Հոգեբանի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին -3

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 3-րդ խմբաքանակին:

Հարց-Հերմինե-Բարեւ, հարգելի հոգեբան: Նախ` շնորհակալություն մեզ` մայրերիս, ձեր ուշադրությանն արժանացնելու համար...Ինձ հետաքրքրում է հետեւյալը. Արմենս 7 ամսական է, քնում է միայն ձեռքերիս` օրորելով, ոչ մի այլ կերպ չի քնում: Ինչպես կարող եմ լուծել այդ խնդիրը: Նա այլ կերպ չի քնում: Ուժգին լացում է` կապտելու աստիճան:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 3-րդ խմբաքանակին:

Հարց-Հերմինե-Բարեւ, հարգելի հոգեբան: Նախ` շնորհակալություն մեզ` մայրերիս, ձեր ուշադրությանն արժանացնելու համար...Ինձ հետաքրքրում է հետեւյալը. Արմենս 7 ամսական է, քնում է միայն ձեռքերիս` օրորելով, ոչ մի այլ կերպ չի քնում: Ինչպես կարող եմ լուծել այդ խնդիրը: Նա այլ կերպ չի քնում: Ուժգին լացում է` կապտելու աստիճան:

Պատասխան-Պետք է հիշել, որ երեխան ձեռքերին քնելը սովորել է աստիճանաբար, հետևաբար դրանից հետ վարժվելը ևս պետք է լինի աստիճանաբար: Սկզբում պետք է փորձել երեխային տեղափոխել այն ժամանակ, երբ արդեն քնած է, ապա աստիճանաբար պառկեցնել երեխային այն պահին, երբ արդեն քուն է մտնում: Այդ ընթացքում, բնականաբար, կարթնանա ժամանակ առ ժամանակ և լաց կլինի: Լաց լինելիս նորից պետք է օրորել ձեռքերին և կրկին տեղափոխել իր մահճակալ: Զուգահեռաբար պետք է երեխայի համար ձևավորել քնելու «րիտուալ», այսինքն` կոնկրետ մի երգ, որը կերգեք  նրան քնեցնելիս, կոնկրետ մի հեքիաթ, որը կկարդաք քնելուց առաջ, մի գործողություն, որը կապված կլինի  քնելու հետ և որը կանեք միայն այդ ժամանակ: Նմանատիպ գործողությունները երեխաների մոտ ձևավորում են քնելու հատուկ սովորություններ, որոնք օգնում են խաղաղվել և տրամադրվել քնի:

Հարց-Հասմիկ Վարդանյան-Հարգելի հոգեբան, տղաս 4 տարեկան է, շատ խելացի է, իր տարիքի երեխաների հետ համեմատած ավելի մեծ բառապաշար ունի, սակայն բանաստեղծություններն անգիր ասելու փոխարեն պատմում է իր բառերով: Ինչ կարող եմ անել, որ օգնեմ` անգիր սովորի:

Պատասխան-Հարգելի Հասմիկ, նախ պետք է պարզենք՝ արդյոք կարիք կա, որ երեխան անգիր սովորի: Սովորաբար երեխաները տարրական դպրոցում են մեխանիկական հիշողությունից անցնում տրամաբանական հիշողության: Դա շատ ավելի դժվար է: Երբ երեխան այդ տարիքում ունի զարգացած տրամաբանական հիշողություն, կարծում եմ՝ կարիք չկա նրան ստիպելու հիշել մեխանիկորեն: Դա էլ իր առանձնահատկությունն է: Սովորաբար խելացի և տրամաբանող երեխաների մոտ այդպես էլ լինում է, նրանք տրամաբանորեն են հիշում և դժվարանում են մեխանիկորեն անգիր անել:

Հարց-Անի- Բարեւ Ձեզ, աղջիկս 1,8 տարեկան է: Վերջին շրջանում գիշերն արթնանում է եւ սկսում լաց լինել, բայց ոչ ճչալով եւ երկար ժամանակ չի հանգստանում: Ես փորձում եմ մեղմ ձայնով խոսել նրա հետ, երգել նրա համար, մինչեւ հանգստանա: Այդ երեւույթը երեխայի մոտ կրկնվում է  շաբաթվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ: Ուզում եմ հասկանալ պատճառը, ինչից կարող է լինել:

Պատասխան - Երեխայի անսպասելի գիշերային լացը կարող է շատ պատճառներ ունենալ` սկսած հոգեբանականից, վերջացրած նյարդաբանական խնդիրներով: Մահճակալից ընկնելն ինքնին պատճառ չէ, եթե երեխան որևէ վնասվածք չի ստացել: Սակայն այդ ամենը պարզելու համար պետք է քննարկել երևույթը մասնագետի հետ և նրա հետ միասին գտնել: Նախ պետք է դիմել մանկաբույժին և նյարդաբանին: Եթե նյարդաբանական պատճառները բացառվեն, նոր արժե դիմել հոգեբանին: Բոլոր երեխաների մոտ այդ երևույթը միևնույն պատճառով չի լինում: Հնարավոր է՝ վատ կամ վախեցնող երազ է տեսնում: Սովորաբար քնի խանգարումները տագնապայնության նշան են: Հնարավոր է՝  ինչ որ բան է եղել, որը երեխային անհանգստացրել  կամ վախեցրել է:  Դուք ճիշտ եք վարվում, գուցե մի որոշ ժամանակ անց  ամեն բան խաղաղվի ու անցնի:

Հարց-Սիսի-Հարգելի հոգեբան, ինձ մի հարց է  տանջում: Փոքրիկս 10 ամսական է, նկատում եմ, որ ինձ հետ այդքան էլ կապված չէ, ավելի շատ տատիկի հետ է  կապված: Մայրական խանդ է  առաջանում ինձ մոտ: Հնարավոր է, որ տատիկի հետ ավելի կապված լինի, քան մոր հետ:

Պատասխան - Իրավիճակն իրականում բավական բարդ է և բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Սակայն ես կփորձեմ հնարավոր տարբերակները քննարկել:  Երբեմն առաջնեկի դեպքում մայրիկներն իրենց բավարար չափով վստահ չեն զգում: Մայրիկին շրջապատող մեծահասակները ևս կարող են խանգարել այս դեպքերում: Այսինքն՝ մայրիկին օգնելու փոխարեն, նրանք հաճախ սկսում են իրենք անել ամեն բան` խանգարելով մայրիկին կամ մատնացույց անելով նրա բացթողումները: Այս երևույթներն էլ ավելի են մեծացնում մոր անվստահությունն ու լարում են նրա նյարդային վիճակը: Այդ հոգեվիճակը, անհանգստությունը զգում են նաև երեխաները: Իսկ երեխաները, անկախ ամեն բանից,  ավելի ապահով են իրենց զգում ուժեղ և ինքնավստահ մարդկանց մոտ: Եթե նկատում եք նման երևույթ, ապա փորձեք աշխատել ձեր ինքնագնահատականի և ինքնավստահության վրա, մի անհանգստացեք, եթե այլ մարդիկ շատ շփվեն բալիկի հետ, մի վախեցեք, որ կկապվի որևէ մեկին: Հիշեք՝ ձեր բալիկը, միևնույն է, ձերն է և ամենից շատ կապված է լինելու ձեզ հետ:

Եթե չդադարեն այդ վախերը, ապա քննարկեք ձեր ապրումները հոգեբանի հետ, դրանք հաճախ խորքային արմատներ են ունենում և կարող են խանգարել երեխայի հետ առողջ փոխհարաբերությունների ստեղծմանը:

Հարց - Սոնա Սարգսյան-Բարեւ Ձեզ, երեխաս 4 տարեկան է եւ ուզում է միշտ մեր կողքին քնել: Գիշերը ես տանում եմ իր տեղը, ինքը նորից գալիս է: Ինչ խորհուրդ կտաք:

Պատասխան - Կարևոր է հասկանալ՝ ինչու է գալիս, երբ է դա սկսվել, երեխան ինչպես է պատճառաբանում իր գալը: Եթե նրան անհանգստացնում են վախերը, սա այլ բան է, եթե նա ուղղակի կամակորություն է անում, այստեղ ևս մոտեցումները այլ են, եթե անհանգստությունը սկսել է այն պահից, երբ  իմացավ՝ երկրորդ բալիկին  եք սպասում, այստեղ կրկին տարբեր են մոտեցումները:  Ամեն դեպքում պետք է հետևողականորեն  նրան տանել իր մահճակալ, «ստիպել», որ քնի իր անկողնում: Հաճախակի մեծերի մոտ քնելը կարող է սովորություն դառնալ, որից ազատվելն ավելի դժվար կլինի:

Հարց – Սեդա- Երեխան 1.9 ամսական է, բայց խոսքի զարգացումը շատ դանդաղ է: Ամեն ինչ հասկանում է, բայց չի կարողանում արտահայտվել և դրանից նեղվում է: Ինչ կարելի է անել՝ փոքրիկի օգնելու համար:

Պատասխան

Կայքում արդեն տեղադրված է «Ինչպես խթանել երեխայի խոսքի զարգացումը» հոդվածը: Կարդացեք դա: Եթե ձեր հարցի պատասխանն այնտեղ չգտնեք, նորից տվեք հարցը, և մենք կփորձենք կոնկրետ ձեր դեպքի համար որևէ խորհուրդ տալ:

Հարց – Սոնա Սարգսյան – Հարգելի Անուշ, աղջիկս 2. 3  տարեկան է եւ դեռ կուրծք է ուտում: Ուզում եմ կտրել, բայց դեռ չի ստացվում: Ինչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Եթե երեխան մինչ այս կուրծք է կերել ոչ միայն քաղցած  ժամանակ, այլև լաց լինելիս, քնելիս, անհանգիստ պահերին, եթե երեխան սովոր է, որ իր բոլոր ցանկությունները կատարվեն առանց այլևայլության, ապա ավելի դժվար կլինի:

Շատ կարևոր է նաև մոր պատրաստակամությունը: Դուք ինքներդ պետք է  ձեր ներսում պատասխանեք այն հարցին, թե արդյոք ցանկանում եք, որ երեխան կտրվի կրծքից: Հաջորդ քայլը հաստատակամությունն է, երեխայի լացն ու թնգթնգալը չպետք է թուլացնեն ձեզ և ստիպեն զիջումների գնալ: Հաջորդ քայլը պետք է զուգահեռ արվի` անընդհատ խրախուսելով երեխայի՝ մեծի նման պահվածքը՝ բացատրելով, որ մեծ բալիկները չեն ուտում մամայի կաթիկը, այլ խմում են բաժակից:

Ամեն կերպ խրախուսել այն բոլոր անգամները, երբ երեխան իրեն մեծի նման է պահում: Պետք է նրա մոտ մեծանալու մոտիվացիա առաջացնել և չխրախուսել մանկական պահվածքը:

Հարց – Էլեն – Բարեւ Ձեզ: Իմ բալիկը  2 տարեկան է,  բայց դեռ չի խոսում: Վերջին օրերին շատ նյարդային է դարձել. բղավում է եւ լալիս, երբ մի բան է ուզում, կամ երբ նկատողություն եմ անում: Հասկանում եմ, որ դա, կարող է, չխոսելու պատճառով է, բայց մտավախություն ունեմ, որ կարող է կամակոր դառնալ, եթե կատարեմ նրա բոլոր ցանկությունները: Ինչպես վարվեմ: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան - Դուք ճիշտ եք, երեխայի նյարդային վիճակի պատճառը կարող է խոսքի ուշանալը լինել: Բնականաբար այս փուլում ինքն ավելի նյարդային կլինի, դժվար կտանի սահմանափակումները: Բայց ոչ մի դեպքում պետք չէ կատարել նրա բոլոր պահանջները, դրանից կամակորություն կառաջանա: Պետք է ուղղակի լինել հաստատակամ, և մերժելու դեպքում ոչ մի պարագայում որոշումը չփոխել և չզիջել: Սակայն պետք է նաև խուսափել զայրույթ կամ վախեցնող դեմքի արտահայտությունից և գործողություններից, դրանք անօգուտ են և բացասական հետևանքներ են ունենում: Նման դեպքերը պետք է քիչ լինեն, սահմանափակումներն էլ տրամաբանական, հակառակ դեպքում երեխան ավելի նյարդային կդառնա:

Հարց  - Հասմիկ - Բարեւ Ձեզ, իմ բալիկը 4 ամսական է եւ հաճախ գիշերը բարձր  ճչում է: Երեւի վատ երազ է տեսնում: Ինչ խորհուրդ կտաք այդ ժամանակ:

Պատասխան - Այս տարիքում երեխան գիշերը կարող է լաց լինել ատամների, փորիկի կամ մեկ ուրիշ անհանգստության պատճառով: Անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել` մանկաբույժի կամ մանկական նյարդաբանի: Այս շրջանում երեխայի լացը նրա միակ միջոցն է՝ իր ֆիզիկական վիճակի մասին հայտնելու:

Եթե երեխան գիշերը ճչում է ու չի հանգստանում, կարելի է գրկել նրան և գլուխը դնել մայրիկի սրտի կողմը, այնպես, որ բալիկի ականջը լինի մոր սրտին: Մոր սրտխփոցի ձայնը խաղաղեցնում է երեխաներին այս տարիքում: Չէ որ այս ձայնն են նրանք լսում ամբողջ 9  ամիսների ընթացքում: Եթե զգում եք, որ ոչ մի կերպ չի խաղաղվում, վստահ եք, որ ոչ մի տեղ չի ցավում, չի շոգում, չի մրսում և ֆիզիկական որևէ անհանգստություն չունի,  ապա անպայման դիմեք բժշկի:

Հարց  - Լիլի -Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ինչով է պայմանավորված 6-7 տարեկան երեխայի հակվածությունը սև գույնի նկատմամբ, այսինքն՝ երբ երեխան աշխատում է պլաստիլինով, հաճախ ընտրում է սև գույնը: Իսկ ոչ համապատասխան գույնի առարկա  ծեփելիս կամ նկարելիս  սկսում է սև գույնով բոլոր պատկերները եզրագծելուց:  Նախապես շնորհակալություն:

Պատասխան - Գույնի ընտրությունը կարող է կապված լինել երեխայի երևակայության և ոչ ստանդարտ մտածողության հետ: Մեր բոլորի դաստիարակությունը և սոցիալական կարծրատիպերը ստիպում են խուսափել սև գույնից` դրան ինչ-որ բացասական որակում տալով: Սակայն սև գույնը, երեխայի ընկալմամբ, կարող է լինել ուղղակի ամենահագեցած, ամենալավ երևացող գույնը, որով կարելի է եզրագծել նկարը, ավելի շեշտել մյուս գույները:

Եթե բացի այդ գույնի օգտագործումից երեխան անհանգստացնող վարքային կամ հուզական դրսևորումներ չունի, ապա մտահոգվելու կարիք չկա, իսկ եթե կան անհանգստացնող երևույթներ երեխայի վարքում, ապա պետք է դրանց մասին մտածել, իսկ գույների օգտագրոծումն այստեղ երկրորդական նշանակություն ունի:

Հարց-Արգինե -Սիրելի հոգեբան, խնդրում եմ՝ Ձեր խորհուրդներով օգնեք փոքրիկիս ավելի ինքնավստահ եւ անվախ մեծացնել: Իմ տղան 2.7 տարեկան է, սկզբում շատ համարձակ էր եւ իրավունքի տերը: Հիմա` ոչ: Անգամ երբ բակում իր  խաղալիքները ձեռքից վերցնում են, հապաղում է, չի պահանջում վերադարձնել: Գալիս, ինձ կամ հորն է խնդրում միջամտել: Նույնը հարվածելիս: Եթե իրենից փոքր աղջիկն անգամ ճչում է, տղաս վախվորած ձեռքից թողնում է խաղալիքները: Ինչ է, ըստ Ձեզ, հարկավոր անել, որ երեխան չխեղճանա միջավայրում, կարողանա պաշտպանել իրավունքն ու ավելին` համարձակորեն պահանջի ուզածը: Ասեմ, որ մենք շատ քաղաքավարի ենք մեծացրել ու դաստիարակել, անգամ վատ բառեր չի օգտագործում: Օգտագործելիս էլ` ներողություն է խնդրում: Շնորհակալություն` ժամանակ տրամադրելու եւ մեր խնդրին անդրադառնալու համար:

Պատասխան - Երեխային պետք է օգնեք, որ իրեն պաշտպանի, չափազանցված պահանջներ մի դրեք նրա առջև, մի պահանջեք ամեն ինչում ճիշտ լինել, անդադար դիտողություններ մի արեք, իդեալականություն մի սպասեք: Դուք շատ քաղաքավարի եք մեծացնում իրեն, բայց արդյոք թույլ եք տալիս, որ մի քիչ կոպիտ լինի, կամ իրենը պնդի, կամ անգամ մի փոքր էլ վատ խոսք ասի: Բակում, այլ երեխաների հետ շփվելիս նման որակները պետք են: Շատ քաղաքավարի բալիկները հաճախ չեն կարողանում իրենց պաշտպանել: Պիտի սովորեցնեք իրեն պաշտպանել: Եթե դուք շատ քաղաքավարի եք մեծացնում նրան, բնականաբար նա չի համարձակվի բակում ուրիշ երեխայի հրել կամ բղավել վրան, իրենը առաջ տանել, անգամ երբ իրեն նեղացնում են: Նա գիտի, որ նման բաներ անել չի կարելի և չի անում: Հետևաբար պիտի պակասեցնեք պահանջները տանը, թույլ տաք լինել մի քիչ  չարաճճի: Երեխայից պահանջեք մանկական քաղաքավարություն, ոչ ավելին: