Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-9

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 9-րդ խմբաքանակին:

Հարց – Մերի - Բարև Ձեզ,տղաս 4.5 տարեկան է, շատ է խելացի իր տարիքի համեմատ, բայց կտրականապես հրաժարվում է քոլեջ հաճախել:Ասեմ նաև, որ մեկ տարի առաջ մանկապարտեզ փորձեցինք

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 9-րդ խմբաքանակին:

Հարց – Մերի - Բարև Ձեզ,տղաս 4.5 տարեկան է, շատ է խելացի իր տարիքի համեմատ, բայց կտրականապես հրաժարվում է քոլեջ հաճախել:Ասեմ նաև, որ մեկ տարի առաջ մանկապարտեզ փորձեցինք տանել, բայց դրանից նույնպես հրաժարվեց: Խնդրում եմ` ինձ մի խորհուրդ տվեք:

Պատասխան- Այս խնդրի պատճառը պետք է փնտրել մի քանի տեղում` առաջինը Ձեր և երեխայի հարաբերություններում, գուցե երեխան վախենում է բաժանվել Ձեզնից, երկրորդը քոլեջի կամ մանկապարտեզի հարմարավետության մեջ երեխայի համար, գուցե նա իրեն լավ չի զգում այնտեղ, երրորդը երեխայի շփման և հուզակամային ոլորտում, գուցե երեխան շփման դժվարություններ կամ վախեր ունի: Կարող են լինել նաև այլ պատճառներ: Դժվար է ասել առանց մանրամասն խոսելու:

Հարց – Լուսինե - Հարգելի բժիշկ, աղջիկս 2 տարեկան է, ազատ խոսում, կարողանում է լիարժեք արտահայտել իր ցանկությունները, սակայն ոչ մի կերպ չի ցանկանում նստել գիշերանոթին և ոչ էլ զուգարանակոնքին. ամեն անգամ, երբ նկատում եմ, որ պահանջ ունի, առաջարկում եմ նստել, հրաժարվում է, աղմկում, լալիս, փախչում, արդյունքում պահում է, մի որոշ ժամանակ անց թաքնվելով` անում է տակը: Նույնիսկ ասում է` «Տակս անեմ, հետո կլվաս, չէ՚:» Ինչ խորհուրդ կտաք անել: Ոչ պատժելը, ոչ իր սիրելի բաներից զրկելը արդյունք չի տալիս. ամեն անգամ խոստանում է, որ կասի նախօրոք, սակայն այդպես չի անում: Փորձել եմ տարբեր ձևեր: Այնպես չէ, որ ընդհանրապես չի նստում գիշերանոթին, նստում է միայն զուտ խաղալու նպատակով: Այդ երևույթը գրեթե 3-4 ամիս է, ինչ տևում է:

Պատասխան - Հատկապես այս տարիքում, երբ երեխան հստակ հասկանում է, թե ինչ է անում, որ դա տհաճություն է պատճառում մայրիկին կամ իրեն, կարելի է մանրամասն բացատրել, թե ինչու է պետք անել գիշերանոթի մեջ կամ զուգարանակոնքում: Բացատրելուց և երեխայի հետ հանգիստ խոսելուց հետո կարելի է անգամ մի քանի անգամ թողնել, որ մի քիչ տհաճություն զգա տակը անելուց հետո: Կարող եք ասել, որ չեք լվանա, եթե տակը անի, որ արդեն մեծ է ինքը: Նաև կարող եք կիրառել տարբեր խրախուսման մեթոդներ, խոստանալ, որ կտանեք զբոսնելու կամ իր համար հետաքրքիր մի տեղ: Բնական է, որ դա չպետք է դառնա մշտական մեթոդ: Այս տարբերակը պետք է սկզբում օգտագործել, մինչև երեխան սովորի օգտվել գիշերանոթից: Երեխայի հետ պետք է խոսել առանձին, հանգիստ` քնքուշ բացատրելով ամեն բան:

Հարց – Լուսի – Ես 3 տարի է` ամուսնացած եմ մի մարդու հետ, որն ունի 12 տարեկան տղա, իսկ ես եւ ամուսինս ունենք 2 տարեկան աղջիկ: Ամուսնուս տղան ապրում է մեզ հետ, բայց այցելում  է մորը շաբաթը երկու անգամ: Մեր տանը իմ օրենքները չի հարգում, օրինակ` 2 տարի է` խնդրում եմ, որ դուռը փակ պահի, քանի որ վտանգավոր  է երեխայիս համար կամ զուգարանից հետո ձեռքերը լվանա:  Տղայի անհնազանդությունն ու ամուսնուս ոչ լուրջ վերաբերմունքն այս հարցին ինձ շատ են փոխել, սեր չեմ զգում ամուսնուս հանդեպ, սիրային կյանքս մահացած է: Ինչ անեմ, որ ամուսնությունս փրկեմ:

Պատասխան - Բնականաբար Ձեր ամուսնու վարքից ու վերաբերմունքից կախված է իր տղայի վարքը: Շատ կարևոր է, որ ինքը պաշտպանի Ձեր տեսակետը և հարգանք սերմանի իր տղայի մեջ Ձեր նկատմամբ: Կարևոր է նաև Ձեր վերաբերմունքը այդ հարցերին: Հավանաբար Դուք շատ վիրավորվում եք Ձեր ամուսնու վերաբերմունքից, նյարդայնանում եք նրա տղայի պահվածքից, գուցե կարծում եք, որ Ձեր ամուսինը չի սիրում Ձեզ, եթե այդպես է վարվում: Սակայն հաճախ մարդիկ ուղղակի վարվում են այնպես, ինչպես իրենք կարող են կամ սովոր են: Եթե Ձեր ամուսնու համար իսկապես անկարևոր են կամ մանրուք են թվում այդ հարցերը, դա ընդամենը վկայում է տվյալ հարցերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, բայց ոչ Ձեր հանդեպ վերաբերմունքի: Երեխան` բացի այն, որ Ձեզ դիտարկում է որպես իր մայրիկին փոխարինող, նաև Դուք ունեք բալիկ, որն էլ, իր կարծքիով, պիտի իրեն փոխարինի: Այդ բոլոր վախերին ու տագնապներին գումարվում են նաև երեխայի դժվար տարիքը, դեռահասության ճգնաժամը: Այս տարիքում ոչ միայն դիտավորյալ, այլև անկախ իրենցից դեռահասները դառնում են անփույթ, անուշադիր, երբեմն փնթի, հիգիենայի նկատմամբ անտարբեր: Այդ պատճառով գուցե կարելի է մեկ անգամ խորհրդակցել մասնագետ հոգեբանի հետ և փորձել հասկանալ իրավիճակը, մեղմել Ձեր տհաճ ապրումները և հարթել առաջացած լուռ կոնֆլիկտը:

Հարց –Սուսաննա – Հայր եւ երեխա հարաբերություններն ինչպես լավացնել:

Պատասխան- Այստեղ կարևոր է, թե ավելի շատ ում կողմից է դիտվում սառնություն: Երկու դեպքում ել շատ կարևոր են մոր և հոր հարաբերությունները: Եթե ծնողները ջերմ են միմյանց նկատմամբ, չեն թաքցնում իրենց սերը, երբեմն գրկում են իրար երեխայի ներկայությամբ, ջերմ խոսքեր են ասում իրար, կիսում են երեքով իրենց ժամանցը, ապա, կարծում եմ, խնդիր չպիտի լինի: Սակայն հաճախ հայրիկները իրենց զերծ են պահում երեխայի հետ կապված հոգսերից և մանր-մունր գործերից: Այս դեպքում ուղղակի պետք է հայրիկին ամեն կերպ մասնակից դարձնել երեխայի կյանքին ու առօրյա գործերին: Ստեղծեք հոր և երեխայի համար համատեղ մի զբաղմունք, որը կլինի միայն իրենցը և ուրիշ ոչ ոքինը: Խթանեք հոր և երեխայի համատեղ զբաղմունքները, օգնեք, որ ֆիզիկական շփումը շատ լինի նրանց միջև:

ՀարցԻնչու եմ ամեն չնչին բանից նյարդայնանում:

Պատասխան - Այս հարցին թերևս ամենահամապատասխան պատասխանը կլիներ «չգիտեմ»-ը: Սակայն ես կընդունեմ Ձեր մարտահրավերը և կփորձեմ գտնել առավել բավարարող պատասխան: Ներվայնանալ ասելով` գուցե Դուք նկատի ունեք զայրույթի զգացումը, որն առաջանում է տեղի-անտեղի: Եթե փորձենք հասկանալ զայրույթի իրական պատճառն ու արմատը, ապա դա անկարողության զգացումն է: Մարդը զայրանում է այն ժամանակ, երբ իրեն անկարող է զգում որևէ բան փոխելու: Եթե նկատում եք, որ վերջին ժամանակներում ավելի ու ավելի շատ եք ունենում զայրույթի զգացում, դա նշանակում է, որ կյանքում ունեք որևէ իրավիճակ, որից ելքեր չեք գտնում, կամ շատ են այնպիսի իրավիճակները, որոնցում Դուք Ձեզ անկարող եք զգում: Պետք է աշխատեք Ձեր ինքնագնահատականի բարձրացման ուղղությամբ:

ՀարցՆառաԲարեւ Ձեզ, իմ տղան 4 տարեկան է: 3 տարեկանից սկսեց որոշ բառակապակցություններ ասել, բայց զարգացմանը ընթացքը բավական դանդաղ է գնում, հիմա երբեմն նախադասություններ ասում է ինքնուրույն, ավելի հաճախ խառնում է ժամանակաձեւերը: Կարճ ասած` իր տարիքի համեմատ խոսքը շատ թույլ է, որն էլ բերում է շփման մեջ խնդիրների: Ինձ այդ հարցը շատ է անհանգստացնում:

Պատասխան - Խոսքի զարգացումն ու լիարժեք ձևավորումը շատ կարևոր է երեխայի իմացական ոլորտի, շփման և հուզական ոլորտի զարգացման ու ձևավորման հարցում: Նման դեպքերում առավել ճիշտ է դիմել մասնագետների, որոնք կզբաղվեն երեխայի զարգացման խթանմամբ: Նման խնդիրները վաղ հասակում առավել հեշտ են հաղթահարվում: Որոշ ժամանակ հետո կարող է այլևս որևէ տարբերություն չնկատվի իր հասակի երեխաների համեմատությամբ: Այսինքն` զարգացումը չհապաղի և հասնի նորմային: Հնարավոր է առանց որևէ միջամտության ևս ամեն բան կարգավորվի, սակայն ապահովության համար պետք է դիմել հոգեբանի, հատուկ մանկավարժի կամ զարգացման մանկաբույժի խորհրդատվությանը:

ՀարցՄարիամ - Հարգելի հոգեբան, Իմ դուստրը 1,5 տարեկան է: Բավականին ակտիվ է, արդեն 1,5 ամիս է` հստակ խոսում է: Շարունակում եմ կրծքով կերակրել: Կարելի է ասել՝ մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է: Սակայն նրա վարքագիծը վերջերս անհանգստացնում է մեզ: Նա սկսել է պատեհ-անպատեհ հարվածել բոլոր երեխաներին: Հարվածում է ձեռքով կամ որևէ իրով: Երբ հարցնում ենք՝ ինչ ես արել կամ ուր էիր գնացել, ոգևորված պատասխանում է «բալիկին դըխկ»` (բալիկին հարվածել եմ): Նշեմ, որ նա ագրեսիվ տեսարանների ականատես չի եղել, շրջապատված է սիրով և հոգատարությամբ: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս խնդիրը, ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ նման վարքագիծ դրսևորելու համար: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան - Հարգելի’ Մարիամ, երեխաները սովորաբար ամեն կերպ «փորձում են» իրենց շրջապատող աշխարհը` հրելով, կոտրելով, բացել-փակելով, սեղմելով, ուտելով և այլ միջոցներով: Դրանք բոլորն ագրեսիայի դրսևորումներ չեն, այլ ընդամենը իրենց շրջապատող աշխարհը ճանաչելու միջոց են հանդիսանում: Այդ ճանապարհով են երեխաները հասկանում, որ ջուրը թափվում է, ջեռոցը տաք է, բաժակը կոտրվում է, աթոռը ծանր է և այլն: Նման մի դեպք կարող է պատահած լինել նաեւ երեխաներից մեկի հետ: Ամենայն հավանականությամբ երեխան մեկ անգամ խփել է` ուղղակի հետաքրքրությունից ելնելով: Բնականաբար այդ վարքին Դուք կամ երեխային շրջապատող մեծահասակները ակնհայտ արձագանքել եք, իսկ երեխաները միշտ ֆիքսում են նման իրավիճակները և ուշադրություն գրավելու համար նորից կրկնում: Այսինքն` իրականում էական չէ` դուք ասում եք «ապրես», թե ասում եք «այլևս նման բան չանես»: Սկզբունքն այն է, որ ուշադրության եք արժանացնում երեխայի կոնկրետ այդ վարքը, և որքան վառ է լինում ձեր ուշադրությունը, այնքան շատ է երեխան ուզում դա նորից ստանալ: Այնպես որ, մի վախեցեք, ուղղակի փորձեք անտեսել այդ վարքը, հետևեք, որ չկրկնվի, շատ մի զայրացեք, շեղեք երեխայի ուշադրությունը, այնպես արեք, որ մոռանա:

Հարց Նինելլա Թադեվոսյան - Փոքրիկս արդեն 2 տարեկան է, արտասանում է համարյա ամեն բառ, բայց չունի կապակցված խոսք, դա անհանգստանալու առի՞թ է թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն.

Պատասխան- Շատ երեխաներ կարող են սկսել խոսել այդ տարիքից: Անհանգստանալու առիթը կարող է լինել ոչ թե տվյալ պահի խոսքի առանձնահատկությունը, այլ խոսքի զարգացման դինամիկան: Եթե երեխան արդեն երկար ժամանակ է, որ կրկնում է բառերը, բայց չունի կապակցված խոսք, սա մեկ այլ բան է, իսկ եթե նոր է սկսել խոսել, բայց դեռ չունի կապակցված խոսք, սա` մեկ ուրիշ: Եթե վաղուց է սկսել բառեր ասել, բայց զարգացում չեք նկատում խոսքի մեջ, դիմեք մասնագետի, բայց եթե նոր է սկսել խոսել և նկատում եք անընդհատ նոր բառեր, փոփոխություններ և զարգացում, ապա անհանգստանալու կարիք չկա:

Հարց- Լուսինե - Հարգելի բժիշկ, աղջիկս 2.2 տարեկան է: Երբ նա 1-1.5 տարեկան էր,  բակում խաղալիս երեխաները երբ վերցնում էին իր խաղալիքները, գոռալով ու խփելով ետ էր այն վերցնում: Ես իրեն խնդրում էի այդպես չանել և կիսել ընկերների հետ: Արդյունքում` երբեմն տալիս էր իր նախընտրած երեխային: Իսկ վերջերս, երբ լրացավ 2 տարին, իր խաղալիքը վերցնում են նա, չի կարողանում այն ետ պահանջել և դիմում է իմ օգնությանը: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նման անինքնավստահությունը կամ վախը տարիքով իրենից մեծ երեխաներից :

Պատասխան-1-2 տարեկանում երեխաների համար դժվար է կիսել իրենց իրերն ու խաղալիքները, կոնֆետը: Դրանում վախեցնող կամ վատ բան չկա: Պետք է մի փոքր համբերատար լինել, բացատրել, օգնել երեխային, որ սովորի կիսել իր իրերը: Դա պետք է անել նուրբ, առանց բարոյական խրատների: Այս տարիքում երեխայի համար դժվար է հասկանալ ուրիշի ցանկություններն ու պահանջները, լավ կամ վատ վարվեցողության տարբերությունները, և դա նորմալ է: Երեխայից ավելին սպասել պետք չէ:  Հնարավոր է, որ երեխան ոչ թե անինքնավստահ է, այլ ուղղակի չգիտի, թե ինչպես կարելի է իր իրը ետ խնդրել: Հնարավոր է նաև, որ փոքր հասակում շատ անգամ բացատրել եք իրեն, որ ինքը սխալ է անում, որ չի տալիս իր խաղալիքները ուրիշներին, երեխան հասկացել է, որ պետք է խաղալիքներով կիսվել: Բայց հիմա դեռ չգիտի, որ պետք է խաղալուց հետո ետ վերցնել: Շատ մի անհանգստացեք, բացատրեք ամեն բան երեխային, հանգիստ ցույց տվեք` ինչպես են դա անում, եթե կարիքը կա: Փոքրիկ է դեռ, ուղղակի կարող է չկողմնորոշվի, թե այդ պահին ինչպես պետք է վարվել:

Հարց – Ռոզետտե – Իմ տղան արդեն 5 տարեկան է, 3 տարի է` նրա հետ աշխատում են լոգոպեդն ու հոգեբանները: Խոսքի խնդիր ունի: Բառեր ասում է, բայց նախադասություն չի կազմում: Իր «ես»-ը բացակայում է: Նոր է սկսել հասկանալ իր «ես»-ը: Բառերը կրկնում է, շատ ակտիվ է, հաշվում է թվերը, կենդանիներ, մրգեր: Հարցս հետեւյալն է` երեխաս կսկսի՞ խոսել լիարժեք: Եվ Ձեր պրակտիկայից ելնելով` որքա՞ն ժամանակ կպահանջվի:

Պատասխան- Հարգելի' Ռոզետտե, շատ լավ է, որ երեխայի հետ աշխատում են մասնագետներ, լավ է, որ հետևում եք երեխայի զարգացման ընթացքին: Միակ բանը, որ ինձ անհանգստացրեց, մի քանի հոգեբանի կամ մի քանի մասնագետի հետ աշխատանքն է: Իհարկե, եթե մասնագետներն այդպես են վարվում, ապա իրենք գիտեն` ինչ են անում և դրա համար հիմնավորում ունեն: Սակայն իմ մոտեցումն այսպիսին է. նախադպրոցական տարիքում ցանկալի է, որ երեխայի հետ շփվեն քիչ թվով մեծահասակներ (խոսքը մասնագիտական շփման մասին է):  Ինչ վերաբերում է երեխայի լիարժեք խոսելուն, ես կասեի հետեւյալը` անգամ այն դեպքում, երբ մասնագետը Ձեզ ասի, որ երեխան լիարժեք չի խոսի երբեք, դուք պիտի վստահ լինեք, որ կխոսի: Միանշանակ պատասխանել Ձեր հարցին կամ կանխատեսել դժվար է  հատկապես այս դեպքում, երբ երեխային չենք տեսնում և չենք ճանաչում:

Հարց – Լալա – Իմ աղջիկը 3 տարեկան է, երբեմն եղունգներն է կրծում կամ մատները բերանը տանում: Բայց ընդհանուր առմամբ շատ շփվող, ուրախ եւ շարժուն երեխա է: Կարո՞ղ է արդյոք դա կապված լինել այն բանի հետ, որ մնում է տատիկի մոտ եւ առանց ինձ, այսինքն` վախ ունի մամայից բաժանվելու:

Պատասխան- Հնարավոր է: Եղունգները կրծելը միանշանակ տագնապի նշան է: Գուցե ճիշտ կլինի մեկ անգամ հանդիպել հոգեբանի հետ, առավել մանրամասն քննարկել երեխայի իրավիճակը և կոնկրետ Ձեր բալիկի համար գտնել տագնապի պատճառը: