Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-10

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 10-րդ խմբաքանակին:

Հարց – Լուսինե - Հարգելի բժիշկ, աղջիկս 2 տարեկան է, աշխույժ, շփվող երեխա է, արտասանում է, երգում, հաշվում, ազատ խոսում է: Մի հարց է ինձ միայն հուզում` երբ իրեն ասում են` մենք քեզ հետ չենք խաղում, դու փոքր ես, նա կպչում է ինձնից ու ռիսկ չի անում մոտենալ: Երբ ես միջամտում եմ և խնդրում, որ իր հետ էլ խաղան, նա ոգևորվում է ու նորից խաղի բռնվում, իսկ հաջորդ անգամ նա էլ չի

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 10-րդ խմբաքանակին:

Հարց – Լուսինե - Հարգելի բժիշկ, աղջիկս 2 տարեկան է, աշխույժ, շփվող երեխա է, արտասանում է, երգում, հաշվում, ազատ խոսում է: Մի հարց է ինձ միայն հուզում` երբ իրեն ասում են` մենք քեզ հետ չենք խաղում, դու փոքր ես, նա կպչում է ինձնից ու ռիսկ չի անում մոտենալ: Երբ ես միջամտում եմ և խնդրում, որ իր հետ էլ խաղան, նա ոգևորվում է ու նորից խաղի բռնվում, իսկ հաջորդ անգամ նա էլ չի

մոտենում` ասելու, որ իր հետ էլ խաղան, այլ միանգամից ինձ է դիմում, որ ես ասեմ` պատճառաբանելով, որ իր ասելով` չեն խաղա, իսկ ինձ չեն մերժի: Միգուցե դեռ նա փոքրիկ է, միգուցե այս տարիքում դա նորմալ է, որ ես պետք է իր փոխարեն խնդրեմ, ես ուզում եմ իմանալ` արդյոք իմ այսպիսի վարքը չի նպաստի երեխայիս ինքնավստահության կորստին եւ հնարավոր է, որ  ամեն դժվարության դեպքում սպասի իմ օգնությանը:

 

Պատասխան - Այս տարիքի երեխայի համար նորմալ և բնական է անմիջապես մայրիկին դիմելը: Բայց եթե շարունակեք իր փոխարեն լուծել խնդիրներ, իհարկե, նրա ինքնուրույնությունը կնվազի և անվստահություն կառաջանա սեփական անձի հանդեպ: Առաջին անգամ կարող եք ցույց տալ, թե ինչպես կարող է ինքը վարվել: Հետագա անգամները ուղղակի հորդորեք, որ ինքնուրույն անի: Ամենաառաջին անգամը, երբ իրեն հաջողվի ինքուրույն խաղի մեջ մտնել, գովեք ու խրախուսեք, ցույց տվեք նրան իր հաջողությունը: Այսպես քայլ առ քայլ գնացեք դեպի ինքնուրույն և վստահ վարքագիծը:

Հարց–Սիլվա- Բարև Ձեզ: Իմ աղջիկը 2.5 տարեկան է, մեկ ամսից ավել հաճախում է մանկապարտեզ, հարմարվել է, սակայն կտրականապես հրաժարվում է քնել: Լավագույն դեպքում երբեմն համաձայնում է շորերով նստել անկողնու մեջ: Ի՞նչը կօգնի դստերս քնել: Կքնի՞ արդյոք նա մի օր մանկապարտեզում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան - Լավ կլիներ իհարկե,  նշեիք` երեխան տանը քնու՞մ է ցերեկը, թե ոչ: Դա շատ կարևոր է այս դեպքում: Եթե տանը քնում է ցերեկը, իսկ պարտեզում չի քնում, դա այլ հարց է, իսկ եթե երեխան առհասարակ հրաժարվում է ցերեկը քնել, ապա սա լրիվ այլ բան է: Կան երեխաներ, որոնց օրվա ռեժիմը տարբեր է մնացածներից: Եթե երեխան ցերեկը քնելու ցանկություն չունի, սարսափելի բան չկա, ուղղակի գիշերն ավելի շուտ կքնի և կբավարարվի այդքանով: Պարտեզում չքնելու պատճառը պիտի հասկանաք: Կքնի՞ երեխան երբեևէ պարտեզում, ես չեմ կարող ասել, քանի դեռ չգիտեմ վերոնշյալի մասին:  Երեխային ստիպելով քնեցնել հնարավոր չէ:

Հարց – Սիլվա - Դուստրս նաև տագնապայնություն ունի: Նկատել եմ, որ դա նրա մոտ ի հայտ է եկել իմ`աշխատանքի անցնելուց հետո, այդ ժամանակ նա 1.5 տարեկան էր և մնում էր տատիկի մոտ: Նա կրծում է եղունգները, քաշում վերևի շուրթը: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրան:

Պատասխան - Նման դեպքերում դժվար է ասել, թե ինչպես ծնողները տանը օգնեն երեխային: Եթե 2 տարեկան երեխան կրծում է եղունգները, որոշ կրկնվող գործողություններ է կատարում, պետք է անպայման դիմել մասնագետի: Սա նշան է, որ երեխան չի կարողանում կառավարել իր ապրումները, անհանգստությունները, վախերը, տագնապը: Ինչպես նաև, սա վկայում է այն մասին, որ ընտանիքում մեծահասակները ևս ունեն որոշ սխալ մոտեցումներ, կամ գուցե իրենք էլ տագնապային են: Այս դեպքում ծնողները պետք է վերլուծեն իրենց վարքը, հասկանան, թե որ արարքներն են երեխայի տագնապայնությունը խթանում: Եթե երեխան ունի նման խնդիրներ, նշանակում է` ծնողները որոշ հարցերում թերացել են: Այս իրավիճակում անհրաժեշտ է մասնագետից խորհրդատվություն ստանալ, սակայն ոչ թե առցանց, այլ  անմիջական:

Հարց – Լիլիթ - Ես ինձ շատ լավ զգալու համար ունեմ ամեն բան, ծնողներ, ընտանիք, բալիկ, աշխատանք, բայց ես շատ հաճախ ունենում եմ չպատճառաբանված տրամադրության անկումներ: Խնդրում եմ խորհուրդ տալ:

Պատասխան - Մասնագետը վերլուծում է իրավիճակը Ձեզ հետ միասին, հարցերի և երևույթների մանրամասն վերլուծության ընթացքում բացահայտում Ձեր հոգեվիճակի պատճառներն ու առաջարկում լուծումներ: Երբեմն հարցի տեսքով առաջարկում եք հանելուկներ, որոնք իրականում լուծելի չեն և մասնագիտական առումով բավական անլուրջ է նման հանելուկը լուծել տրամաբանության միջոցով: Չհիմնավորված տրամադրության անկման պատճառները բազմաթիվ կարող են լինել` սկսած էնդոկրին համակարգի, հորմոնալ խախտումներից, ավարտած հոգեբանական տարբեր խնդիրներով, որոնցից յուրաքանչյուրը խիստ անհատական է: Հոգեբանական խնդիրների շարքում կարող է լինել անլիարժեքության զգացումը, կյանքից չափազանցված պահանջները, սեփական անձից դժգոհությունը և այլն: Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ Ձեզ, նման դեպքերում դիմեք մասնագետին և մի լսեք չհիմնավորված խորհուրդներ: Իրականում տրամադրության անկումը կարող է միայն թվալ չհիմնավորված կամ չպատճառաբանված, բայց իրականում դա պարտադիր ունի իր պատճառները, որոնք պետք է գտնել մասնագետի հետ միասին:

Հարց – Նարինե - Բարև Ձեզ, տղաս շուտով կլինի 4 տարեկան, ոչ մի խնդիր չունենք, հետաքրքրությունները շատ-շատ են, բայց չեմ կարողանում բանաստեղծություն կամ թեկուզ հաշվել սովորացնել: Երբ իրենից փոքրերն են արտասանում, շատ եմ նեղվում, որ իմ բալիկը չի սովորում ,հեքիաթներ շատ է սիրում, իր բառերով նույնիսկ պատմում է: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպես վարվեմ: Շնորհակալություն

Պատասխան - Եթե ճիշտ հասկացա Ձեր հարցից, ապա բալիկը ուղղակի չի սիրում անգիր սովորել և կրկնել ինչ-որ բան: Եթե այս տարբերակն է, ապա փորձեք ոչ թե ստիպելով սովորեցնել, այլ ուղղակի հաճախ իր մոտ արտասանեք նույն բանաստեղծությունը, որը նա ինքնըստինքյան կսովորի և կասի: Եթե ստիպողաբար որևէ բան անելուն կամ սովորելուն է ընդդիմանում, ապա փորձեք նրան շրջապատել այն ինֆորմացիայով, որն ուզում եք ստանալ նրանից: Նա խաղի ընթացքում առանց պարտադրանքի կսովորի և կվերցնի այդ տեղեկությունները: Այս տարիքի երեխաներն ինքնաբուխ են և նրանց պարտադրել, հատուկ սովորեցնել որևէ բան պետք չէ: Թվերով խաղալինքեր գնեք իր համար, մանկական հեքիաթների և բանաստեղծությունների գրքեր, ինչպես նաև ուշադրություն դարձրեք սովորեցնելու ձեր մոտեցումներին` ինչպես եք դա անում, որքանով է երեխայի համար հաճելի ու գրավիչ սովորելու այդ պրոցեսը: Եթե հաճելի չէ, չի սովորի: Սակայն, եթե նկատում եք, որ հիշողության խնդիր է և երեխան ուղղակի չի կարողանում հիշել, ապա մասնագետի դիմեք:

Հարց – Անի - Իմ 4.5 տարեկան տղան դարձել է սարսափելի կամակոր և լացկան: Ես դա կապում եմ մեր տան փոքրիկի աշխարհ գալու հետ, որն արդեն 1 տարեկան է: Ես փորձում եմ հասկանալ նման նյարդային պահվածքի դրդապատճառները, բայց չեմ կարողանում հստակ լուծում գտնել: Երբեմն նյարդերս պարզապես տեղի են տալիս և գործը ավարտվում է ապտակով: Նա շատ հասկացող երեխա է, և շատ եմ փորձում զրույցով ամեն ինչ հարթել: Նա երբեմն ներողություն է խնդրում, բայց ամեն ինչ նորից կրկնվում է հաջորդ անգամ: Հիմա վիճակն առավել է սրվել, ինչ իմ ամուսնու ծնողները սկսել են մեզ հետ ապրել: Խնդրում եմ` ինձ խորհուրդ տվեք. ուզում եմ վերականգնել մեր ընտանիքի անդորրը և չեմ ուզում իմ փոքրիկին ծեծով դաստիարակել:

Պատասխան - Եթե չեք ուզում ծեծով դաստիարակել, ապա մի արեք դա: Երեխային ստիպել ներողություն խնդրել իր արարքի համար, կարծում եմ, ամենաանմիտ բանն է, որ ծնողները հաճախ անում են: Երեխաները` հատկապես նախադպրոցական տարիքում, չեն կարող այդքան խորությամբ գիտակցել իրենց արարքների հետևանքները կամ կառավարել իրենց վարքը կամքով: Հետևաբար նրանց ստիպել ներողություն խնդրել ուղղակի անիմաստ է և միայն խորացնում է երեխայի տհաճ ապրումները, մերժված լինելու զգացումը, հետևաբար նաև խորացնում է վատ վարքի պատճառները: Եթե հասկանում եք, որ փոքր բալիկի ծնվելու հետ է կապված նրա նման վարքը, ապա պետք է հետևեք Ձեզ, Ձեր հարաբերություններին և տանը երեխայի դիրքին: Երեխայի վատ վարքը վկայում է նրա վատ զգացմունքների մասին: Մեծերի հետ ապրելն էլ գուցե ավելացրել է երեխայի նկատմամբ հսկողությունը և պահանջները: Մի սպասեք 4,5 տարեկան երեխայից ավելին, քան նա կարող է անել: Կարծում եմ` պիտի վերլուծեք ձեր և երեխային շրջապատող մեծահասակների վարքը:

Հարց – Նարինե – Սիրելի հոգեբան, իմ դստրիկը 1 տարեկան, 10 ամսական է, անչափ խելացի, շնորհալի, կարելի է ասել` գերակտիվ երեխա է: Ինձ անհանգստացնում է 3 խնդիր` նախ կեսգիշերից շուտ չեմ կարողանում քնեցնել, գիշերանոթին չի նստում եւ ատամները հանելուց հետո հաճախ կծում է, ճանկռում, խփում հատկապես ինձ եւ լաց լինելիս շունչը պահում: Ինչպես նաեւ մերկ ժամանակ շատ է խղում սեռական օրգանի հետ:

Պատասխան - Հարգելի’ Նարինե, միանշանակ կարող եմ ասել, որ մի քանի հստակ պատճառ նշեցիք մասնագետին դիմելու համար: Նախ`  երեխայի մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, ախտանշանները երեւում են Ձեր իսկ նկարագրած վիճակից: Երկրորդ` կա ագրեսիվություն, և երրորդ`  հնարավոր է, որ հիպերակտիվություն լինի: Հասկանալու համար, թե իրականում երեխան ինչ խնդրներ ունի,  անհրաժեշտ է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Քնելու հետ կապված կարող եմ ասել, որ պարտադիր չէ` բոլոր երեխաները քնեն նույն ժամին. եթե Ձեր երեխայի համար քնելու ժամը կեսգիշերն է, ուրեմն` այդպես էլ արեք: Ուղղակի պետք է հստակ սահմանել քնելու ժամն ու հետեւել դրան, որպեսզի  երեխայի օրն առավել կազմակերպված լինի:

Հարց – Աննա - Հարգելի բժիշկ, իմ երեխան 1 տարեկան, 8 ամսեկան է, նա ինձ իմ անունով է դիմում, մամա շատ քիչ է ասում:

Պատասխան - Երեխաները խոսել սովորում են մեծահասակների օգնությամբ, ինչպես նաև բառերը, անունները, որոնք օգտագործում են մեծահասակները նրանք կրկնօրինակում են: Երեխան լսում է, որ բոլորը Ձեզ դիմում են անունով, ինքն էլ կրկնում է նրանց նման: Դրա ներքո  որևէ լուրջ պատճառ մի փնտրեք: Եթե Ձեր հարազատներին խնդրեք, որ հաճախակի երեխայի ներկայությամբ Ձեզ դիմեն «մամա»-ով, հուշեն «մամա» դիմելաձեւը, երեխան հեշտությամբ կյուրացնի և կասի: Հայրիկին կարելի է խնդրել, որ երեխայի ներկայությամբ ձեր մասին խոսելիս ասի «մայրիկը», ոչ թե «Աննան»:

Հարց – Էմմի – Բժիշկ ջան, բալիկս 5 ամսական է, նրա ծնված առաջին օրվանից անընդհատ կյանքի վատ իրավիճակներ եմ պատկերացնում եւ ելք փնտրում, թե աղջկան ոնց պետք է օգնեմ, որ չվնասվի: Արդեն հոգնել եմ այս վիճակից:

Պատասխան - Երեխայի ծնվելուց հետո մայրիկների մոտ հաճախ սրվում է պատասխանատվության, հոգատարության զգացումը, երեխային պարտպանելու ցանկությունը, դրա հետ մեկտեղ երեխայի համար վախը: Պետք է աշխատեք այդ վախը թուլացնելու ուղղությամբ: Միշտ հիշեք, որ բալիկներն ունեն պահապան հրեշտակներ և միայն դուք չեք, որ նրան կպաշտպանեք դժվար իրավիճակներում: Վստահեք մի փոքր կյանքին: Եթե չկարողանաք այդ վախը հաղթահարել սեփական ուժերով, դիմեք մասնագետին: