Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-8

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:


Հարց

Հասմիկ - Տղաս 4 տարեկան է եւ շատ ագրեսիվ է իրեն դրսեւորում: Արդեն ծեծն էլ վրան չի ազդում, չնայած լավ ու բարի ձեւով էլ եմ բացատրում, բայց, միեւնույն է, մեծ ու փոքր չի ճանաչում: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:


Հարց

Հասմիկ - Տղաս 4 տարեկան է եւ շատ ագրեսիվ է իրեն դրսեւորում: Արդեն ծեծն էլ վրան չի ազդում, չնայած լավ ու բարի ձեւով էլ եմ բացատրում, բայց, միեւնույն է, մեծ ու փոքր չի ճանաչում: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:

 

Պատասխան

Ծեծն ագրեսիվ երեխաներին ավելի ագրեսիվ է դարձնում: Հետևաբար դա ձեզ չի օգնի այս պարագայում: Եթե այդ տարիքի երեխան դարձել է ագրեսիվ, նշանակում է՝ իր կյանքում որևէ բան է փոխվել դեպի վատը: Փորձեք հասկանալ՝ ինչ է կատարվում երեխայի հետ, ինչ իրավիճակում է նա գտնվում, ինչն է իր վրա ներկա պահին բացասաբար ազդում, հիշեք, թե երբ է սկսվել: Եթե նկատեք ագրեսիվության խորացում, բարդացում, ապա դիմեք մանկական հոգեբանի օգնությանը:

 

Հարց

Մանուշ - Աղջիկս 5 տարեկան է, առողջ է ու փարթամ, բայց ունի գիշերամիզություն: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տաք:

Պատասխան

Գիշերամիզության դեպքում պարտադիր պետք է դիմել մանկաբույժի, որից հետո՝ անմիջապես մանկական հոգեբանի: Գիշերամիզությունը կարող է լինել տարբեր պատճառներով, բացի օրգանական պատճառներից, մնացած պատճառները հոգեբանական են

Հարց


Լուսինե - Հարգելի բժիշկ, աղջիկս 2 տարեկան է: Նա լիովին կառավառւմ է իր զուգարանային պահանջները, սակայն կատեգորիկ հրաժարվում է օգտվել գիշերանոթից: Նշեմ, որ մուլտեր դիտելիս հաճույքով նստում է, երբեմն ինքն է բերում, որ  նստի և այդ ամենը անում է միայն խաղալու նպատակով, իսկ երբ պետք է նստի կարիքները հոգալու համար, աղմկում է, փախչում, նետում գիշերանոթը, մտնում է որևէ անկյուն կամ ձեռքերով փակում աչքերը: Ինչ խորհուրդ կտաք անել:

 

Պատասխան

Գիշերանոթից օգտվելը երեխայի համար պետք է խաղ և տոն դարձնել սկզբնական շրջանում: Երբեմն երեխաներ են լինում, որ բնական չափազանցված ամոթի զգացում են ունենում և չեն կարողանում այդ ամենն անել շատ մարդկանց ներկայությամբ: Սկզբում խրախուսեք և շահագրգռեք ինչ-որ ձևով: Ասեք, որ կտանեք իրեն խաղահրապարակ կամ կոնֆետ կգնեք կամ մեկ այլ բան: Ամեն կերպ հասեք նրան, որ նստի և անի գիշերանոթի մեջ: Դրանից հետո պարտադիր պետք է շատ ուրախանաք, գովեք իրեն, գրկեք և անեք խոստացվածը: Ուշացնել պետք չէ, մի սպասեք, որ ինքն ինքնուրույն կսովորի, սկզբում պետք է մի փոքր մղել երեխային:

 

Հարց


Սեդա –Ես  20 տարեկան եմ, ունեմ  5 ամսական բալիկ: Մի քանի ամիս առաջ ապրում էի երջանիկ ընտանեկան մթնոլորտում, իսկ հիմա բաժանվել եմ, ամուսինս էլ երկրից գնացել է ու ասում է, որ էլ չի վերադառնալու: Ես ծանր հոգեկան սթրես եմ ապրում եւ չեմ հասկանում, թե որն է ճիշտ՝ պայքարել ու գնալ՝ ապրելու այն ընտանիքում, որտեղից իմ կամքով դուրս եմ եկել, թե առաջ նայել ու ապրել միայնակ: Խնդրում եմ՝ ինձ մի խորհուրդ տվեք:

Պատասխան

Հարգելի’ Սեդա, սա այն իրավիճակը չէ, որից կարելի է դուրս գալ ընդամենը մեկ խորհրդով: Դուք այս պահին այնպիսի հոգեվիճակում եք, որը ձեզ կխանգարի ճիշտ որոշում կայացնել: Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ այս պահին, որևէ մեկի խորհրդին չհետեվելն է: Սա այն պահն է, երբ դուք ինքներդ պիտի հասկանաք՝ ինչ է պետք ձեզ, ձեր բալիկին և առհասարակ ինչ եք ուզում անել: Մի’ սպասեք, որ ինքն իրեն կլուծվեն խնդիրները: Ինքներդ վերցրեք ձեր ձեռքը ձեր կյանքը կառավարելու գործը: Դիմեք փորձառու հոգեբանի, ստացեք խորհրդատվություն, հասկացեք` ինչ եք ուզում, ինչն էր ճիշտ և սխալ, ինչին կարող եք դիմանալ, ինչին` ոչ, և ինչ եք ուզում անել ու ինչի համար ունեք բավարար վճռականություն: Ներեք ինձ, բայց այս հարցերը ուղղակի թեթևամտություն կլինի լուծել միայն մեկ խորհրդով:

Հարց


Արեւիկ - Բարև ձեզ, ես  21 տարեկան եմ, 7 ամիս կլինի, ինչ ամուսնացել եմ, իմ մեջ նկատում եմ մ փոփոխություններ կամ, չգիտեմ,  խանգարումներ: Ուրեմն սկսեմ ճիշտ շարադրել....ինչ ամուսնացել եմ, նյարդերս ինձ չեն ենթարկվում, ինչ հարազատներս խոսում են, ներվայնանում եմ: Ամբողջ օրը տրամադրություն չեմ ունենում, գիշերները նյարդերիցս չեմ կարողանում քնել,  չեմ հասկանում՝ ինչ է հետս կատարվում:

Պատասխան

Նման դեպքերում պետք է ստանալ հոգեբանի, էնդոկրինոլոգի, գուցե նաև նյարդաբանի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում անցնել հետազոտություն, հասկանալ՝ ինչն է պատճառը: Եթե ձեր կյանքում որևէ պատճառ չեք տեսնում այդ նյարդային վիճակի առաջացման համար, ապա առավել ևս պետք է դիմել մասնագետների օգնությանը:

 

Հարց

Գոհար - Բարեվ ձեզ,  ես ունեմ 8 ամսական երեխա: Վերջերս նկատել եմ, որ երեխաս ավելի շատ տատիկի հետ է կապված: Իմ մեջ մայրական խանդ կա: Ասեք ինձ, խնդրում եմ, թե  որտեղ է իմ բացթողումը, ինչպես շտկեմ իրավիճակը: Շնորհակալություն:

 

Պատասխան

Սովորաբար առաջնեկի ծնվելուց հետո մայրիկները շատ լարված, անհանգիստ ու անինքնավստահ են լինում: Տատիկները բնականաբար ավելի փորձառու և համարձակ են: Հնարավոր է, որ այս հանգամանքը նաև շահարկվում է տան անդամների կողմից, որն էլ ձեզ ավելի է լարում: Այդ անհանգստությունը երեխաները զգում են և, սովորաբար, նրանք իրենց ավելի ապահով են զգում ուժեղ և ինքնավստահ մեծահասակաների մոտ: Պետք է աշխատեք հաղթահարել ձեր անվստահությունն ու տագնապը: Անհրաժեշտության դեպքում ստացեք հոգեբանի խորհրդատվություն:

Հարց


Հռիփսիմե - Հարգելի հոգեբան, իմ տղան 7 տարեկան է, ամաչկոտ եւ դժվարանում է շփվել եւ ընկերներ ձեռք բերել: Բակ չի իջնում խաղալու, իջնելու դեպքում չի խաղում երեխաների հետ, եթե նույնիսկ ինքը չի անում առաջին քայլը: Ես եւ ամուսինս շփվող ենք, եւ ահավոր ցավ եմ ապրում՝ տեսնելով բալիկիս միայնակ: Փոխարենն ագրեսիվ է տանը, ալարկոտ: Ի՞նչ կարելի է անել եւ ինչպես աշխատեմ երեխայիս հետ: Մեր միակ երեխան էր, երկրորդ բալիկս նոր է ծնվել: Շնորհակալություն

 

Պատասխան

Եթե երեխան արդեն 7 տարեկան է և մինչ օրս նրա վարքը չի փոխվել, չեք կարողացել հասկանալ՝ ինչն է պատճառը կամ ազդել նրա վարքի վրա, ապա պետք է դիմել մասնագետների օգնությանը: Ավելի հավանական է, որ նա ունի հոգեբանական խնդիրներ, որոնք լուծելու համար մասնագետները չեն կարող ձեզ պատրաստի լուծումներ առաջարկել, առանց երեխային և ձեզ տեսնելու, զրուցելու և մանրամասն իրավիճակը հասկանալու: Գուցե պատճառները բացահայտելով արդեն իսկ հնարավոր լինի փոխել կամ ազդել երեխայի վաքի վրա:

Երբեմն մեր դեմքին կարող են կարմիր բծեր առաջանալ: Մենք կտեսնենք այդ բծերը, կփորձենք տարբեր քսուքներով անցկացնել, եթե ոչինչ չօգնի, մենք կհասկանանք, որ պատճառներն ավելի խորն են և կդիմենք բժշկի: Սա նմանատիպ իրավիճակ է, դուք տեսնում եք երեխայի խնդրի միայն արտաքին դրսևորումները, փորձում եք փոխել դրանք, բայց ապարդյուն: Նշանակում է՝ պատճառներն ավելի խորն են և անտեսանելի ձեզ համար: Դիմեք հոգեբանի և ստացեք ընտանեկան խորհրդատվություն:

Հարց

Կարինե – Ես շատ նյարդային եմ, երեխան մի բան այն չի անում, անմիջապես բռնկվում եմ, կարելի է ասել՝ անիմաստ: Խնդրում եմ՝ օգնեք ազատվել այս վիճակից:

Պատասխան

Դուք ցանկանում եք ունենալ վարքային և հուզական ոլորտի փոփոխություններ, այսինքն՝ ինչ-որ իմաստով «բուժում» համակարգչի կամ հարց ու պատասխանի միջոցով: Իրականում դա հնարավոր չէ: Նախ պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը ձեր նյարդային վիճակի: Պատճառները կարող են բազմաթիվ լինել` սկսած վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից, որի համար պետք է դիմել էնդոկրինոլոգի, նյարդային համակարգի խնդիրներ, որոնց համար պետք է դիմել նյարդաբանի, վերջացրած հոգեբանական խնդիրներով, որի համար պետք է դիմել հոգեբանին: Այնուամենայնիվ նմանատիպ խնդիրների դեպքում պետք է դիմել մասնագետների օգնությանը:

Հարց


Տաթեւիկ – Բարեւ Ձեզ, իմ տղան արդեն 6 տարեկան է, նա դեռ ոչ մի անգամ միրգ ու բանջարեղեն չի կերել: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:

Պատասխան

Եթե 6 տարեկան երեխան միրգ և բանջարեղեն չի կերել, ամենայն հավանականությամբ, դուք շուտ եք հուսահատվել և չեք շարունակել առաջարկել երեխային նույն մթերքը: Բանն այն է,  որ երեխաների մի մասը դժվար է ընտելանում նորույթներին: Նման դեպքերում նրանք մի քանի անգամ մերժում են տվալ մթերքը: Ճիշտ է որոշ ժամանակ հետո նորից փորձել` մեկ այլ կերպ առաջարկելով նույն միրգը կամ բանջարեղենը:  Իրականում առողջարար սնունդը կարող է ոչ այնքան համեղ լինել: Որպեսզի երեխան սիրի այդ սնունդը, պետք հետաքրքրություն առաջացնել, խաղեր խաղալ, հետաքրքիր կտրատել, երեխային մասնակից դարձնել սննդի պատրաստման գործընթացին: