Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-5

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 5-րդ խմբաքանակին:

ՀարցԱրեւիկ- Բարեւ Ձեզ, փոքրիկս շուտով 5 տարեկան կդառնա, բայց խմբակներ չի հաճախում:  Քոլեջ գնաց մեկ ամիս, ինձ հետ էր նստում դասարանում, մենակ չի կարողանում նստել, ինչ-որ վախ է մտել մեջն ու դուրս չի գալիս: Ինչ խորհուրդ կտաք, ինչպես վարվել:

Պատասխան-Մորից հեռանալու վախը երեխայի մոտ կարող է լինել օտար երեխաներից վախի, մենակ մնալու վախի կամ շատ այլ վախերի դրսևորման ձև, շփման հմտությունների պակաս կամ որևէ տրավմատիկ իրողության հետևանք, ընդհանուր տագնապայնության դրսևորման ձև:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 5-րդ խմբաքանակին:

ՀարցԱրեւիկ- Բարեւ Ձեզ, փոքրիկս շուտով 5 տարեկան կդառնա, բայց խմբակներ չի հաճախում:  Քոլեջ գնաց մեկ ամիս, ինձ հետ էր նստում դասարանում, մենակ չի կարողանում նստել, ինչ-որ վախ է մտել մեջն ու դուրս չի գալիս: Ինչ խորհուրդ կտաք, ինչպես վարվել:

Պատասխան-Մորից հեռանալու վախը երեխայի մոտ կարող է լինել օտար երեխաներից վախի, մենակ մնալու վախի կամ շատ այլ վախերի դրսևորման ձև, շփման հմտությունների պակաս կամ որևէ տրավմատիկ իրողության հետևանք, ընդհանուր տագնապայնության դրսևորման ձև:

Սակայն երեխայի` մորից անջատվելու վախը կարող է լինել նաև մոր` երեխային հեռու թողնելու վախի պատճառով: Նման վախեր կարող են առաջանալ այն մայրիկների մոտ, ովքեր վախեցել են հղիության ընթացքում կորցնել երեխային: Երբեմն նրանք ուղղակի չափից դուրս վախենում են երեխայի վնասվելուց, այդ պատճառով անգիտակցաբար խրախուսում են երեխայի կախվածությունը մորից: Եթե այս տեսակետերը ձեզ չուղղորդեն` հասկանալու երեխայի վախի պատճառը, ապա դիմեք մասնագետի խորհրդատվությանը. այս խնդիրը հետագայում կարող է դառնալ դպրոցական տագնապայնության պատճառ:

Հարց – Խաթուն- Բարեւ Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, չգիտեմ` տղայիս հետ ինչ է կատարվում: Նա 2,7 տարեկան է, եւ նրան չեմ կարողանում տանից դուրս հանել: Երբ փորձում եմ ինչ-որ տեղ տանել, նա սկսում է լացել, ու անհնար է ձայնը կտրել: Ես ունեմ ընտանեկան պրոբլեմներ ու հերթական  վեճի ժամանակ ես երեխայի հետ որոշեցի տեղափոխվել հայրական տուն: Չգիտեմ` ինչ մոտեցում ցույց տամ: Նշեմ նաեւ, որ տղաս դեռ չի կարողանում նորմալ խոսել եւ բացատրել: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան- Առհասարակ պետք է խուսափել և երեխաներին զերծ պահել ընտանեկան վեճերի թեժ տեսարաններից: Խոսքը երեխային լիովին վեճերից հեռու պահելու մասին չէ, դրանք նորմալ են, և յուրաքանչյուր ընտանքիում առկա են, երեխայի կյանքի փորձի մասն են կազմում: Սակայն աղմկոտ և մեծահասկաների կողմից անկառավարելի վեճերին ականատես լինելով` երեխաները սթրես են տանում և երբեմն տրավմաներ ստանում: Դրանց հետևանքները կարող են բազմաբնույթ լինել: Հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի ակնհայտ դժվարություն, այս դեպքում խոսքի խնդիր, պետք է զգույշ լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ տանից դուրս գալու վերջին իրողությունը երեխայի համար տրավմատիկ և վախեցնող է եղել: Ամեն անգամ տանից դուրս գալիս նա ապրում է նույն վախը, ինչ այդ ժամանակ: Գուցե վախենում է, որ կգնաք տանից ու չեք վերադառնա:

Երեխայի հետ պետք է խոսել տեղի ունեցածի մասին: Մի մտածեք, որ նա փոքր է և չի հասկանա: Ազնիվ եղեք երեխայի հետ, բացատրեք նրան, որ մեծահասակները երբեմն վիճում են, անգամ բղավում իրար վրա, սակայն դա չի նշանակում որ նրանք չեն սիրում իրար: Բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել ձեր և ձեր ամուսնու միջև, որ նեղացել եք, որ հիմա ամեն ինչ կարգին է, ու որ դուք և ձեր ամուսինը սիրում եք իրեն, որ երբեք մենակ չեք թողնի: Այդկերպ պետք է խոսել անգամ շատ փոքր տարիքի երեխաների հետ, նրանք հասկանում են ավելին, քան մենք` մեծահասակներս, կարծում ենք:

Հարց – Արմեն-Ես ցանկություն ունեմ երեխա ունենալու, բայց չգիտեմ` ինչպես համոզեմ երիտասարդ կնոջը, որ սուրոգատ կնոջից չեմ ուզում, այլ իրենից:

Պատասխան- Ոչ մեկին չի կարելի ստիպել երեխա ունենալ: Դա միայն կարող է լինել մարդու կամքով և մեծ ցանկությամբ: Երեխան պիտի լինի ցանկալի և´ մոր, և´ հոր կողմից: Համբերատար եղեք: Կնոջ համար երեխա ունենալը բավական լուրջ պատասխանատվություն է, ֆիզիկական և հոգեկան լուրջ ծանրաբեռնվածություն:     Կանայք ցանկանում են երեխա ունենալ, երբ շատ սիրված են ու վստահ են իրենց զգում: Սիրեք ձեր կնոջը և սովորեք համբերել: Ընտանիքը մրցավազք չէ, ինչպես նաև սպառնալիքների տեղ: Թույլ տվեք ձեր երիտասարդ կնոջն այդ հարցը որոշել ինքնուրույն:

Հարց – Նեկտար- Բարեւ Ձեզ, ես հղիության 27-րդ շաբաթում եմ, մինչեւ այս ոչ մի սթրես չկար, հիմա, չգիտես` ինչու, անընդհատ սկսում եմ վախենալ ծննդաբերությունից: Կարող եմ իմանալ` ինչից է դա եւ ինչպես կարող եմ հաղթահարել այդ վախերը:

Պատասխան-Հարգելի ապագա մայրիկ, սկզբում փորձեք պարզել, թե ծննդաբերության հետ կապված կոնկրետ ինչն է վախեցնում ձեզ: Երբեմն մայրիկներին հուզում է ծննդաբերության կոնկրետ որևէ պահ, որևէ գործողություն, հայրիկի մասնակցությունը ծննդաբերությանը, երեխայից բաժանվելը կամ մեկ այլ բան: Երբ հստակեցնեք, թե որն է ամենասարսափելին ձեզ համար, գտեք մասնագետի, ով, կարծում եք, կոմպետենտ է այդ իրավիճակին ներազդելու և կարող է պատասխանել ձեր հարցերին: Մասնագետի հետ մանրամասն քննարկեք ձեր մտավախությունները, պատմեք ձեր ապրումների մասին: Վախի հաղթահարման համար լավագույն միջոցներից մեկը ինֆորմացիան է: Երբ մանրամասն տեղեկանում եք գործողությունների, վտանգների և դրանց դեպքում իրականացվող քայլերի մասին, տագնապը նահանջում է: Անորոշությունը ամենավախեցնող բանն է:

Հղիության ընթացքում տագնապն ու վախերը կարող են սրվել նաև ընտանիքում փոխհարաբերությունների անբարենպաստ լինելու հետևանքով:

Առողջություն ձեզ և թեթև ծնունդ ձեր բալիկին:

Հարց – Սոնա-Հարգելի բժիշկ, ինձ մոտ 4 ամսական հղիություն է, բնավորությամբ զգայուն մարդ եմ , ու ամեն մի փոքրիկ պատահար ինձ նյարդայնացնում,անհանգստացնում է: Ուզում եմ հանգիստ երեխա լույս աշխարհ բերել, ինչպես ինձ դրսևորեմ: Շնորհակալություն

Պատասխան- Հարգելի ապագա մայրիկ, դուք այժմ գտնվում եք շատ նուրբ և զգայուն վիճակում և´ ֆիզիոլոգիական, և´ հոգեբանական առումով: Եթե զգայուն եք և փոքր-ինչ նյարդային, ապա  դա կարող է նորմալ համարվել ձեր վիճակում գտնվող կնոջ համար: Բայց ձեր խոսքերում ավելի շատ նկատվում է անհանգստություն և վախ, որ ձեր ապրումները կվնասեն բալիկին: Այդ կապակցությամբ ասեմ, որ որքան ձեր ապրումները հարուստ և գունեղ լինեն հղիության ընթացքում, այնքան ավելի հարուստ կլինեն բալիկի ապրումներն ու ընկալունակությունը, երբ նա ծնվի: Պետք չէ խուսափել բացասական ապրումներից, քանի որ երեխան դեռ մոր արգանդում սովորում է ապրումների ամբողջ գունապնակին: Եթե ձեր հոգեվիճակը ձեզ և ձեր մտերիմերին առանձնակի անհանգստություն չի  պատճառում, և ուղղակի անհանգստանում եք բալիկի համար, ապա կարող եք անհոգ լինել, ձեր բալիկը թող հենց այս պահից սկսած սովորի ձեզ և ձեր ապրումներին, անգամ տագնապին, եթե զգում եք այն:

Առողջություն ձեզ և թեթև ծնունդ ձեր բալիկին:

Հարց – Անի – Բարեւ Ձեզ: Ուզում եմ հարցնել` հնարավոր է 5 տարեկան երեխայի մոտ վախից, հուզմունքից առաջանա կակազություն եւ ինչ խորհուրդ կտաք: Մեկ անգամ դիմել ենք լոգոպեդի խորհրդատվությանը: Շնորհակալություն

Պատասխան- Երեխայի մոտ կակազության դեպք նկատելիս պետք է հնարավորինս շուտ դիմել և´ լոգոպեդի, և´ հոգեբանի, և´ նյարդաբանի օգնությանը: Չի կարելի անտեսել երեխայի նմանատիպ խնդիրը: Կակազությունը դժվար շտկվող խնդիր է: Կարող է առաջանալ և´ վախից, հուզական այլ խնդիրներից, և´ չափից դուրս երխային խոսքային տեղեկատվությամբ ծանրաբեռնելուց, և´ ֆիզիոլոգիական որոշ խնդիրներից և  այլն: Անհրաժեշտ է տանը ապահով հոգեբանական մթնոլորտ ստեղծել, բացառել պատիժները, ավելորդ տեղեկատվությունը, անհարկի պահանջները, չափից դուրս հոգնածությունը, ուժեղացնել երեխայի ֆիզիկական վիճակը, կազդուրիչ միջոցառումներ իրականացնել:  Սակայն լավագույն լուծումը կլինի մասնագետներին դիմելը:

Հարց – Մարիա - Հարգելի հոգեբան,  աղջիկս 1,4 տարեկան է:  Վերջերս նկատել եմ, որ թերթեռունքները պոկում է: Դա ինչից է: Շնորհակալ եմ

Պատասխան- Դա կպչուն գործողություն է, կոչվում է տրիխոտիլոմանիա, որն արտահայտվում է հիմնականում բարձր տագնապայնության դեպքում: Նման բնույթի տագնապը կարող է սթրեսի կամ հոգեցունց իրողության հետևանքով առաջանալ: Ոչ մի դեպքում պետք չէ պատժել երեխային այդ արարքի համար, շատ կենտրոնացնել ուշադրությունը դրա վրա: Նման դեպքերում ակնհայտ է, որ երեխան չի կարողանում հաղթահարել իր կյանքում առկա սթրեսը, որի պատճառները հավանաբար անհայտ են ծնողներին: Անհրաժեշտ է դիմել հոգեբանի խորհրդատվությանը` երկու ծնողները և բալիկը միասին:

Հարց –Սեդա – Բարեւ Ձեզ:  Կուզեի իմանալ, թե որ տարիքից երեխայի ներկայությամբ չի կարելի զբաղվել սեռական հարաբերությամբ: Որ տարիքից է երեխան հասկանում եւ գիտակցում, թե ինչ է կատարվում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան- Երեխան մինչև 1 տարեկանը չի հասկանում ծնողների սեքսուալ վարքը, սակայն դա չի նշանակում, որ չի ընկալում որևէ բան: Այս շրջանում երեխան կարող է ուշադրություն դարձնել ծնողների վարքին` լուռ  կամ լաց լինելով, ոչ այն պատճառով, որ հասկանում է` ինչ են անում, այլ անուշադրության մատնված լինելու պատճառով:

1-3 տարեկանում ավելի հավանական են խնդիրներ` կապված ծնողների սեռական հարաբերությունները տեսնելու հետ: Ամեն ինչ կախված է երեխայի ընկալումից: Երբեմն երեխաներն այդ գործողություններն ընկալում են որպես ագրեսիա` հոր կողմից մոր նկատմամբ: Այս տարիքում երեխաների համար դժվար է հաճույքի և տհաճության արտահայտումները հստակ տարբերել: Այդ պատճառով երեխան կարող է վախ ապրել, լաց լինել, խնդրել, որ դադարեցնեն:

3-ից մինչև 7 տարեկանը երեխաները, այնուամենայնիվ, շարունակում են չհասկանալ ծնողների վարքը, և տեսածը ընկալում են յուրովի: Այստեղ վտանքը ոչ թե հասկանալու մեջ է, այլ երեխայի ընկալման մեջ: Երեխան կարող է ապրումներ ունենալ` չհասկանալով թե ինչ է կատարվում:

Պատասխանները 4-րդ խմբաքանակը կարդացեք ԱՅՍՏԵՂ