Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-11

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 11-րդ խմբաքանակին:

Անուն: Մերի
Տարիք: 28
Հարց: Ես 8 ամսական հղիության ժամանակ ամուսնալուծվել եմ, երեխաս արդեն 2 ամսական է և հորն ընդհանրապես չի տեսել: Գիտեմ` երեխայի համար կարևոր է հոր հետ շփումը, բայց գտնում եմ, որ հայրն արժանի չէ երեխայի հետ շփվելուն, քանի որ միշտ վնասել է երեխային: Խնդրում եմ`

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 11-րդ խմբաքանակին:

Անուն: Մերի
Տարիք: 28
Հարց: Ես 8 ամսական հղիության ժամանակ ամուսնալուծվել եմ, երեխաս արդեն 2 ամսական է և հորն ընդհանրապես չի տեսել: Գիտեմ` երեխայի համար կարևոր է հոր հետ շփումը, բայց գտնում եմ, որ հայրն արժանի չէ երեխայի հետ շփվելուն, քանի որ միշտ վնասել է երեխային: Խնդրում եմ` խորհուր տվեք` ինչ անեմ, ավելի լավ է երեխան վատ հոր հետ շփվի, թե ընդհանրապես չշփվի:

Պատասխան: Այստեղ մի քանի կարևոր խնդրի և մարդու իրավունքների հետ ենք առնչվում: Նախ` նշեմ այդ իրավունքները, ապա անցնենք այս պահին  դրանց բարոյահոգեբանական կողմին կամ ազդեցությանը ձեր և երեխայի վրա:

Հայրն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, եթե դատարանի կողմից արգելք չկա: Անկախ նրանից, թե ինչ բնավորություն կամ վարք ունի նա, միևնույն է, երեխայի հայրն է և կարող է օգտվել իր այդ իրավունքից: Եթե դուք տեսնում եք ակնհայտ վտանգ երեխայի հետ շփվելու համար, ապա պետք է դիմել դատարան և թողնել որոշումը նրան: Եթե նման լուրջ վտանգ չկա, և միայն ձեր անհանգստությունն է, կամ վիրավորանքն է ստիպում այդպես խոսել, ապա ժամանակի ընթացքում այդ վիրավորանքը կանցնի:

Երեխան իրավունք ունի իմանալ իր ծագման մասին, ինչպես նաև ճանաչել իր ծնողներին: Երեխան իրավունք ունի որոշելու` ցանկանում է շփվել իր հոր կամ մոր հետ, թե չի ցանկանում: Այս դեպքում ևս դուք պետք է սպասեք, և թողնեք որոշումը երեխային: Երեխայի համար կարևոր է իմանալ իր պատմությունը, որքան էլ այն դժվար, տխուր կամ ողբերգական լինի: Դուք իրավունք չունեք նրանից թաքցնելու իրականությունը: Ներկայում ամուսնալուծված ծնողներին` հատկապես հորը թույլ է տրվում նորածին և մանկահասակ երեխայի հետ շփվել միայն մոր ներկայությամբ, եթե ես չեմ սխալվում:

Հիմա անդրադառնանք այս ամենի հոգեբանական կողմին: Այդքան վաղ եւ այն էլ բալիկի սպասելու շրջանում ամուսնալուծվելու հետեւանքով բնական է, որ սուր ցնցում եք ապրել, լուրջ հիասթափություն և վիրավորանք: Բնական և հասկանալի է, որ զայրույթ ունեք նաև երեխայի հոր նկատմամբ: Գուցե այդ զայրույթն էլ ձեր նախկին ամուսնուն պատժելու ցանկություն է առաջացնում: Հնարավոր է` ես սխալվում եմ ձեր դեպքում, բայց նման բան հաճախ է լինում կանանց հետ ամուսնալուծությունից հետո, երբ նրանք փորձում են երեխայի միջոցով պատժել ամուսնուն: Երբեմն նրանք իսկապես իրավացի են լինում: Սակայն այս դեպքում  Դուք հարցնում եք, թե որ վարմունքը կլինի ավելի ճիշտ, ինչի համար միայն գովեստի եք արժանի: Եվ խորհուրդը, որը կարող եմ տալ այս պահին, հետևյալն է. երեխայի և հոր հարաբերությունները հնարավորինս անկախ պահեք ձեր ապրումներից հոր նկատմամբ:  Փորձեք արտահայտել Ձեր զայրույթն անմիջական ձևերով` ասելով կամ հայտնելով դրանց մասին: Երեխայի հարաբերությունները թողեք զարգանան այնպես, ինչպես կզարգանան: Այսինքն` եթե երեխայի հայրը ցանկություն է հայտնում շփվելու երեխայի հետ, դա միայն ողջունելի է, պետք է թույլ տալ` ապահովելով երեխայի անվտանգությունը: Եթե երեխան մեծանալով որոշի չշփվել հոր հետ այս կամ այն պատճառով, դա կլինի իր որոշումը: Իսկ եթե կարճ ասեմ, ապա ավելի լավ է երեխան շփվի վատ հոր հետ, քան առհասարակ չշփվի: Վատ ասելով, իհարկե, նկատի չունենք հանցագործ, մանկապիղծ կամ վտանգավոր հոգեկան հիվանդությամբ տառապող մեկի: Չնայած անգամ այս դեպքերում մարդիկ կրկին իրավունք ունեն որոշակի սահմաններում և ձևով շփվելու իրենց երեխաների և ծնողների հետ: Ավելի լավ է կիսով չափ չորացած արմատներ ունենալ, քան արմատից կտրված լինել: Սա միանշանակ ճիշտ է: Ձեզ և Ձեր բալիկին հաջողություն եմ մաղթում, և միակ բանը, որ կարող եմ առաջարկել այս պահին, անվճար հոգեբանական խորհրդատվությունն է, եթե հարմար կգտնեք մեզ այցելել:

 

Անուն: Անահիտ

Տարիք: 24
Հարց: Բարեւ Ձեզ, բժիշկ: Ես ունեմ տղա, 3 տարեկան է: Ինձ մոտ մշտապես անհանգիստ վիճակ է: Վախենում եմ` որեւէ հիվանդություն ձեռք բերի: Քիչ է ուտում, ես էլ սթրես եմ տանում: Ինչ կարելի է անել:

Պատասխան: Մայրանալուն զուգահեռ ավելանում է կնոջ պատասխանատվության զգացումը և տագնապը: Եթե կինը նախկինում էլ ունեցել է բարձր տագնապայնություն, ապա սա գումարվում է առաջինին և արդյունքում կարող են սրվել վախերը, առաջանալ կպչուն մտքեր: Առաջին երեխային մեծացնելիս ծնողները սովորաբար անվստահ են լինում, իսկ եթե նախկինում էլ ունեին անվստահություն, թերարժեքության բարդույթ, ապա սա կրկնակի սրում է տագնապն ու անհանգստությունը: Առաջին հերթին մի փորձեք պայքարել այդ վախերի դեմ: Դրանք ավելի կխորանան: Փորձեք հասկանալ` ինչում եք անվստահ զգում Ձեզ, փորձեք ուժեղացնել Ձեր վստահության զգացումը որպես կին, որպես մարդ, որպես մայր: Ազատվեք ավելորդ մեղքի զգացումից, ավելորդ պատասխանատվությունից, ավելորդ պահանջկոտությունից և բծախնդրությունից: Հնարավորինս կիսեք ծնողական պատասխանատվությունը ամուսնու, տատիկների և պապիկների հետ: Թույլ տվեք մնացածին մասնակցել երեխայի դաստիարակության և խնամքի գործընթացին: Վստահեք Ձեր ընտանիքի մեծահասակներին, փորձեք հանգստանալ, եթե դրա հնարավորությունը կա: Եթե նկատեք, որ վախերը պահպանվում են կամ ավելանում, խորանում, անպայման դիմեք հոգեբանի խորհրդատվությանը:

 

Անուն: Լիլիթ

Տարիք: 35
Հարց: Ինչ անել, եթե 11 տարեկան երեխան ունի գիշերամիզություն:

Պատասխան: Առաջին հերթին պետք է դիմել բժշկի:  Եթե պարզվի, որ բժշկական որևէ խնդիր, ախտահարում, կամ դիսֆունկցիա չկա, պետք է դիմել հոգեբանի խորհրդատվությանը: Գիշերամիզությունը հաճախ ունենում է հոգեբանական պատճառներ: Պետք է օգնեք երեխային ինքնավստահություն ձեռք բերել, հավատալ իր ուժերին, ինքնուրույն և ամուր դառնալ, անկախություն ձեռք բերել: Պետք է հաղթահարեք նրա հետ կապված Ձեր իսկ վախերը: Ձեր հարցում չկան այլ տվյալներ երեխայի սեռի, ընտանեկան իրավիճակի մասին: Սակայն այդ ամենն այստեղ կարևոր դերակատարում ունի: Այնուամենայնիվ, ես խորհուրդ կտամ դիմել հոգեբանին, անկախ բժշկի եզրակացությունից, քանի որ այդ տարիքի երեխան անպայման կունենա թերարժեքության զգացում, ավելորդ ամոթի զգացում, անհարմարություն իր խնդրի հետ կապված, անկախ նրանից, թե պատճառն ինչ բույթի է:

Անուն: Նարինե

Տարիք: 30
Հարց: Բարև ձեզ, իմ բալիկը 10 ամսական է, սակայն կողմնակի սնունդ չի ուտում, գերադասում է կրծքի կաթը: Ինչպես կարող եմ սովորեցնել հավելյալ սննդին: Եվ արդյոք դա կապ ունի նրա գիշերային անքնության հետ, քանի որ ամբողջ գիշեր կուրծքս բաց չի թողնում:

Պատասխան: Առաջին անգամ այլ տեսակ սննդի համը կամ բնույթը, ջերմությունը կարող է խորթ թվալ երեխային: Դա բնական է, սովորաբար երեխաներն առաջին անգամ մերժում են նոր սնունդը: Այստեղ պետք է փոքր-ինչ համառություն և համբերատարություն դրսևորել: Եթե երեխան կուրծքը վերցնում է ամեն անգամ, երբ տագնապած է, անհանգիստ, սոված, իսկ այս շրջանում նա առհասարակ անհանգիստ է, ապա կարող է Ձեզ թույլ չտալ հեռանալ: Երեխայի այդքան կախված լինելը կրծքից կարող է նաև Ձեր անհանգստության, երեխայի համար տարբեր վախերի պատճառով լինել: Պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, զրուցել և գտնել պատճառները: Ինքնավստահ և համարձակ մայրիկների երեխաներն ավելի հանգիստ են մայրիկին իրենցից հեռու թողնում, հանգիստ են նաև քնում գիշերը: Պետք է մի փոքր ուշադրություն դարձնեք Ձեր հոգեվիճակին, հասկանաք` ինչպես եք Ձեզ զգում, ինչպիսի վախեր ու տագնապներ ունեք, և ինչն է ազդում Ձեր հոգեվիճակի վրա: Երեխաներն այս շրջանում լիարժեք ստանում և փոխանցում են մայրիկի զգացմունքները, տագնապն ու վախերը: Եթե բալիկն անհանգիստ է, ապա պատճառները պետք է փնտրեք Ձեր ապրումների և հոգեվիճակի մեջ:

 

Անուն: Մարիամ

Հարց: Հարգելի բժիշկ, մեկ հարց ունեմ Ձեզ, շատ եմ խնդրում` պատասխանեք, թեեւ մանկան հետ չի առնչվում իմ հարցը: Մայրս ունի խորացված նեւրոզ, եւ ամեն անգամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի ինչ-որ տեղ մեկնելը, անգամ եթե դա 2 օր է, իր մոտ առաջացնում է պանիկա, դեպրեսիվ վիճակ: Շատ եմ խնդրում` ասեք, թե  ինչով օգնեմ մայրիկիս: Կանխավ՝ մեծապես շնորհակալ եմ:

Պատասխան: Առաջին հերթին խորհուրդ կտամ Ձեզ վրա պատասխանատվություն չվերցնել մայրիկին այդ վիճակից հանելու կամ առավել ևս այդ խնդիրները լուծելու համար: Դա միայն մասնագետների անելիքն է և նրանց գործն է: Միակ բանը, որով կարող եք օգնել, մայրիկին մասնագետների մոտ խորհրդատվության տանելն է, համոզելն ու հորդորելը գուցե, վստահելի մասնագետներ գտնելը: Այս հարցերում կարող եք օգնել իհարկե, իսկ մնացածն արդեն մասնագետների գործն է: Ձեր մայրիկը պետք է ստանա նյարդաբանի և հոգեբանի խորհրդատվություն:

Անուն: Անահիտ

Հարց: Ունեմ 2 բալիկ` 3,5   և 2 տարեկան: Նրանք անընդհատ լաց են լինում, մի փոքրիկ բանից լաց են լինում այն աստիճան, որ  իմ նյարդային համակարգն էլ   չի դիմանում, սկսում եմ գոռալ` հասկանալով, որ  սխալ եմ անում, սակայն այդպես հանգստանում եմ:  Կարդացի նյութը, որտեղ ասվում է, որ երեխային թողնենք, մինչև հանգստանա:  Այսպես որ  թողնեմ,  շատ կլացեն: Արդյո՞ք ավելի վնաս չէ այդպես թողնելը:  Եվ  իմ գոռալն  ի՞նչ բացասական ազդեցություն կթողնի նրանց վրա:

Պատասխան

Երեխաներն իրենց վարքագծի տարրերը հիմնականում սովորում են մեծահասակներից, մյուս մասը պատահաբար կամ տարերային կերպով ամրապնդվում է նույն մեծահասակաների կողմից: Դա տեղի է ունենում այսպես. երեխան լաց է լինում առաջին կամ մի շարք անգամներ, որին ծնողները բուռն արձագանքում են, ավելի հաճախ գրկում են և սկսում սփոփել, կատարել երեխայի պահանջները: Ճիշտ է, հիմա Դուք արդեն չեք դիմանում, զայրանում եք, բայց միշտ չէ այդպես եղել: Հիմա երեխաներն սկսել են իրենց ցանկությունները բավարարել լացով, այսինքն` դա դարձել է իրենց վարքի կարծրացած մի մաս:  Դուք ճիշտ եք, եթե ուշադրություն չդարձնեք, երկար կլացեն, իսկ եթե ուշադրություն դարձնեք, միշտ կլացեն, ու Ձեր ուշադրությամբ նորից ու նորից կամրապնդեք իրենց այդօրինակ վարքը: Ուղղակի դադարեք երեխաների ցանկությունները կատարել, եթե նրանք դա պահանջում են լացով: Երբեք ու ոչ մի արգելք մի հանեք լացելու պատճառով: Եղեք հաստատակամ: Մի քանի անգամ երկար կլացեն, բայց հետո կդադարեն, քանի որ կհասկանան, որ լացելով իրենց ցանկությունները չեն կատարվում:

Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կարող է լինել: Գուցե Դուք դադարեք ուշադրություն դարձնել իրենց լացին, բայց տան մյուս անդամները, միևնույն է, շարունակեն խրախուսել երեխայի լացը` նրա պահանջները կատարելով: Այս դեպքում Դուք ստիպված եք ընտանիքի բոլոր անդամներին բացատրելու Ձեր տեսակետը և պահանջելու համապատասխան մոտեցում:

Ինչ վերաբերում է գոռալուն և անզուսպ վարքին, դա ավելի կսրի երեխաների կամակորությունը, քանի որ նրանք կամակոր են դառնում` կառավարելու համար ծնողների վարքը, իսկ այս դեպքում լիարժեք կառավարում են Ձեզ և Ձեր վարքագիծը, կարողանում են հունից հանել Ձեզ: Այնուամենայնիվ, երեխաները վստահում և ենթարկվում են ուժեղ և հաստատակամ ծնողներին: Պետք է զարգացնեք Ձեր վստահությունը: Խորհրդատվություն ստացեք հոգեբանից և փորձեք կառավարել Ձեր զգացմունքներն ու հույզերը: