ հատվածի, իրանի եւ վերջույթների վրա ի հայտ են գալիս մանր, վարդագույն բծեր, որոնց տեղում այնուհետեւ առաջանում են բշտիկներ: Ցանն առաջանում է 1-2 օր ընդմիջումներով: Բշտիկները 2-3 օրից չորանում են եւ վերածվում կեղեւիկների, որոնք 1-3 օր անց չորանում են` չթողնելով սպիներ:

Սովորաբար, բուժումը կատարվում է տնային պայմաններում, սակայն նշանակում է բժիշկը: Քանի որ հիվանդության վարակելիության աստիճանը բարձր է, հիվանդին անհրաժեշտ է շտապ մեկուսացնել: Հարկավոր է հետեւել ձեռքերի մաքրությանը եւ եղունգները կարճ կտրել: Բշտիկների չորացումն արագացնելու նպատակով անհրաժեշտ է քսել ադամանդականաչի 1 %-անոց սպիրտային լուծույթ կամ կալիումի գերմանգանատի 1-2 %-անոց լուծույթ: Չի կարելի մաշկը քորել. դա հանգեցնում է սպիների առաջացման: Բարդությունների առաջացման դեպքում խորհուրդ է տրվում հիվանդին հոսպիտալացնել: