Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-7

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:

Հարց-Նելլի- Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Տղաս 1,5 տարեկան է, շատ հաճախ զրույցի ժամանակ թեթևակի բարձր ձայնի տոնից, որը ուղղված չէ իրեն, վախենում, բարձր բղավում և լալիս է, իսկ վերջերս ականատես եղավ մի տեսարանի, որտեղ բարձր ձայներ ու բղավոցներ էին և որը տևեց երկար ժամանակ, ու ամբողջ ընթացքում երեխաս ամեն ձայնից բղավում ու ուժգին լալիս էր կարմրելու աստիճան: Խնդրում եմ, ասացեք, դա կարող է վատ հետևանք ունենալ երեխայի վրա /վախից առաջացող հիվանդություններ, խոսքի արատներ կամ այլ խնդիրներ/: Ավելացնեմ, որ երեխաս բոլորովին չի խոսում: Կանխավ շնորհակալ եմ:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:

Հարց-Նելլի- Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Տղաս 1,5 տարեկան է, շատ հաճախ զրույցի ժամանակ թեթևակի բարձր ձայնի տոնից, որը ուղղված չէ իրեն, վախենում, բարձր բղավում և լալիս է, իսկ վերջերս ականատես եղավ մի տեսարանի, որտեղ բարձր ձայներ ու բղավոցներ էին և որը տևեց երկար ժամանակ, ու ամբողջ ընթացքում երեխաս ամեն ձայնից բղավում ու ուժգին լալիս էր կարմրելու աստիճան: Խնդրում եմ, ասացեք, դա կարող է վատ հետևանք ունենալ երեխայի վրա /վախից առաջացող հիվանդություններ, խոսքի արատներ կամ այլ խնդիրներ/: Ավելացնեմ, որ երեխաս բոլորովին չի խոսում: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան-Հետևեք երեխայի խոսքի զարգացմանը: Այս պահին առաջնային է, որ խոսքն արագ զարգանա: Դրա համար անհրաժեշտ է շատ խոսել երեխայի հետ, հեքիաթներ ու փոքրիկ բանաստեղծություններ կարդալ, խաղալ խոսելով: Վախերից կարող են տարբեր խնդիրներ առաջանալ, բայց այս պահին պետք է փորձեք այդ վախը հաղթահարել առանց վախենալու վախից: Ինչպես կարելի է դա անել. երեխայի հետ հնարավորինս շատ աղմկոտ խաղեր խաղացեք, հնարավորության դեպքում երգեք, պարեք միասին, բարձր ծիծաղեք միասին, խաղացեք ակտիվ խաղեր, որոնք վազել կամ արագ տեղաշարժվել են պահանջում: Հնարավոր է, որ դուք չափից շատ հանգիստ ու խաղաղ եք մեծացնում երեխային, կամ նա երբեւէ վախեցել է որևէ բարձր ձայնից, ինչ-որ մեկի զայրացած խոսքից: Երեխաները շատ զգայուն են զայրույթի դրսևորումների հանդեպ, անգամ օտար մարդու զայրացած հեռախոսազրույցը կարող է իրենց համար վախեցնող լինել, եթե իրենց ներկայությամբ արվի: Ցանկացած դեպքում էլ վախը կհաղթահարեք, եթե ուրախ աղմուկ ավելացնեք ձեր տանն ու ձեր հարաբերություններում:

Հարց- Աղջիկս 1 տարեկան 10 ամսական է: Ուզում եմ տանել մանկապարտեզ, քանի որ
ֆինանսական ոչ բարվոք վիճակում եմ գտնվում և ստիպված եմ աշխատել: Նա շատ
կապված է ինձ հետ, և երկուսս էլ շատ ծանր ենք տանում բաժանումը: Խնդրում եմ, մի
օգտակար խորհուրդ տվեք ինձ: Ինչպես օգնեմ փոքրիկիս հաղթահարել այս ճգնաժամը:
Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան- Այս դեպքում ավելի շուտ պիտի ինքներդ փորձեք ձեզ օգնել: Նախ` պետք է ազատվեք մեղքի զգացումից, որ երեխային տանում եք պարտեզ: Դուք դա չէիք անի, եթե հնարավորություն ունենայիք, ինչպես դուք եք ասում: Հետևաբար դուք մեղավոր չեք դրանում: Իհարկե բոլոր ծնողներն էլ պատասխանատու են իրենց երեխաների համար, բայց բոլորն էլ կարող են դժվարություններ ունենալ: Երկրորդ հերթին, պետք է համոզեք ինքներդ ձեզ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե երեխան պարտեզ գնա, ու ամեն դժվարություն հնարավոր է հաղթահարել, բազմաթիվ երեխաներ են պարտեզ հաճախում այդ տարիքից: Երրորդ և ամենակարևոր բանը, որ պետք է անեք, փորձեք ազատվել երեխային կորցնելու, նրանից բաժանվելու վախից, որը կարող է խորը արմատներ ունենալ ձեր իսկ ներքին խնդիրներում: Այնուամենայնիվ, պետք է գիտակցեք, որ երեխան ձեր սեփականությունը չէ, որ նա կսովորի ինքնուրույն լինել: Իսկ ամենակարևոր բանը, որ կարող եք դուք ձեր երեխային տալ ամբողջ կայնքի համար, անկախությունն ու ազատության զգացումն է:

Հարց- Նաիրա –  Ինչպես վարվել, երբ 4 տարեկան երեխան տակն է անում (կեղտոտում է):

Պատասխան- Դժվար է ասել, քանի որ երեխան տակը կարող է կեղտոտել մի շարք պատճառներով: Դա կարող է լինել և´ ուղղակի գիշերանոթին չսովորեցնելու հետևանքով, և´ խորը նևրոտիկ բնույթի խանգարման ախտանշան (էնկոպրեզ),  և´ զարգացման հապաղման նշան, և´ հոգեկան որևէ լուրջ խանգարման հետ զուգակցվող ախտանշան: Այդ պատճառով անհրաժեշտ է դիմել մասնագետին հստակ եզրակացության գալու համար: Նախ պետք է դիմել մանկաբույժին, ապա` հոգեբանին: Այստեղ կարևոր է նաև հստակեցնել` երեխան ի սկզբանե տա՞կն է կեղտոտել, թե՞ սկսել է ինչ-որ պահից հետո: Կարևոր են նաև մի շարք հարցեր, որոնք մասնագետը ձեզ կտա` հասկանալու համար խնդրի պատճառը:

Հարց- Ծովինար - Բարև Ձեզ: Կներեք, կարող եք ասել, թե ինչից կարող է սթրես առաջանալ, և արդյոք դա բուժվում է:Եթե այո,ապա ինչպե՞ս:

Պատասխան- Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան արձագանքն է շրջապատի, մեր օրգանիզմի, մեր մտքերի, մեր հարաբերությունների փոփոխություններին, բացասական կամ դրական ազդեցություններին: Սթրեսը, իհարկե, հաղթահարելի երևույթ է, երբեմն նույնիսկ այն օրգանիզմին պետք է: Որոշակի չափով սթրես մենք ապրում ենք անընդհատ մեր օրվա ընթացքում, անգամ գիշերը: Առանց սթրեսի կյանք չկա: Սակայն կա սթրեսի ուժգնություն և տևողություն, որի դեպքում անհրաժեշտ է լինում մասնագետի օգնությունը: Ես չեմ կարող կռահել, թե դուք ինչն եք այս դեպքում սթրես համարում: Երբեմն սթրեսի հետ շփոթում են նաև հոգետրավման, որը շատ ավելի լուրջ հոգեբանական խնդիր է: Հոգեբանական տրավմա կարող է ստանալ մարդը այն դեպքում, երբ իր կյանքին կամ հարազատների կանքին վտանգ սպառնացող իրավիճակում է հայտնվել, սուր վախ է ապրել նրանց կյանքի համար, կամ ականատես է եղել անսովոր, անմարդկային ու անպատկերացնելի իրավիճակի, տեսարանի, սպանության կամ նման բնույթի հոգեցունց իրավիճակի, բռնություն է տարել և այլն: Նման դեպքերում հոգեբանական աջակցությունն ու թերապիան պարտադիր է:

Այնուամենայնիվ և´ սթրեսը, և´ հոգեբանական տրավման հաղթահարվում են հոգեբանական խորհրդատվության և թերապիայի միջոցով:

Հարց- Եվգենյա – Բարեւ Ձեզ: Տղաս 4 տարեկան է: Ինձ շատ է անհանգստացնում նրա պահվածքը դրսում` շատ խեղճ է պահում իրեն: Հաճախում է մանկապարտեզ: Արդյոք դա հոգեբանական որեւէ խնդրի դրսեւորում է: Շնորհակալություն:

Պատասխան-Ամենայն հավանականությամբ երեխան ինքնավստահ չէ, ունի ցածր ինքնագնահատական, գուցե նաեւ վախեր: Սովորաբար երեխաներն այդպիսին են դառնում, եթե ունեն տագնապային, չափից դուրս խիստ, պահանջկոտ, պատասխանատու, բծախնդիր ծնողներ: Այսպիսի երեխաները հաճախ տանը ագրեսիվ կամ գերակտիվ են լինում, քանի որ բակում կամ մանկապարտեզում կուտակում են լիցքեր, որոնք այնտեղ արտահայտել չեն կարողանում, վախենում կամ կաշկանդվում են, իսկ տանը, ազատ միջավայրում դրսևորում են:

Երեխային պետք է գործողությունների ազատություն տալ, թույլ տալ սխալվել, ակտիվ լինել: Երբեմն շատ դաստիարակված և կիրթ ընտանքիներում երեխաները շատ լավ սովորում են վարքի կանոններ և այն վարքը, որը պետք է ինքն իրեն պաշտպանելու համար, չի մտնում այդ վարքականոների մեջ: Այսինքն` երեխան սխալ ու վատ բան է համարում, որ եթե իրեն հրում են կամ անպատվում, ինքն էլ պիտի ցույց տա իր ուժը կամ համառ լինի: Այս վարվելաձեւն իր համար անթույլատրելի է լինում: Իհարկե, երեխային պետք չէ սովորեցնել ագրեսիվ պահվածքին, սակայն ինքն իրեն պաշտպանել երեխան պիտի իմանա:

Հարց - Քրիստինե – Եթե երեխան նյարդային շարժումներ է անում, ինչպե՞ս կարող ենք վերացնել:

Պատասխան- Ձեր նշած ներվային շարժումը կարող է շատ տարբեր լինել մասնագետների տեսանկյունից և ձեր տեսանկյունից: Նաև կարևոր է իմանալ` քանի տարեկան է երեխան և ինչպիսի շարժումներ է անում: Գուցե դուք ներվային շարժում եք անվանում տիկերը, որոնք բարձր տագնապայնության և մի քանի համախտանիշի հետ միասին են դրսևորվում:  Գուցե խոսքը  ինչ-որ կրկնվող, կպչուն գործողությունների մասին է, որոնք կարող են տագնապային խանգարումների դրսևորում և ախտանիշ լինել: Այդ շարժումները վերացնելու համար պետք է դիմել մասնագետին` ամեն դեպքում հստակ հասկանալու համար` ինչպիսի շարժումներ են դրանք և ինչ խնդրի ախտանիշ են հանդիսանում: Վերևում նշված երկու դեպքում էլ միանշանակ մասնագիտական միջամտություն է պահանջվում` հոգեբանի, գուցե նաև նյարդաբանի: Իսկ եթե գտնում եք, որ իմ պատասխանը ձեր դեպքի մասին չէ, ապա ևս մեկ անգամ հարցը տվեք` մի փոքր մասնավորեցնելով երեխայի տարիքը, սեռը, շարժումների բնույթը, տևողությունը, արտահայտման ժամանակը:

ՀարցԱստղիկ - Հարգելի հոգեբան, տղաս 5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Ինձ անհանգստացնում է նրա կոմպլեքսավորված լինելը: Ինչպես վերացնեմ: Շնորհակալություն:

Պատասխան - Երեխան կոմպլեքսներ, բարդույթներ և ցածր ինքնագնահատական է ձեռք բերում, երբ նրան ավելի շատ դիտողությոններ են անում, քան գովում և խրախուսում: Հստակ գնահատելու համար փորձեք հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ եք նրան դիտողություն անում, ճիշտ նիստ ու կաց սովորեցնում և քանի ագամ օբյեկտիվ գովում և խրախուսում: Կարծում եմ` առաջինը պիտի ավելի շատ լինի: Այս դեպքում պետք է ուղղակի փոքր-ինչ փոխեք ձեր դաստիարակության ոճը, մի փոքր խրախուսանք և գոհունակություն ավելացնեք ձեր վերաբերմունքի մեջ: Վստահություն ցույց տվեք նրա կարողությունների հանդեպ, հավատացեք նրա ուժերին: Եթե գտնում եք, որ նա ավելի շատ դիտողություն անելու առիթ է տալիս, քան գովելու, ապա փորձեք արթնացնել երեխայի ընդունակությունները, զարգացնել նրա երևակայությունն ու հետաքրքրությունները, որպեսզի նա ինչ-որ բանում հաջողություններ ունենա և ինքնավստահություն ձեռք բերի:

ՀարցՍոնա – Հարգելի հոգեբան, աղջիկս 2.5 տարեկան է, ամեն անգամ հագուստ հագցնելիս լացում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան - Եթե հնարավորություն լիներ, ապա ես կհարցնեի ձեզ` լաց է լինում, որովհետև չի՞ ուզում հագնել տվյալ զգեստը, ուզում է իր ուզածը հագնել, թե՞ լաց է լինում, երբ հագուստը կպնում է իր մաշկին և նրա համար կարևոր չէ, թե որ զգեստն է:

Առաջին դեպքում դա պարզ կամակորություն է, որի հետ պայքարում ենք` երեխային ընտրություն տալով: Այսինքն` ամեն առավոտ երեխայի առջեւ դնում եք 3 զգեստ առավելագույնը և թույլ եք տալիս ընտրելու դրանցից մեկը: Այս դեպքում դուք և ազատություն եք տալիս երեխային, և որոշակի սահմանների մեջ եք դնում նրա ազատությունը, սահմաններն էլ դուք եք որոշում: Այս դեպքում անհրաժեշտ է, որ ընտանիքի բոլոր անդամները պաշտպանեն ձեր տեսակետը և մոտեցումը:

Եթե դա կամակորություն է, ապա պիտի սուր արտահայտվի 2,5-3,5 տարեկան հասակում, որը ճգնաժամային տարիք է, երեխաների կամքի ձևավորման շրջանն է: Այս տարիքում երեխայի վարքում կամակորությունները սրվում են, և դրանք որոշ չափով նորմալ են:

Երկրորդ դեպքում, եթե երեխայի մաշկն է չափազանց զգայուն, անհրաժեշտ է անպայման դիմել նյարդաբանին և հոգեբանին` երեխային հետազոտելու և խնդիրը հասկանալու համար:

 

 

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն

Անուշ Ալեքսանյան