Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-13

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 13-րդ խմբաքանակին:

Անուն: Լուսինե

Հարց: Փոքրիկս երեք տարեկան է: Երբ նրա վրա բարկանում ենք,  անմիջապես վազում է դեպի մեզ և սկսում անընդհատ համուրել: Ինչո՞վ կբացատրեք այս երևույթը և ի՞նչ խորհուրդ կտաք:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 13-րդ խմբաքանակին:

Անուն: Լուսինե

Հարց: Փոքրիկս երեք տարեկան է: Երբ նրա վրա բարկանում ենք,  անմիջապես վազում է դեպի մեզ և սկսում անընդհատ համուրել: Ինչո՞վ կբացատրեք այս երևույթը և ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Դա փոքրիկի միջոցն է` ձեր բարկությունը մեղմելու, ուշադրությունը շեղելու: Երեխաներ կան, որ սկսում են ծամածռվել կամ ծիծաղելի դեմք ընդունել, որպեսզի ծնողների տրամադրությունը փոխվի: Կարծում եմ` այստեղ անհանգստանալու որևէ բան չկա: Փորձեք այնպես անել, որ ձեր բարկությունը և արգելքները վախի ազդեցություն չունենան երեխայի վրա, ինչպես նաև մի խրախուսեք այդ վարքը: Երբ մոտենում է ու համբուրում, անմիջապես մի շեղվեք և մոռացեք բարկության առարկան, հանգիստ և համբերատար բացատրեք բալիկին, թե ինչ եք իրենից ակնկալում: Այնպես արեք, որ երեխան հասկանա, թե ինչ եք իրենից ուզում: Տվյալ դեպքում, կարծես, նա ուղղակի վախենում է ձեր բարկությունից, բայց չի հասկանում, թե ինչի համար եք բարկանում:

Անուն: Մարիամ

Հարց: Փոքրիկս մեկ տարեկան է, հանգիստ է, շատ խելոք խաղում է, հանգիստ քնում, սակայն ուտել հրաժարվում է: Դիմել ենք տարբեր միջոցների` երեխայի ախորժակը բացելու համար, սակայն ապարդյուն: Հրաժարվում է բոլոր տեսակի ճաշերից և կաշաներից: Կերակրում եմ ստիպելով: Կաթնամթերքից չի հրաժարվում (յոգուրտ, կաթնաշոr-թթվասեր, մածուն, կաթ): Դիմում եմ Ձեզ խնդրանքով, որպեսզի առաջարկեք ինչ-որ մի միջոց բալիկիս ախորժակը բացելու համար:

Պատասխան: Երեխային ստիպելով կերակրել պետք չէ: Եթե առողջական որևէ խնդիր չունի, հնարավոր է, որ կամակորության մի ձև է: Նման վարքն էլ ամրապնդվում է, եթե շարունակաբար ստիպելով կերակրում են երեխային: Պետք է տեսնել` արդյոք երեխան նիհարում է, թե ոչ: Եթե չի նիհարում, նշանակում է` իր կերածը իրեն բավարարում է. համենայնդեպս պետք է բժշկական տեսակետը հաշվի առնել այստեղ: Երեխաները սնվելու հարցում կամակոր են դառնում, երբ ծնողները շատ են լարվում երեխայի ուտելու համար, չափից ավելի շատ են հետևում երեխայի ռեժիմին, սննդի որոշակի չափին և ամեն անգամ քիչ կամ շատ ուտելու դեպքում մեծ սթրես են տանում: Ամեն դեպքում պետք է հասկանալ խնդիրը` մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրելով ոչ միայն երեխային, այլև ծնողներին և նրանց վարքը:

Ամեն կերպ պետք է խուսափել ստիպելով կերակրելուց, դա շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ երեխայի հոգեկան առողջության համար:

Անուն: Լուսինե
Հարց: Բարև ձեզ, հարգելի հոգեբան: Ամուսնացած եմ, ունեմ 1տարեկան 2 ամսական աղջիկ: Նա բավականին ակտիվ երեխա է,արդեն խոսում է: Երբ ամուսինս աշխատանքից վերադառնում է,  համբուրում է ինձ, գրկում: Աղջիկս անմիջապես արձագանքում է` «վայ պաչիկ կամ ասում է` գրկեց»: Հետո գալիս, ասում է, որ իրեն համբուրեմ, սիրեմ: Խնդրում եմ` ասեք`սա նորմալ է, թե երեխայի մոտ խանդի զգացողություն է առաջ գալիս: Գուցե երեխան իրեն վատ է զգում, երբ ամուսնուս գրկում եմ: Բայց ճիշտ հասկացեք, այնպես չէ, որ երեխային անտեսում ենք կամ ուշադրություն չենք դարձնում

Պատասխան: Կարծում եմ` անհանգստանալու առիթ չունեք: Երեխային դուր է գալիս կամ հետաքրքրում է ձեր երկուսի վարքը, հետո, ինչպես բոլոր երեխաները, նա ուզում է մասնակցել ձեր զբաղմունքին, ինքն էլ է ուզում պաչիկ ստանալ: Նա այդպես կվարվեր հավանաբար ցանկացած դեպքում, երբ ձեզ երկուսիդ տեսներ միասին որևէ գործ անելիս: Անգամ եթե նա թեթև խանդ ունի, դրանում որևէ վտանգավոր և աննորմալ բան չկա: Նորմալ է, որ երեխան մանկական տարիքում` մի որոշ ժամանակահատված, կարծում է, թե մայրիկը միայն իրենն է և այս աշխարհում էլ ոչ մեկինը: Իրականում մի որոշ ժամանակ այդպես էլ կա: Երեխաներին մի փոքր ժամանակ է անհրաժեշտ` տեսնելու և հասկանալու  ընտանիքում բոլորի դերերը, իրենը` նույնպես:

Անուն: Լուսինե

Հարց: Հարգելի բժիշկ, աղջիկս 2.5 տարեկան է: Վերջերս շոր հագնելիս շատ է կամակորություն անում, արթնանալիս ասում եմ` արի հագնվենք, մի լաց ու կոծ է կապում, փախչում սենյակից: Ի՞նչ խորհուրդ կտաք և ինչի՞ց դա կարող է լինել: Նշեմ, որ ոչ մի փոփոխություն չի եղել այս ընթացքում՝ բացառությամբ այն բանի, որ մենք միշտ մենակ երկուսով ենք տանը եղել, և  հիմա պապիկն էլ է տանը: Բայց պապիկը շատ է սիրում թոռնիկին և իրար հետ են միշտ խաղում:

Պատասխան: Եթե տանը որևէ բան չի փոխվել, հնարավոր է, որ բալիկն ուղղակի մեկ անգամ առիթ է ունեցել մերկ վազվզելու, ինչը  դուրը եկել է եւ այժմ այլևս չի ուզում հագնվել: Եկեք ընդունենք, որ հագուստն իսկապես մեզ երբեմն կաշկանդում և անհարմարություն է պատճառում, հատկապես ձմռանը: Հնարավոր է` ինչ- որ տհաճ բան է եղել հագնվելու պահին և ակամայից երեխայի ներսում մեկը մյուսի հետ է կապվել և հագնվելու նկատմամբ տհաճ զգացում է առաջացել:

Ամեն դեպքում, ինչն էլ որ լինի պատճառը, պետք է համբերատար շարունակել նրան հագցնել և առանձնակի վառ արձագանքներ չտալ` զայրանալու, կոնֆետներով խրախուսելու կամ այլ միջոցներով: Ուղղակի պետք է հանգիստ բերել նորից սենյակ, համառորեն հագցնել հագուստը և ճանապարհել խաղալու, բարի և խաղաղ դեմքի արտահայտությամբ

Անուն: Աննա Մեսրոպյան
Հարց: Աղջիկս երկու տարեկան է, շատ աշխույժ երեխա է, ինձ հետ կապված է, բայց ինձ մամա չի ասում: Դա ինչի՞ հետ է կապված:

Պատասխան: Երեխաները խոսքը յուրացնում են մեծերից լսելով: Եթե որևէ մեկը ձեզ «մամա» չի ասում, դիմում են ձեզ ձեր անունով, հնարավոր է, որ երեխան ուղղակի քիչ է լսում այդ բառը, հետևաբար նաև քիչ հնարավորությւոն ունի դա յուրացնելու: Կարծում եմ` պիտի ավելի հանգիստ մոտենաք այդ հանգամանքին, մամա ասելու կամ չասելու փաստը որևէ կապ չունի ձեր նկատմամբ երեխայի կապվածության կամ սիրո հետ:

Անուն: Արփի
Հարց: Իմ տղան 2.5 տարեկան է: Արդեն մեկ տարի է` նրա սիրելի խաղալիքներն են կենդանիները: Նա սկսել է հետաքրքրվել կենդանիներով անհանգստանալու աստիճան: Գիտի բազմաթիվ վայրի ու ընտանի կենդանիների անուններ: Ամեն բան փորձում է նմանեցնլ կենդանու: Ճի՞շտ է, արդյոք, թույլ տալ, որ նա շարունակի խաղալ կենդանիներով: Եվ ի՞նչ է նշանակում նրա այդ հակումը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Կարծում եմ` անհանգստանալու որևէ առիթ չունեք. 2-3 տարեկանում երեխաների վարքում նկատվում է ակնհայտ հետաքրքրություն կենդանիների նկատմամբ, անգամ ընտանի կենդանիների: Տանը կենդանիներ պահելու ցանկություն է առաջանում: Օգտագործեք երեխայի հետաքրքրությունները և զարգացրեք նրա իմացական ոլորտը` կենդանիների միջոցով սովորեցրեք գույները, հաշվեք, բանաստեղծություններ սովորեցրեք կենդանիների մասին, երգեք և խաղացեք կենդանիների հետ կապ ունեցող խաղեր, նկարեք միասին կենդանիներ, պլաստիլինով պատրաստեք կենդանիներ, հեքիաթներ հորինեք և կարդացեք կենդաներիների մասին և այլն: Ընդամենը զարգացրեք բալիկի հետաքրքրությունների և զբաղմունքների ոլորտը, մի վախեցեք նրա այդ բնական և տղաների համար հատկապես շատ բնորոշ հետաքրքրությունից: Ժամանակի ընթացքում կտեսնեք, որ նա կսկսի հետաքրքրվել նաև այլ բաներով:

Անուն: Կարինե
Հարց: Աղջիկս 4 տարեկան է: Նա չի ցանկանում սովորել կամ կրկնել բանաստեղծություններ,  հաճախել կրթական համալիրներ: Ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Բանաստեղծություններ կրկնելը նրան կարող է ուղղակի ձանձրալի կամ անիմաստ թվալ: Երեխաներն այս տարիքում ինքնաբուխ են, և նրանց ստիպողաբար սովորեցնելն ուղղակի անիմաստ է և անօգուտ: Այլ բան է, որ դուք նրա հետ միասին երգեք, երգելը նրան հաճելի լինի, և նա սովորի երգը, կամ բանաստեղծությունը կարդաք մի քանի անգամ, և նա սովորի ու մեկ անգամ իր ցանկությամբ ասի կամ շարունակի այն կետից, որտեղից դուք դադարել եք ասել: Այստեղ առանձնակի խնդիր չկա, մեթոդն է պետք փոխել: Սակայն կրթական համալիր չհաճախելու խնդիրը կարող է բազմաթիվ  տարբեր պատճառներ ունենալ` սկսած համալիրի որակից ու մասնագիտական անձնակազմից, վերջացրած երեխայի հոգեբանական խնդիրներով: Այդ հարցին պատասխանելու համար պետք է տեսնենք բալիկին և փոքր-ինչ մանրամասն զրուցենք:

Անուն: Մարիամ
Հարց: Բարև ձեզ: Երեխաս 1 տարեկան է, օրվա մեջ քնում է 2-3 անգամ: Սկզբի 2 քնելը հեշտ է, իսկ վերջնական քունը` շատ դժվար: Քնում է միայն ձեռքիս: Ինքը շատ հանգիստ երեխա է: Խնդրում եմ` ասեք` ի՞նչ կարելի է անել, որ հեշտ քնի: Շնորհակալություն:

Պատասխան: Գուցե 3 անգամ քնելն իր համար շատ է, գուցե իր համար ամենահամապատասխան ռեժիմը 2 անգամ քնելն է: Փորձեք փոխել որևէ բան ռեժիմում կամ ավելի ուշ քնեցրեք երկրորդից հետո, կամ մի քնեցրեք և տեսեք` ինչ կփոխվի: Երեխայի վարքից դուք կզգաք` նա քնի կարիք ունի, թե, ոչ: Ամեն դեպքում պետք չէ պարտադրել ու ստիպել երեխային ապրել կոնկրետ ռեժիմին համապատասխան, պետք է հասկանալ երեխայի ռեժիմը և որոշ բաներ համապատասխանեցնել նրա բնական բիոռիթմերին:

Անուն: Տաթև
Հարց: Իմ երկու երեխաները կծում են: Մեծս երեք տարեկան է, փոքրս՝ մեկ ու կես: Նրանք այդպես միմյանց վնասում են: Տան մեծերին նույնպես կծում են:

Պատասխան: Եթե ձեր երկու երեխաներն էլ միևնույն վարքն են դրսևորում, կարելի է ենթադրել, որ տանը որևէ հանգամանք` ծնողների վերաբերմունքը, նրանց հոգեվիճակը, հարաբերությունները կամ մեկ այլ բան ազդում է երեխաների վրա այնպես, որ նրանք ագրեսիվ են դառնում: Ուշադիր հետևեք ձեր վարքին, վարվելակերպին, հոգեվիճակին, ապրումներին և մտածեք` ինչը կարող է երեխաներին ագրեսիվ դարձնել: Գուցե նրանք ագրեսիա են զգում մեծահասկաների կողմից: Հնարավոր է նաև այլ տարբերակ` երբեմն երեխաներն արտահայտում են ծնողների զսպված և չարտահայտված զգացմունքները: Եթե ունեք զսպված զայրույթ, որը չեք կարողանում արտահայտել, ապա աշխատեք այդ զգացմուքնների կառավարման և դրանց վերացման ուղղությամբ: Հնարավոր է նաև, որ մեծը կծում է ինչ-ինչ պատճառներով, իսկ փոքրիկը սովորել է մեծից այդ վարքաձևը: Ամեն դեպքում դիմեք մասնագետի օգնությանը հստակ պատասխան ստանալու համար:

Անուն: Մարգարիտա

Հարց: Փոքրիկս վեց ամսական է, ես դեռ չեմ աշխատում, խնամում եմ փոքրիկիս: Ամեն օր ինչ-որ նորություններով լցնում եմ փոքրիկիս օրը: Ունեմ շատ լավ ամուսին: Բայց հոգեպես չեմ կարողանում հանգիստ մնալ, որ չեմ աշխատում և իմ ամուսնուն աջակից չեմ լինում ֆինանսապես, և ինձ թվում է՝  հետ եմ մնում իմ մասնագիտական ոլորտից: Բայց մյուս կողմից, բալիկիս դաստիարակության ամենակարևոր շրջանն է և չեմ կարողանում վստահել ինչ-որ մեկի: Հարգելի հոգեբան, կասեք` որն է լավ տարբերակ` թողնե՞մ փոքրիկիս տատիկի խնամակալության տակ, թե ոչ: Եվ կասեք` ո՞ր տարիքում է ճիշտ երեխային մանկապարտեզ տանել:

Պատասխան: Բավական լուրջ հարց է: Իհարկե, ցանկալի է և անվիճելի է, որ երեխայի  համար լավագույն տարբերակը մայրիկի հետ լինելն է: Սակայն կան մի շարք հանգամանքներ, որոնցից մի քանիսն էլ դուք նշեցիք` ֆինանսական դժվարությունները, մայրիկի նյարդային հոգեվիճակը, որոնք նույնպես բացասաբար են անդրադառնում երեխայի զարգացման և անձի ձևավորման վրա: Այս պարագայում դուք պետք է որոշեք` որն է ավելի շատ ազդելու ձեզ վրա: Եթե աշխատելով և երեխային տատիկի խնամքին հանձնելով` դուք ձեզ ավելի ինքնավստահ և ամուր կզգաք, կհասցնեք լուծել մի շարք խնդիրներ և կկարողանաք բավարար չափով ուշադրություն տրամադրել երեխային, ապա այդպես արեք: Եթե տանը մնալով, երեխային խնամելով պիտի ձեռք բերեք տարաբնույթ խնդիրներ, ապա դա երեխային չի օգնի: Ամեն դեպքում հիշեք, որ երեխային առողջ և խաղաղ մայրիկ է պետք: Շփման տևողությունն այդքան կարևոր չէ, որքան այդ շփման որակը: