Հոգեբանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Արսեն Բաղդասարյան
Հարց-Բարև Ձեզ, իմ փոքրիկը մեկ տարեկան 7 ամսական է: Շատ հաճախ ատամները կրճտացնում է, չեմ հասկանում, թե ինչու: Հնարավոր է, որ պատճառը հոգեբանական լինի: Նաև հաճախ ուրախության պահերին կծում է, չնայած երբեմն կծում է նաև զայրույթի պահին:
Նախապես շնարհակալ եմ:

Պատասխան-Դա լինում է բարձր տագնապայնության դեպքում: Կծելը կարող է ագրեսիայի նշան լինել: Ագրեսիան ևս կարող է բարձր

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Արսեն Բաղդասարյան
Հարց-Բարև Ձեզ, իմ փոքրիկը մեկ տարեկան 7 ամսական է: Շատ հաճախ ատամները կրճտացնում է, չեմ հասկանում, թե ինչու: Հնարավոր է, որ պատճառը հոգեբանական լինի: Նաև հաճախ ուրախության պահերին կծում է, չնայած երբեմն կծում է նաև զայրույթի պահին:
Նախապես շնարհակալ եմ:

Պատասխան-Դա լինում է բարձր տագնապայնության դեպքում: Կծելը կարող է ագրեսիայի նշան լինել: Ագրեսիան ևս կարող է բարձր

տագնապայնության հետևանք լինել: Տագնապայնությունը բարձր է լինում տարբեր պատճառներով: Ամեն պարագայում արժե խորհրդակցել մասնագետի հետ: Երբեմն պատճառները հենց ծնողների որոշ բացթողումներն են լինում կամ նրանց խիստ լարվածությունը, պահանջկոտությունը, ծնողների սեփական հոգեբանական դժվարությունները կամ մեկ այլ բան: Ձեր դեպքում հստակ պատճառը հասկանալու համար կարելի է մասնագետի հետ խորհրդակցել, քանի որ կարիք կա հասկանալու, թե կոնկրետ որ գործոններն են երեխայի մոտ տագնապայնության հանգեցնում:

 


Անահիտ Մնացականյան

Հարց-Իմ տղան 4 տարեկան է: Մինչև եղբոր ծնունդը, կարծես, ավելի հանգիստ էր: Կամակորությունն ու յուրաքանչյուրիս խոսքին հակադրվելը նրա մոտ դառնում է բնավորություն: Հասկանում եմ, որ երկրորդ երեխայի ծննդյան գործոնը մեծ է այստեղ, փորձում եմ նրան միշտ ուշադրության կենտրոնում պահել, հաճախակի ասում եմ, որ իրեն շատ եմ սիրում և այլն, սակայն ոչ մի դրական փոփոխություն: Ինչպես վարվեմ?
Անահիտ

Պատասխան-Իր զարգացման ընթացքում երեխան հաղթահարում է մի քանի ճգնաժամային տարիքներ: Դրանք հիմնականում նրա անձի կամ հոգեֆիզիոլագիական խոշոր փոփոխությունների տարիներն են: Առաջինը նորածնության ճգնաժամն է, հետո 1 տարեկանի, հետո` 3 տարեկանի: Այս շրջանները համարվում է դժվար ժամանակներ դաստիարակության առումով: Ծնողներին միշտ դժվար է լինում այս շրջանում:  3 տարեկանի ճգնաժամին բնորոշ են կամակորությունը, հակառակվելը: Այդ տարիքը կամքի առաջացման և ձևավորման տարիքն է, երբ երեխան զգում է, որ կարող է և չենթարկվել մեծերին: Սովորաբար մեկ տարվա ընթացքում այս կամակորությունն ու կապրիզներն անցնում են:  Ձեր նկարագրածից այն տպավորությունն եմ ստանում, որ ձեր բալիկը անցնում է այս ճգնաժամը, որը ձգձգվում է դեռևս: Ձգձգվելը կարող է կապված լինել և ձեր դաստիարակչական մոտեցումների, և նոր երեխայի ծննդի, և այլ հանգամանքների հետ: Երեխային պետք է ամեն կերպ նոր բալիկի խնամքի գործընթացին մասնակից դարձնել: Նա կարող է ձեզ օգնել տարրական գործողությունները կատարելիս: Բացի դրանից, մի փոքր պիտի համբերատար լինեք նրա վարքի փոփոխության հանդեպ այս շրջանում, հիմա դաստիարակչական խիստ մոտեցումների ժամանակը չէ: Նոր երեխայի ծնունդը միշտ սթրեսային է լինում առաջին երեխայի համար, պետք է երեխային օգնել այս շրջանը հեշտությամբ անցնել: Շարունակեք ցույց տալ նրան ձեր սերն ու ջերմությունը և անպայման մասնակից դարձրեք փոքր երեխայի քնամքին: Եթե որևէ բան չփոխվի, խորհրդակցեք մասնագետի հետ:

Լիլի

Հարց-Հարցս վերաբերվում է  5-8 տարեկան երեխաների դաստիարակությանը: 
Խնդրում եմ հուշել` ճիշտ է արդյոք երեխային դաստիարակելիս երեխայի մեծին չլսելու և արդյունքում սխալ վարմունքի համար  նրան պատժելով զրկանքների միջոցով, ասենք օրինակ զրկել ինչ որ ժամանակով սիրած խաղալիքից կամ մուլտֆիլմ դիտելուց: Եվ եթե պատժից հետո նա կրկին շարունակում է կրկնել նույն սխալը, ապա ինչպես վարվել այս դեպքում և ինչ մեթոդներ կիրառել երեխային դաստիարակելիս:
Նախապես շնորհակալություն:

Պատասխան-Նախ պետք է հասկանալ` ինչ սխալի մասին է խոսքը: Բայց առհասարակ, պետք է խուսափել պատիժներից, քանի որ դրանք ընդամենը կենտրոնացնում են երեխայի ուշադրությունը այդ վարմունքի վրա: Իսկ մասնագետներին հայտնի է, որ երեխայի վարքում ամրանում են այն գծերը, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում, լինի դա պատժի ձևով, թե խրախուսանքի: Պետք է կենտրոնացնել երեխայի ուշադրությունը իր լավ վարքի վրա` խրախուսելով այն: Կայքում արդեն տրամադրվել է նյութ, որում, կարծում եմ, կգտնեք բազմաթիվ տարբերակներ պատժից խուսափելու համար:

Անի Ստեփանյան

Հարց-Աղջիկս 1,7 տարեկան է, վերջերս նրա հարաբերությունները հայրիկի հետ շատ են վատացել. Գրեթե միշտ բացասական վերաբերմունքով է ընդունում նրան աշխատանքից վերադառնալիս: Երբ հայրը տանը չի լինում, շատ ջերմորեն է արտահայտվում նրա մասին, իսկ գալուն պես նորից կամակորություն է անում: Նաև նկատել եմ, որ երբ միասին երկար ժամանակ են անցկացնում, և ավելի շատ այն դեպքերում, երբ ես նրանց հետ չեմ լինում, շատ են ընկերանում:
Նախապես շնորհակալություն:

Պատասխան-Հնարավոր է` ինչ որ բանից վախեցել է բալիկը, ինչ որ վարքի ձևից, հայացքից, խոսելու ձևից: Երեխաները երբեմն բարձր ծիծաղից էլ կարող են վախենալ, նրանք ոչ միշտ են հասկանում երևույթների իրական էությունը: Մի որոշ ժամանակ թող հայրիկը շատ զբաղվի իրենով, քնելուց առաջ թող պարտադիր քնքշորեն բարի գիշեր մաղթի, շատ գրկի, սիրի, աշխատավայրից թող զանգ տա ժամանակ առ ժամանակ: Եթե որևէ լուրջ առիթ չկա, մի որոշ ժամանակ հետո կանցնի այդ ամենը:

Արեւ

Հարց-Բարև Ձեզ,
Իմ փոքրիկը շուտով կդառնա 7 ամսական: Ինձ շատ է անհանգստացնում, որ նա շատ է ձայներից կամ ուրիշների շարժումներից վեր թռնում, վախեցած նայում: Ինձ հետաքրքրում է` դա անցնող խնդիր է, թե ոչ:

Պատասխան-Հնարավոր է, որ Ձեր բալիկը շատ խաղաղ մթնոլորտում է մեծանում, և աղմուկն իր համար անսովոր բան է: Եթե այդպես է, փորձեք աղմկոտ խաղեր խաղալ, ուրախ և աշխույժ մթնոլորոտում նա կսովորի աղմուկին ու այլևս չի վախենա: Եթե որևէ անգամ վախեցել է ինչ-որ ձայնից, ապա փորձեք այդ պահերին դեմքի շատ խաղաղ ու վստահ արտահայտությամբ, առանց որևէ տագնապի բացատրել նրան, որ վախենալու ոչ մի բան չկա, և ինչն էր աղմուկի աղբյուրը: Մի մտածեք, որ երեխան չի հասկանա ձեր բառերի իմաստը: Հումորով մոտեցեք այդ իրավիճակներին, ձեր վարքով և վստահությամբ ապացուցեք, որ վախենալու առիթ չկա: Մի’ վախեցեք, և ձեր բալիկն ավելի վստահ կմեծանա:

Աստղիկ

Հարց: հարգելի հոգեբան աղջիկս 1.6 տարեկան է ու ոչ մի կերպ չի համաձայնում քնել առանց օրորվելու: Նա անդադար լաց է լինում, մինչ ես կօրորեմ նրան ու բավական երկար ժամանակ է պահանջվում մինչ նա քնում է: խնդրում եմ խորհուրդ տալ ինչպես վարվել, ինչպես ետ սովորեցնել օրորելուց: Շնորհակալ եմ

Պատասխան-Քնի խանգարումները բարձր տագնապայնության նշան են: Տագնապի պատճառները շատ տարբեր կարող են լինել: Մեր հետագա հրապարակումներում կխոսենք նաև դրա մասին: Սակայն այս պահին, կարծում եմ, կարիք կա խոսելու օրորելու մասին: Օրորելը և նմանատիպ ռիթմիկ, կրկնվող գործողությունները նվազեցնում են տագնապը, խաղաղեցնում և օգնում երեխային քնել: Դրա մեջ վնասակար որևէ բան չկա: Իզուր չէ, որ դարեր ի վեր երեխային քնեցնում են օրորոցի մեջ: Սա օգնում է երեխայի շնչառության, սրտի աշխատանքի, բիոռիթմերի կարգավորմանը: Եթե ձեր բալիկը կարիք ունի օրորելու, ապա մի զրկեք նրան դրանից, բայց լավ կլինի, որ զուգահեռ երգեք նրա համար:  Եթե զգում եք` չի խաղաղվում, կարող եք սուրճի բաժակի մեջ մի քանի կաթիլ վալերիան կաթեցնել և դնել նրա օրորոցի մոտ: Լողացնելիս կարող եք մի քանի կաթիլ կաթեցնել լողամանի ջրի մեջ:

Անի

Հարց: Ինչպես  վարվել, երբ երեխան  կապրիզ  է անում` ասենք փողոցում պառկել է գետնին եւ խաղալիք է ուզում, կամ ուրիշ երեխայի խաղալիքն է ուզում եւ լացում է:

Պատասխան-Եթե ուզում եք, որ կապրիզները վերանան, երբեք ու ոչ մի դեպքում մի արեք իր ուզածը, եթե նա կապրիզով է դա պահանջում: Նման դեպքերում կապրիզները ամրապնդվում են: Կապրիզի էությունն էլ հենց դա է, որ ձեզ անհարմար դրության մեջ դնի, ու դուք ստիպված անեք իր ուզածը: Բնական է, որ դա դժվար իրավիճակ է, դուք կդժվարանաք մերժել երեխային, ավելի հեշտ կլինի անել իր ուզածը, քան թողնել, որ նա այդպես պառկած մնա: Բայց երեխայի լիարժեք զարգացման և հասունացման համար անհրաժեշտ է նրան սովորեցնել հաշտվել նմանատիպ իրավիճակներում իր պարտության հետ, հասկանալ, որ ուրիշների իրերը իրենը չեն դառնա և միշտ կլինի մի բան, որը ինքը կուզի, բայց չի ունենա:

Ատա

Հարց: Խնդրում եմ` ասեք 1.5 տարեկան երեխային ինչպես կտրել կրծքից, որ երեխան սթրես չտան: Եվ արդյոք հիմա ժամանակն է?  Կանխավ շնորհակալություն

Պատասխան-Իմ անձնական, մասնագիտական կարծքին է, որ երեխային պետք է կրծքից աստիճանաբար կտրել այն ժամանակ, երբ նա սկսում է ատամներ հանել և ուտել կոշտ սնունդ.  բնությունն է թելադրում ժամանակը, և նրանից շատ հեռանալ պետք չէ: Կրկնում եմ` աստիճանաբար, և սկսել այդ տարիքից: Ինձ հետ բնականաբար չեն համաձայնի շատ մասնագետներ, որովհետև ամենուր կարդում եմ տարբեր մասնագետների կարծիքներ, որոնք մեկը մյուսից էլ ավելի են տարբերվում: Որքան ուշ ենք ուզում կտրել կրծքից, այնքան դժվար է երեխան համակերպվում դրա հետ: Այժմ, ինչ էլ որ անեք, մի քիչ դժվար կլինի երեխայի համար, մի քիչ էլ Ձեզ համար, բայց պետք է անեք դա: Սթրեսներից շատ խուսափել պետք չէ, երեխան իր կյանքի ընթացքում միշտ կհանդիպի նմանատիպ իրավիճակների և պիտի մանկության շրջանում էլ ստանա իր բաժին սթրեսը, հետագայում սթրեսադիմացկունություն դրսևորելու համար: Ընթացքում նորից հայտնեք ձեր մտահոգությունների և երեխայի վարքի մասին, կփորձենք միասին անցնել այս շրջանը:


Սուսիկ


Հարց: Փոքրիկս 1,8 ամսական է, շատ խելացի բալիկ է, արդեն հաշվում է, գիտի գույները, անուն-ազգանուն, հայրանուն եւ այլն:  Ամեն ինչ հասկանում է, միայն խնդիր ունի գիշերանոթից օգտվելիս, անում է տակը: Եվ շատ դժվարությամբ է քնում թե ցերեկը, թե գիշերը: Շատ է կապվել համակարգչին, առանց երաժշտության չի քնում: Շնորհակալություն

Պատասխան-Ձեր հարցը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ երեխան պիտի զարգանա հարմոնիկ կերպով, չի կարելի ժամանակից առաջ ընկնել, ինֆորմացիայով ծանրաբեռնել երեխային: Երեխային պատմեք, ասեք այնքան, որքան նա պահանջում է, հարցնում,  հետաքրքրվում է: Հետևեք նաև երեխայի ֆիզիկական և հոգեբանական զարգացմանը: Գիշերանոթից օգտվել պետք է  սովորեցնել 9 ամսականից սկսած, երբ արդեն երեխան սկսում է նշան անել, որ ուզում է զուգարան: Ամառը լավ ժամանակ է երեխային տակդիրներից հետ սովորեցնելու: Հիմա ցերեկը փորձեք չհագցնել, հնարավորիս շատ պահեք առանց տակդիրի: Դրանից հետո կամաց-կամաց նաև գիշերը կսովորի:

Սակայն ես կցանկանայի որոշ հարցեր տալ ձեզ, որոնց պատասխանները նամակում չկան: Կարևոր է` երեխան ցերեկն է տակը թրջում, թե միայն գիշերը: Կարևոր է նաև երեխայի վարքը գիշերանոթից հրաժարվելու դեպքում:

Անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետի, երբեմն կարիք է լինում երեխային տեսնելու և առավել մանրամասն զրուցելու ծնողների հետ:


Վիկա

Հարց-Բարեւ Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ` իմ բալիկը  2,5 տարեկան է, ոչ մի կերպ քնել չի ուզում: Եթե անգամ շատ մեծ դժվարությամբ քնեցնում եմ, մեկ ժամ հետո զարթնում է ու նորից ուզում է խաղալ: Հատկապես գիշերն է ինձ մտահոգում, կապրիզ շատ է անում, նեղանում է, քնի մեջ լացում է, անհանգիստ շարժումներ է անում եւ այդպես մինչեւ լուսաբաց: Լուսաբացին միայն մի 4 ժամ խորը քնում է: Խնդրում եմ` ասեք` ինչ կարելի է անել: Նախապես շնորհակալ եմ

Պատասխան- Քնից առաջ պետք չէ ակտիվ խաղեր խաղալ: Կապրիզների հետ պետք է պայքարել` դրանք անտեսելով: Ցույց տվեք երեխային, որ դուք էլ եք ցանկանում քնել: Նա այն տարիքում է, որ արդեն կարող է հասկանալ այդ ամենը: Կարգավորեք քունը ժամերով: Հետևեք երեխայի բիոռիթմին. եթե չի ցանկանում քնել, ասենք, ժամը 9-ին, քնեցրեք ձեզ հետ միասին, պարտադիր չէ, որ բոլոր երեխաները քնեն նույն ժամին: Երեխաների անհատական առանձնահատկություններին պետք է ուշադրություն դարձնել: Մի’ մոռացեք, որ երեխաների մեջ էլ կան «բվեճներ» և «արտույտներ»:


Գայանե
Հարց: Բարև սիրելի \"Իմ փոքրիկ\" իմ աղջիկը 2տ 2 ամս. է, ավելի փոքր տարիքում ոչ մի վախեր չի ունեցել, մենք էլ չենք վախեցրել վախի մասին առհասարակ չենք էլ խոսել, բարձրությունից չի վախեցել, չի ընկել բարձրությունից: Հիմա արդեն մոտավորապես 3 ամիս է և բարձրությունից է վախենում, և դրսի դռնից վախենում է, իր սենյակ մտնելու համար պետք է անցնի դռան կողքով, վազելով գնում է մոռացած ու ճանապարհին տեսնում է դուռը ու արագ հետ է վազում: մի քիչ գրկած ժամանակ բարձրացնում ենք պինդ բռնվում է, ու սկսում վախեցած լացել, ես ամեն անգամ բցատրում եմ , որ շատ պինդ բռնել եմ, չեմ գցի, կամ դռնից ոչ մեկ ներս չի մտնի, բացի ընտանիքի անդամներից, նույնիսկ Ձմեռ Պապիկի նկարն էի փակցրել դռան վրա, սկզբում մեկ մեկ մենակ անցնում էր մոտով, հետո սկսեց ասել որ Ձմեռ Պապիկիցել է վախենում: Խնդրում եմ ասեք, արդյոք ինչպես կարող ենք հաղթահարել այդ վախերը: նախապես շատ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Պատասխան-Երեխաները իրենց զարգացման ընթացքում ունենում են տարիքային վախեր, որոնք բնական են և համարվում են նորմալ այդ տարիքում: Որոշ ժամանակ հետո դրանք անցնում են և իրականում վկայում են երեխայի նորմալ զարգացման մասին: Դրանք կարող են երբեմն սրվել և հետո խաղաղվել: 1-ից 3 տարեկանում երեխաները վախենում են, եթե վտանգ է սպառնում իրենց մտերիմ մեծահասակին, վախենում են նոր երեխայի ծննդից, նաեւ հանկարծակի ձայներից: Երեխայի վախի պահերին ամեն կերպ փորձեք ցույց տալ, որ վախենալու ոչինչ չկա, հումորով վերաբերեք, ծիծաղելի և ուրախ մի բան կազմակերպեք հենց այն վայրում, որտեղ նա վախենում է: Միևնույն ժամանակ երբեք մի ստիպեք հաղթահարել վախը, շատ մեծ կարևորություն մի տվեք այդ իրավիճակին, դեմքով վախ մի արտահայտեք, ինքներդ մի վախեցեք երեխայի վախից: Գրկեք ու ցույց տվեք, որ դուք չեք վախենում, ընթացքում անընդհատ ասեք, որ դուք իր կողքին եք և մենակ չեք թողնի երբեք: Այսինքն` ամեն կերպ վստահություն ներշնչեք երեխային:

Եթե երկար շարունակվեն վախերն ու  նկատեք, որ դրանք ավելանում են, դիմեք մասնագետի: