Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-12

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 12-րդ խմբաքանակին:

Անուն: Կարինե
Հարց: Իմ փոքրիկը գիշերները անհանգիստ է:

Պատասխան: Որպեսզի մենք պատասխանենք ձեր հարցին, անհրաժեշտ է գոնե հարց տալ: Իհարկե, մեր անձնակազմը ցավում է, որ ձեր փոքրիկն անհանգիստ է գիշերը, բայց հարցի համար առնվազն պետք է գրել փոքրիկի տարիքը, սեռը, ընտանեկան դրությունը` հակիրճ և հետո նշել հարցը:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 12-րդ խմբաքանակին:

Անուն: Կարինե
Հարց: Իմ փոքրիկը գիշերները անհանգիստ է:

Պատասխան: Որպեսզի մենք պատասխանենք ձեր հարցին, անհրաժեշտ է գոնե հարց տալ: Իհարկե, մեր անձնակազմը ցավում է, որ ձեր փոքրիկն անհանգիստ է գիշերը, բայց հարցի համար առնվազն պետք է գրել փոքրիկի տարիքը, սեռը, ընտանեկան դրությունը` հակիրճ և հետո նշել հարցը: Ձեզ հետաքրքրում է` ինչն է անհանգիստ լինելու պատճառը, թե ինչ անել, որ հանգիստ քնի: Այս բոլորը հասկանալու և հատկապես որևէ խորհուրդ տալու համար առնվազն մինիմալ տեղեկույթուններ են պետք:

Անուն: Լուսինե

Տարիք: 23
Հարց: Իմ քրոջ տղան 5 տարեկան է, շատ արագ է խոսում եւ սկսել է կակազել: Երեխան այդ փաստից շատ է նեղվում: Ինչ կարելի է անել, շատ զգայուն երեխա է:

Պատասխան:Անմիջապես պետք է դիմել հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվությանը: Կակազելը բավական լուրջ խնդիր է, դժվար շտկվող և երկարատև աշխատանք է պահանջում: Սակայն լինում են դեպքեր, երբ ամեն բան արագ և հեշտ հաղթահարվում է: Ամեն դեպքում ծնողներին պետք է հուշել, որ երեխային չծանրաբեռնեն ավելորդ ինֆորմացիայով, թույլ տան վայելել մանկությունը և թուլացնեն պահանջները, ավելորդ խստությունը:

Անուն: Գայանե

Տարիք: 28
Հարց: Հարգելի բժիշկ,  խնդրում եմ` օգնեք ինձ:  Տղաս 2,4 տարեկան է,  բայց գրեթե ոչինչ չի ուտում: Դիմեցի մասնագետի, վիտամիններ նշանակեց ախորժակը բացող, սակայն կուրսը ավարտելուց հետո նորից նույնը: Ամբողջ օրվա ընթացքում ուտում է պանրիկ, մի քիչ հաց երշիկով կամ առանց երշիկ, կոնֆետ, օրը մեջ մի քիչ կարտոֆիլ,  խմում է թեյ: Գազով ըմպելիք եթե չենք տալիս, հացն էլ չի ուտում: Պատրաստում եմ տարբեր կերակուրներ, բայց միևնույն է,  չի ուտում: Այլևս չեմ կարողանում տիրապետել ինձ, նյարդերս շատ են տեղի տալիս,  ինքն էլ շատ կամակոր է դարձել: Ինչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Ինչպես հասկանում եմ, երեխան, բացի ուտելու հետ կապված կամակորությունից, ունի նաև այլ անհանգստացնող վարքային և հուզական դրսևորումներ: Երեխայի ճիշտ սննդային վարքագիծ ձևավորելու համար անհրաժեշտ է ճիշտ դաստիարակչական մոտեցում: Նախ` այդ տարիքի երեխայի սննդակարգից պետք է բացառվեն գազավորված ըմպելիքներն ու երշիկեղենը: Դրանք առհասարակ պետք է բացառել տանից, քանի որ համտեսելուց հետո արգելելը շատ ավելի դժվար է լինում, երեխաների նյարդերի հաշվին է ստացվում: Լավագույն տարբերակը տանն այդ սննդամթերքները բացառելն է: Պանրիկների վերաբերյալ կարելի է նույնը ասել, քանի որ դրանք ևս ունեն սննդային հավելումներ, որոնք այդքան էլ օգտակար չեն այդ տարիքի բալիկի համար: Ավելի հաճախ երեխաները քմահաճ են դառնում սննդի ընտրության մեջ, երբ ծնողները սկսում են կատարել երեխայի բոլոր պահանջները. կարտոֆիլից հրաժարվելու դեպքում անմիջապես մեկ այլ բան են պատրաստում, երեխան դա չի ցանկանում ուտել, մեկ ուրիշն են պատրաստում և այդպես շարունակ: Եթե երեխան քմահաճ է ոչ միայն սննդի ընտրության մեջ, այլև այլ հարցերում, ապա պետք է դիմել հոգեբանի խորհրդատվությանը` առհասարակ դաստիարակչական բացթողումները հասկանալու և ճիշտ մոտեցումներ ձևավորելու համար: Հատկապես եթե մանկաբույժի դիտարկմամբ որևէ առողջական խնդիր չկա, ապա խնդիրը հոգեբանական է:

Անուն: Իլոնա

Տարիք: 28
Հարց: Բարև ձեզ, փոքրիկս վերջին 15 օրերի ընթացքում շատ անհանգիստ է, գիշերները լավ չի քնում, ինչ-որ բան է տեսնում՝ մեղու, փոշի և այլն: Ինչպես կարող եմ հաղթահարել այդ խնդիրը:

Պատասխան: Ձեր հարցից հասկանալի չէ` երեխան տեսնում է ինչ-որ բաներ, վախենում ու չի քնում, թե նրա աչքին են երևում` մեղու, փոշի և այլն: Առաջին դեպքում պետք է դիմել հոգեբանի, եթե վախերի հետ գործ ունենք: Երկրորդ դեպքում պետք է դիմել ակնաբույժի, որովհետև երբեմն տեսողության հետ կապված խնդիրների դեպքում կարող է աչքի առջեւ ինչ-որ բան երևալ: Եթե ակնաբուժական խնդիր չէ, ապա կրկին պետք է դիմել հոգեբանին:

Անուն: Աննա

Տարիք: 28
Հարց: Հարգելի հոգեբան, իմ տղան 4.5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Ինձ անհանգստացնում է մի խնդիր: Նա ժամանակ առ ժամանակ ընտրում է մի խաղալիք կամ մուլտհերոս և երկար ժամանակ խաղում ու մտածում է դրա մասին, նմանակում: Սկզբում շատ սիրում էր գորշ գայլին: Անհնար էր բաժանել նրանց, գույներից նախընտրում էր միայն սևն ու մոխրագույնը: Ժամանակի ընթացքում վերացավ այդ մոլուցքը: Հիմա էլ ապրում է միայն աղջիկ Միկիով` Minnie Mouse-ով: Անընդհատ ուզում է` գնենք նրա համար այդ խաղալիքից, շորեր նրա նկարներով, չնայած 6-7 հատ ունի, նմանակում է նրան, կրկնում շարժուձևը, սիրում է միայն վարդագույնը: Ինչ խորհուրդ կտաք անել: Ժամանակի խնդիր է արդյոք սա:

Պատասխան: Կարծում եմ` անհանգստանալու որևէ բան չկա, եթե երեխան ինչ-որ շրջան տարվում է որևէ մուլտհերոսով կամ գույնով կամ խաղալիքով: Դա վկայում է նրա կայուն հետաքրքրությունների մասին: Այլ բան է, որ նկատեք այդ հետաքրքրություններն ակնհայտ վնասում են իրեն, վարքը փոխվում է, բնականից դուրս որևէ բան է անում: Դա արդեն ուրիշ բան է: Ավելի անհանգստացնող է, երբ երեխան  որևէ հետարքրություն չունի, կամ դրանք շատ արագ փոխարինում են մեկը մյուսին: Սա ավելի լուրջ խնդիր է, կարծում եմ: Խաղալիքներ գնեք այնքան, որքան անհրաժեշտ եք համարում, ոչ ավելի: Իսկ հետաքրքրությունները կբավարարվեն ու կանցնեն` իրենց տեղը զիջելով այլ հետաքրքրությունների:

Անուն: Սոնա

Տարիք: 27
Հարց: Իմ տղան 10 ամսական է: Նկատել եմ, որ հաճախակի ամբողջ մարմնով սրսրթում է, ինչպես դա սովորաբար լինում է,  երբ մրսում են: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ` ինչից է այդպես անում, հաստատ մրսելուց չէ:

Պատասխան: Կարծում եմ` պետք է նյարդաբանին դիմել:

Անուն: Ժորա

Հարց: Իմ բալիկը չի քնում:

Պատասխան: Քնի որակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ: Ի դեպ, տարբեր տարիքում այդ գործոնները տարբեր են:  Եթե դուք ցանկանում եք հարցի պատասխանն ստանալ, ապա նախ` հարց տվեք:

Անուն: Լիանա

Տարիք: 25
Հարց: Բարեւ ձեզ, ինչ անել անքնության դեպքում:

Պատասխան: Քնի խանգարումների դեպքում պետք է դիմել մի շարք մասնագետների` սկսած հոգեբաններից, ավարտած նյարդաբաններով և այլ մասնագետներով, որոնք կարող են օգնել այս խնդրի դեպքում: Նախ` պետք է հետազոտություն անցնել, հասկանալ անքնության պատճառը, ապա դիմել շտկողական որևէ ձևի: Առանց պատճառների ախտորոշման, խնդիրը լուծել չեք կարող: Անքնությունը կարող է լինել մի շարք պատճառներով` սկսած դեպրեսիայից, ավարտած մարսողության խանգարումներով:

Անուն: Կարինե

Տարիք: 27
Հարց: Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինձ օգնեք. ես ունեմ 2 բալիկ (2տ.տղա և 4 ամսական աղջիկ): Ամուսինս ինձ դավաճանում է, նույնիսկ իմ հղիության ընթացքում նա կապված էր այդ կնոջ հետ: Երբ առաջին անգամ իմացա այդ մասին, նա ինձ խոստացավ, որ վերջ կտա այդ հարաբերություններին: Սակայն մի քանի օր առաջ ես նորից տեսա նրանց հաղորդագրությունները: Խնդրում եմ, ասացեք` ինչ անեմ: Ես ուղղակի ելք չեմ տեսնում: Վիրավորանքն այնքան խորն է, որ ուզում եմ ամուսնալուծվել, բայց քաջությունս չի հերիքում, իսկ նրա հետ ապրել ես պարզապես չեմ ցանկանում, որովհետև ես նրան այլևս չեմ վստահում: Ես չեմ ուզում ամբողջ կյանքս կասկածներով ապրել: Այս ամենի հետ մեկտեղ ես նրան կյանքիցս շատ եմ սիրում... Աղաչում եմ, օգնեք:

Պատասխան: Նման դեպքերում, երբ անհանգստությունը, կասկածները, անզորությունն այնքան են ուժեղանում, որ այլ ապրումի կարծես տեղ չի մնում ներսում, պետք է միանշանակ դիմել մասնագետի: Չի կարելի նման իրավիճակներում մենակ ելքեր փնտրել: Դա դժվար է: Դուք հիմա ծանրաբեռնված եք. թե երեխաների հոգսը, հոգնածությունը, մայրական վախերն ու անհանգստությունները, թե ամուսնու հետ հարաբերություններում երկարատև կասկածներն ու անվստահությունը, թե որոշում կայացնելու անհրաժեշտությունը, թե… թե…: Այս բոլոր ապրումների ու մտահոգությունների հետ միաժամանակ դժվար կլինի որոշում կայացնել և ձեզ բավարարող լուծում գտնել: Դիմեք մասնագետի օգնությանը:

Անուն: Ասյա Հակոբյան

Տարիք: 24
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, ես Ձեր օգնության կարիքն ունեմ: Երեխաս շուտով երկու տարեկան կդառնա, շատ պարզ խոսում է, սակայն վերջերս շատ ագրեսիվ է դարձել, կարող է քնից արթնանալ ու 10-15 րոպե անտեղի գոռալ ու լացել: Այդ պահին ամեն ինչ անում ենք ողջ ընտանիքով, որ հանգստանա, սակայն ոչինչ չի օգնում: Այնքան է լաց լինում, որ թուլանում է  ու սկսում է խաղալ: Խանգարվել է քունը, գիշերը շատ ուշ է քնում: Խնդրում եմ, ինչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Եթե երեխայի մոտ մի շարք ոլորտներում փոփոխություններ են տեղի ունեցել և բոլորը բացասական բնույթի են, ապա միայն խորհուրդն այստեղ չի օգնի: Ինչ է տեղի ունեցել երեխայի կյանքում, ինչ է փոխվել, ինչն է նրա վրա բացասաբար ազդում: Պետք է այս հարցերի պատասխանները գտնել և, իհարկե, որոշ հետազոտություններ անցնել, եթե կարիքը լինի: Սակայն առաջին հերթին պետք է հոգեբանի հետ խորհրդակցել:

Անուն: Դիանա

Հարց: Բարեւ Ձեզ: Իմ փոքրիկը 15 ամսական է: Սկսել է վախենալ մթությունից: Նախկինում ես նրան դնում էի օրորոցում եւ դուրս գալիս սենյակից, եւ նա ինքնուրույն քնում էր: Իսկ հիմա սենյակում մենակ մնալուց վախենում է եւ մատիկով անընդհատ ստվերներն է ցույց տալիս: Ինչպես վարվել այս դեպքում: Ասեմ, որ սենյակում միշտ լույսը վառ է:

Պատասխան: Մեկ տարեկանում նորմալ է մորից բաժանվելու վախը: Գուցե ձեր երեխան ժամանակին չէր վախենում դրանից, բայց հիմա վախենում է: Դա չի նշանակում, որ ինչ-որ  բան նորմալ չէ: Կան տարիքային վախեր, որոնք տվյալ տարիքում համարվում են նորմալ: Մորից բաժանվելու վախը, անծանոթ երևույթներից վախը կարող եք այս տարիքում նորմալ համարել: Գուցե ձեր բալիկն առաջին անգամ է նկատել ստվերը և բնականաբար չհասկանալով, թե դա ինչ է` վախեցել է: Սա նորմալ է, անգամ մեծահասակների համար անծանոթ երևույթները վախեցնող են: Կարծում եմ` անհանգստանալու առիթ դեռ չկա, պարզապես երեխայի կողքին ավելի  շատ եղեք, սպասեք,  որ քնի, նոր հեռացեք սենյակից:

Իմ փոքրիկ