Հոգեբանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին -2

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 2-րդ խմբաքանակին:

Հարց -Էլեն Իմ փոքրիկը 2 տարեկան է, հրաշալի ընկալում է խոսքը, կատարում է հրահանգներս, բայց դեռ չի խոսում: Խնդրում եմ` ասեք` ինչպես նպաստեմ նրա խոսքի զարգացմանը:

Պատասխան- Եթե բալիկը դեռ չի խոսում,  դա չի նշանակում, որ նրա խոսքը չի զարգանում, նա հասկանում է բառերի իմաստը, և հնարավոր է` խոսքը շատ անսպասելի  կերպով ի հայտ գա: Սակայն դուք ճիշտ եք, որ պետք է օգնել խոսքի զարգացմանը: Մենք շուտով կանդրադառնանք այս

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 2-րդ խմբաքանակին:

Հարց -Էլեն Իմ փոքրիկը 2 տարեկան է, հրաշալի ընկալում է խոսքը, կատարում է հրահանգներս, բայց դեռ չի խոսում: Խնդրում եմ` ասեք` ինչպես նպաստեմ նրա խոսքի զարգացմանը:

Պատասխան- Եթե բալիկը դեռ չի խոսում,  դա չի նշանակում, որ նրա խոսքը չի զարգանում, նա հասկանում է բառերի իմաստը, և հնարավոր է` խոսքը շատ անսպասելի  կերպով ի հայտ գա: Սակայն դուք ճիշտ եք, որ պետք է օգնել խոսքի զարգացմանը: Մենք շուտով կանդրադառնանք այս

հարցին` առանձին հոդվածով: Սակայն հակիրճ ասեմ, որ պետք է երեխային «ստիպել», որ խոսի: Առարկաները ցույց տալիս ստիպեք նրան, որ ասի` ինչ է ուզում եւ միայն այդ դեպքում տվեք: Երեխան կարող է լաց լինել, կամակորություն անել,  պետք է դիմանալ մի փոքր, հակառակ դեպքում նա կծուլանա: Եթե երեխան ամեն ինչ հասկացնում է և դուք անմիջապես կատարում եք իր բոլոր «հասկացրածները», նրա խոսքը կարող է ուշանալ: Երեխային պետք է «ստիպել» զարգանալ: Այսինքն` նա պիտի խոսելու անհրաժեշտություն զգա:  Անընդհատ հիշեցրեք նրան հարազատ առարկաների անունները և ստիպեք, որ դրանք ուզի` անուններն ասելով:

 

Հարց –Արուսիկ Ստեփանյան-Սիրելիներս, ես երկու ամսական հղի եմ, բայց ահավոր ծանր եմ տանում, ամբողջ օրը թույլ եմ ինձ զգում, տրամադրություն չունեմ, չեմ ուզում շփվել որեւէ մեկի հետ, ախորժակ չունեմ, սրտխառնոց ունեմ, ամեն վայրկյան քունս տանում է: Ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից:

Պատասխան-Հղիության ընթացքում` հատկապես սկզբնական շրջանում, կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, հատկապես հորմոնալ ֆոնի փոփոխություններ: Դրանք իրենց հետ բերում են տրամադրության անկում, հուզական անկայունություն, բռնկունություն, զգայունություն: Պետք չէ մոռանալ նաև, որ ֆիզիկական վատ ինքնազգացողությունը ևս ազդում է հոգեվիճակի և տրամադրության վրա: Այս ամենը վերաբերում է այն դեպքերին, երբ կողմնակի բացասական ազդեցություններ չկան, ասենք` ընտանեկան կոնֆլիկտներ կամ այլ դժվարություններ: Եթե ամեն ինչ կարգին է, ապա պետք է փորձել դիմանալ եւ հաղթահարել այս շրջանը: Այս փոփոխությունները որոշակի չափով նորմալ են, հետևեք ձեր զգացողություններին, մի պայքարեք, թույլ տվեք ձեզ մի քիչ թույլ ու անպաշտպան լինել, խնդրեք ուշադրություն և մի ամաչեք այդ վիճակից: Հիշեք, որ դա ժամանակավոր է:

Հարց-Անահիտ- Մեծ աղջիկս 3,5 տարեկան է, շատ դժվարությամբ է քնում, նույնիսկ սենյակում մուլտեր եմ միացնում, չնայած գիտեմ, որ այդքան էլ ճիշտ չեմ անում: Ես կարող է ժամերով մոտը լինեմ, հեքիաթ կարդամ, մի կերպ քնի, բայց հենց հայրն է ասում, խելոք լսում է:

Պատասխան-Ակնհայտ է, որ ձեզ հետ բալիկն իրեն ավելի հանգիստ է զգում, մի փոքր անպատասխանատու, հնարավոր է` դուք ավելի մեղմ եք մոտենում, ավելի անհետևողական եք, քան հայրիկը, և նա չի ազդվում ձեր հրահանգներից: Պետք է մի փոքր հաստատակամություն դրսևորեք, հետևողական լինեք ձեր պահանջների մեջ: Համեմատեք ձեր ու հայրիկի խոսելաձեւը, փորձեք սովորել: Ձեր վարքով ցույց տվեք երեխային, որ տրամադրված չեք երկար նստելու: Եթե հեքիաթներով շեղվում է, ուրեմն` մի կարդացեք քնելուց առաջ:

Հարց-Սիրանույշ-Եթե երեխային անընդհատ ասեն` ջարդի, գցի, խփի, ինչ ուզում ես, արա եւ նմանատիպ բաներ, ապա ինչ հետեւանքների դա կհանգեցնի հետագայում, երբ երեխան մեծանա: Արդյոք դա չի նպաստի, որ երեխան դառնա ագրեսիվ, նյարդային, սկսի վնասել իր ընկերներին, որովհետեւ այդպես է ուզում:

Պատասխան- Կարծում եմ` «ջարդի´, խփի´, քցի´»  երբեք ու ոչ մի տարիքում էլ ասել պետք չէ: Եթե իսկապես այդպես բառացի անենք, ապա, իհարկե, երեխան կմեծանա նյարդային, լարված, ագրեսիվ, և նրա անձը դրանից շատ կտուժի: Բայց այլ բան  է, երբ փոքր հասակում երեխան պատահաբար ինչ-որ բան է կոտրում, կամ զայրույթն արտահայտում է խփելով, ու մենք մի քիչ հանդուրժող ենք լինում: Սա այլ բան է: Այս տարիքում երեխաները սովորում են մեզանից` ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում և երբեմն կարող են կոպիտ կամ ագրեսիվ լինել: Նրանք մեծանում են, և սովորում են ամեն բան փորձի ու սխալի մեթոդով:

Հարց-Անահիտ-Իմ բալիկը 1,3 տարեկան է եւ շատ լացկան է: Ամեն փոքր բանից սկսում է լացել եւ նյարդայնանալ: Չգիտեմ` ինչպես վարվել:

Պատասխան- Եթե լացկանությունը սկսվել է 1 տարեկանում կամ այդ տարիքին մոտ, ապա դա ավելի շատ 1 տարեկանի ճգնաժամին է նման: Այդ շրջանում երեխաների կյանքում 2 խոշոր փոփոխություն է տեղի ունենում` խոսքի և քայլքի առաջացումը: Այս շրջանում երեխաների վարքը փոխվում է, ավելի կամակոր են դառնում, լացկան, նյարդային: Դա կապված է և խոսքի դեռ ոչ լիարժեք ձևավորված լինելու հետ, և ներքին փոփոխությունների հետ: Այս դեպքում պետք է  ուղղակի մի փոքր հանդուրժող լինել, համբերատար և դիմանալ երեխայի վարքի փոփոխություններին: Պետք չէ երեխային պատժել կամ վախեցնել: Դուք նույնպես նրա վարքից տագնապի մեջ մի ընկեք:  Եթե այդ փոփոխությունները կապված չեն 1 տարեկան դառնալու հետ և վերջերս չեն առաջացել, ապա պետք է ավելի մանրամասն խոսել և հասկանալ պատճառը:

Հարց-Լենա-Իմ աղջիկը 1,8 տարեկան է: Արդեն մեկ ամիս է` ցերեկը կտրել եմ կաթից, բայց գիշերը չի ստացվում, անընդհատ լաց է լինում քնի մեջ և միայն ուտելուց հետո է հանգստանում եւ քնում: Ինչպես վարվեմ:

Պատասխան-Դժվարանում  եք կտրել կաթից,  որովհետև երեխայի մոտ արդեն կայուն սովորություն է  ձևավորվել: Այդ  սովորություններից  առաջինը կրծքի կաթ ուտելն է, որը,  իմ կարծիքով, 1 տարեկանից հետո սխալ է (չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչեւ 2 տարեկան խրախուսում է կրծքի կաթով կերակրումը), երկրորդը` գիշերը ուտելը, որը ևս պետք է աստիճանաբար պակասեցնել, սկսած 4-5 ամսեկանից: Այժմ կարող եք կրծքի կաթը փոխարինել որևէ այլ հեղուկով, թեյով, հնարավորինս քիչ շաքարավազով: Կամաց-կամաց երեխային հետ սովորեցրեք գիշերային սննդից: Երբեմն մայրիկներն ալարում են եւ դրա համար էլ ձգձգում են երեխային կրծքից կտրելը: Այստեղ դրա տեղը չէ, պետք է երեխան սովորի արդեն ամբողջ գիշեր քնել, առանց ուտելու և արթնանալու:

Հարց-Սեդա-Շատ եմ տեսել ծնողների, որոնք փողոցում հանդիպում են հետեւյալ խնդրին` երեխան  ճանապարհի կեսից  ուղղակի հրաժարվում է  շարունակել ճանապարհը: Նստում է հատակին կամ սկսում է խաղալ խոտերի ու քարերի հետ: Ու ինչքան էլ մայրը կանչում է երեխային, թե արի  գնանք տուն կամ այլ տեղ, երեխան չի գալիս: Ինչպես վարվել նման դեպքերում:

Պատասխան-Ձեր նկարագրած դեպքը համառության և կամակորության է նման, որը կարող է ամեն տարիքում մի երեւույթի դրսևորում լինել, և մոտեցումն էլ համապատասխանաբար կարող է փոքր-ինչ տարբեր լինել: Ամեն դեպքում կամակորության դեմ պայքարի միջոցն անտեսումն ու տեղի չտալն է: Հակառակ դեպքում այն կարող է ամրապնդվել և դառնալ բնավորության մաս: Երեխան միշտ պիտի ճանաչի սահմանները և դրանց հաստատումը պետք է լինի ծնողի կողմից: Եթե երեխան սկսում է նման վատ վիճակի մեջ դնել ծնողին հատկապես փողոցում, սա կարող է նաև ծնողների հանդեպ ագրեսիայի մի ձև լինել: Նման դեպքերում կարելի է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ միայն հստակ պատճառը հասկանալու դեպքում կարելի է ճիշտ լուծում գտնել:

Հարց-Մարիա-Ես ամուսնալուծված եմ, ունեմ 3.9 տարեկան շատ լավ ու խելացի աղջիկ: Նախկին ամուսնուս հետ շատ լավ հարաբերություններ ունենք, աղջիկս շատ կապված է հոր հետ: Վերջերս շատ ագրեսիվ է դարձել, կռվում է, ըմբոստանում: Երեխաս ամբողջ օրը տանն է, ինձ հետ է, մանկապարտեզ դեռ չի հաճախում: Ինչպես օգնել երեխային:

Պատասխան- Ժամանակն է, որ բալիկը մանկապարտեզ հաճախի: Դա կօգնի նրան` բավարարելու իր շփման, զարգանալու, ժամանցի բնական պահանջմունքները: Վարքի փոփոխման պատճառները բազմաթիվ կարող են լինել` որևէ վատ իրադարձություն, վախ, փոփոխություն, վախեցնող մուլտֆիլմն անգամ:  Ուշադրություն դարձրեք, թե երբ է սկսել երեխայի վարքի փոփոխությունը: Դա կօգնի` հասկանալու. թե ինչն է դրա առիթը հանդիսացել:

Հարց-Արման-Երեխան միշտ ոչ է ասում, երբ բարկանում է, ապտակում է մորը եւ հորը, հետո ինքնիրեն: Վերջում զղջում է, ջանում է մեղմվել: Ինչ կարելի է անել:

Պատասխան-Լավ նախադեպ չէ, որ երեխան հարվածում է բարկության պահին, եւ մեծերն էլ հանդուրժում են:  Նրա մոտ կարող է ամրապնդվել զայրույթը հարվածով արտահայտելու ձևը: Եթե երեխան ջղայնանում է ինչ-որ բանից այն աստիճան, որ ուզում է հարվածել, պետք է նրան ամուր գրկել կամ ամուր պահել, որ նա չկարողանա հարվածել: Եթե զայրանում է արգելքներից, ապա պետք է բացատրել ընթացքում արգելքի պատճառը, անհրաժեշտությունը, խոսելիս լինել  հնարավորինս հանգիստ և հաստատակամ: Եթե այլ պատճառով է զայրանում կամ ուղղակի ուզում է հարվածել, ապա լավ կլինի նրան ցույց տալ թե ինչին կարելի է հարվածել` բարձ, փափուկ խաղալիք, մեծ գնդակ և այլն: Կան ծեծելու և ագրեսիան հանելու համար հարմար ռետինե տիկնիկներ, որոնք նման դեպքերում շատ օգտակար են:

Հարց-Սեդա- Ես հղի եմ եւ շատ նյարդային եմ դարձել: Դրան նպաստում է մեր տան լարված մթնոլորտը: Այդ վիճակից ելնելով` ես իմ կամքից անկախ ծեծում եմ 7 ամսական փոքրիկիս:  Ինչ խորհուրդ կտաք` այս վիճակից դուրս գալու համար:

Պատասխան-Իհարկե, 7 ամսական փոքրիկին ծեծելու համար ոչ մի առիթ չի կարող լինել: Եվ եթե արդեն դիմում եք այդ քայլին, կարծում եմ` արժե դիմել հոգեբանին:

Սակայն փոքրիկին պաշտպանելու համար ուզում եմ բացատրել ձեր վարքի պատճառը: Ձեր ներկայիս ֆիզիկական վիճակը, տան վատ մթնոլորտը, շրջապատող մեծահասակների վարքը, որոնց հանդեպ, վստահ եմ, չեք կարողանում արտահայտել ձեր զայրույթը, առաջացնում են ուժեղ անկարողության զգացում: Այդ անկարողությունն է, որ ստիպում է ուժեղ զայրույթ ապրել: Միակ մարդը, ով անպաշտպան ու անկարող է, ով չի կարող պատասխանել ձեզ նույն կերպ, բալիկն է, ով ստանում է այդ ամենից ամենավատ բաժինը: Նախ` պետք է փորձեք փոխել այն մարդկանց արժեքը, ում վրա զայրանում եք, և այն մարդու, ում զայրույթից ծեծում եք: Վստահ եմ, որ նրանք, ովքեր զայրացնում են, քիչ կարևոր են, բայց սխալմամբ առավել կարևորել եք նրանց: Փոքրիկը ծնվում է մեզ ուրախացնելու և երջանկություն պարգևելու համար, և ոչ մի դեպքում նա չպիտի դառնա մեր զայրույթի առարկան:

Հարց-Օգսաննա- Կցանկանայի իմանալ` ճիշտ է արդյոք, որ երբ երեխան սկսում է ճանաչել մայրիկին, մոր մազերը սկսում են թափվել: Եթե այո, ապա ինչից է դա կախված եւ որքան ժամանակ է տեւում:

Պատասխան- Եթե որևէ բան ասում է ժողովուրդը, ապա դա անպայման հիմք ունի: Սակայն երեխան մայրիկին ճանաչում է ծնված օրվանից: Մոր հոտը, ձայնը, սրտխփոցը հանգստացնող և խաղաղեցնող ազդեցություն է ունենում երեխայի վրա: Սովորաբար մազաթափությունը որոշ ժամանակ տևում է, ապա կանգ է առնում և վերականգնվում: Սակայն այս երևույթները շատ անհատական են և անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել, անհրաժեշտության դեպքում նաև վերականգնող բուժում ընդունել:

Հարց-Ալվինա- Բարև ձեզ: Իմ տղան 3 տարեկան է, շատ ակտիվ ու չափից շատ ժլատ: Ինձ չի լսում, ես տարբեր ձևերով փորձել եմ նրան ուղղել, բայց չի ստացվում:

Պատասխան-Որպեսզի երեխան կիսվի իր խաղալիքներով, կոնֆետով, պետք է մանկուց նրան սովորեցնել, որ իրեն շրջապատող մարդիկ ունեն իր նման ցանկություններ ու պահանջներ: Իր կոնֆետը կիսեք, ինքներդ կերեք իր ներկայությամբ, փոքրիկ քաղցրավենիքը կերեք իր հետ միասին, համեղ պատառը միայն իրեն բաժին մի դարձրեք: Երեխան ընտանքիում պետք է սովորի կիսել իր ունեցածը, չվախենալ դրանից:

Հարց-Նունե- Խնդրում եմ` պատասխանեք,1 տարի 4 ամսական երեխան անընդհատ փնտրում է մազ և ուտում: Ինչ անենք և ինչից է: Սպասում ենք պատասխանին:

Պատասխան-Անպայման պետք է դիմել մասնագետի, քանի որ գործ ունեք տրիխոտիլոֆագիա կամ տրիխոտիլոմանիա երևույթի հետ, որը հոգեկան անկայունության, կպչուն գործողությունների հակվածության, բարձր տագնապայնության մասին է խոսում: Թողնել կամ սպասել պետք չէ: Անհրաժեշտ է դիմել հոգեբանի և նյարդաբանի խորհրդատվությանը:

Հարց-Նարինե-Իմ փոքրիկը 4.7 տարեկան է: Արդեն մեկ տարի է` հաճախում է մանկապարտեզ, բայց դեռ չի կարողանում լիարժեք բացվել ու խաղալ, անգամ չի խոսում, բայց երբ տուն է գալիս, ակտիվ է եւ վերարտադրում է այն ամենը, ինչ անում եւ սովորում է այնտեղ: Կարծում եմ, որ դա կարող է կապված լինել նաեւ դաստիարակուհու հետ: Ինչ անել:

Պատասխան- Եթե երեխան մանկապարտեզում չի շփվում հասակակիցների հետ, չի խաղում,  անգամ չի խոսում, արժե մտածել դրա մասին:  Նմանատիպ շփման խնդիրը կարող է լինել տարբեր պատճառներով` տագնապայնությունից, որևէ վախից, դաստիարակությունից, մանկապարտեզի մթնոլորտից, դաստիարակների վերաբերմունքից, շփման հմտությունների պակասից, որևէ հոգեցունց իրողության հետևանքից: Սա կարող է նաև ծնողների որևէ հոգեբանական խնդրի արդյունք լինել, ասենք` ծնողներն իրենք առանձնակի շփվող չեն  կամ շարունակ  վախենում են երեխայի համար, և անհանգստանում են, երբ նա շփվում է այլ երեխաների հետ: Երբեմն ծնողների ներքին, չարտահայտված վախերը նման արտահայտումներ են գտնում երեխաների վարքում: Փորձեք մանկապարտեզի երեխաներից ամենամեղմ ու շփվող բալիկներից մեկին կամ երկուսին հրավիրել ձեր տուն, օգնել,  որ երեխան իր համար ապահով մթնոլորտում սովորի շփվել նրանց հետ: Հետո իրեն ավելի հեշտ կլինի շփվել պարտեզում նրանց, ինչպես նաև այլ երեխաների հետ: Եթե նման փորձերը չօգնեն, հարկավոր է մասնագետի հետ խորհրդակցել:

 

Կարդացեք նաև`

Հոգեբանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին