Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-18

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 18-րդ խմբաքանակին:


Անի

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ցանկանում եմ իմանալ, թե հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը կնոջ օրգանիզմում ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Ես օգտագործում եմ ռեգուլոն հակաբեղմնավորիչ և ցանկանում եմ իմանալ` որքանով է այն անվնաս: Իսկ Դուք ինքներդ ո՞րը խորհուրդ կտաք:

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 18-րդ խմբաքանակին:


Անի

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ցանկանում եմ իմանալ, թե հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը կնոջ օրգանիզմում ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Ես օգտագործում եմ ռեգուլոն հակաբեղմնավորիչ և ցանկանում եմ իմանալ` որքանով է այն անվնաս: Իսկ Դուք ինքներդ ո՞րը խորհուրդ կտաք:


Պատասխան: Ռեգուլոն դեղը, բացի իր հակաբեղմնավորիչ ազդեցությունից, ունի նաև բուժական ազդեցություն և կարող է նշանակվել մի շարք խանգարումների ժամանակ: Եթե այդ դեղորայքը նշանակել է բժիշկը, ապա ոչ մի խնդիր չի կարող լինել: Խորհուրդ կտամ ընթացքում գտնվեք Ձեր բժշկի հսկողության տակ:


Սուսաննա

Հարց: Ես 19 տարեկան եմ, ունեմ մեկ ամսական երեխա, կերակրում եմ միայն կրծքիս կաթով, արյանս կարգը 1-ին բացասական է: Ի՞նչ հակաբեղմնավորիչ կարող եմ օգտագործել: Արդյո՞ք հաբերը չեն ազդի երեխայի վրա:


Պատասխան: Կերակրման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ հաբերի ձևով: Խորհուրդ եմ տալիս հղիությունից պաշտպանվել մեխանիկական միջոցներով:


Անի

Հարց: Հարգելի՛ բժիշկ, մի քանի ամիս է փոքր կոնքի սոնոգրաֆիան հեղուկ է ցույց տալիս, բորբոքման դեմ հակաբիոտիկներով բուժում եմ ստացել: Հեղուկը նորից երևում է: Երբեմն ֆոլիկուլյար կիստաներ էլ եմ ունենում: Վերջերս հաստատվեց, որ ունեմ պարբերական հիվանդություն: Արդյոք հնարավո՞ր է, որ հեղուկը դրա հետևանքով լինի և ոչ թե բորբոքման նշան լինի: Փորձում եմ հղիանալ: Արդյո՞ք այն կարող է խանգարել: Բոլոր տիպի վարակների անալիզներ հանձնել եմ և ոչ մի խնդիր կամ բորբոքման պատճառ չկա:


Պատասխան: Այո, հեղուկը կապված է պարբերական հիվանդության հետ: Վերջինս կարող է խանգարել հղիությանը: Խորհուրդ եմ տալիս այցելել մասնագետի համապատասխան նշանակումներ ստանալու նպատակով:


Լիանա

Հարց: Ամուսնանալուց մեկ տարի առաջ դիմել եմ բժշկի, ստուգվել եմ սոնոգրաֆիայով,  ոչ մի խնդիր չեմ ունեցել: Հիմա տասն ամիս է ամուսնացած եմ և դեռ երեխա չունենք: Ցավեր ունեմ դաշտանի ժամանակ` հենց առաջին օրը: Այդ օրերին ունենում եմ գլխացավ, սրտխառնոց, ցավեր մեջքի և կանացի օրգանների հատվածում: Դաշտանս սովորաբար տևում է չորս օր, իսկ վերջին երկուսից մեկը տևել է մեկ օր, մյուսը` երեք օր: Վերջին երկու ամիսների ընթացքում նաև փոփոխություններ եմ զգում. դաշտանից մեկ շաբաթ առաջ զգում եմ կրծքերի կոշտացում և ցավ: Դա վտանգավո՞ր է:


Պատասխան: Խորհուրդ եմ տալիս այցելել բժշկի և նախնական ստուգել հորմոնալ համակարգը: Մնացած բոլոր հետազոտությունների անհրաժեշտությունն արդեն պարզ կդառնա բժշկի խորհրդատվությունից հետո:


Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ ես 21 տարեկան եմ, ունեմ 1 տարեկան բալիկ, ծննդաբերության ժամանակ ունեցել եմ արգանդի պարանոցի պատռվածք: Բժիշկն ասաց, որ 2 կար են դրել, բայց ներարգանդային պարույր տեղադրելիս ասացին, որ պատռվածք է, այսինքն՝ կարածը չի կպել: Խնդրում եմ ասացեք` դա ինչքանո՞վ է վտանգավոր և հղիության ժամանակ ինչե՞ր կարող է առաջանալ:


Պատասխան: Այսպես` ըստ Ձեր նկարագրության, դժվար է պատկերացում կազմել: Սովորաբար, եթե արգանդի վզիկի հետ խնդիրներ են լինում, հղիության ժամանակ կարող է առաջանալ իստմիկոցերվիկալ անբավարարություն, որն էլ կբարձրացնի վիժման վտանգը: Սակայն, նորից եմ ասում, այսպես` առանց տեսնելու, չեմ կարող ասել ինչքանով է դա լուրջ և ապագայի համար ինչ բարդությունների կարող է բերել:


Անուշ

Հարց: Հարգելի՛ բժիշկ,  2 ամիս է ամուսնացած եմ: Վերջին 2 օրը սեռական հարաբերության ժամանակ հեշտոցից արտադրություն ունեցա` սպիտակ, ոչ ջրալի արտադրություն: Միզելիս զգում եմ թեթևակի ծակծկոց: Ասացեք խնդրում եմ` դա ի՞նչ է, և ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալություն:


Պատասխան: Այսպես չեմ կարող ասել պատճառը: Գուցե դա պայմանավորված է սեռական ակտով: Ամեն դեպքում հանգիստ լինելու համար կարող եք այցելել բժշկի և քսուք հանձնել:


Հասմիկ

Հարց: Ինձ  մոտ հայտնաբերվել է փողերի լայնացում և կիստոզ վիճակ: Բժիշկն առաջարկել է լապորասկոպիկ վիրահատություն (եթե կա չհղիանալու խնդիր): Արդյո՞ք այն խիստ անհրաժեշտ է և հնարավոր չէ դեղորայքային բուժում կատարել: Խնդրում եմ օգնել ինձ կողմնորոշվել: Շնորհակալություն:


Պատասխան: Ըստ երևույթին Դուք նկատի ունեք ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը: Եթե խոսքն այդ հիվանդության մասին է, ապա այո, հնարավոր է դեղորայքային բուժում կատարել: Սակայն, որպես վերջնական և ավելի արդյունավետ բուժման մեթոդ, համարվում է լապարոսկոպիան: Բացի դրանից` Դուք ունեք արգանդի փողերի հետ կապված խնդիր: Խորհուրդ եմ տալիս անել այնպես, ինչպես ասում է Ձեզ բուժող բժիշկը:


Շուշանիկ

Հարց: Ես 33 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, բայց ինձ հուզող հարցով ամաչում եմ գնալ գինեկոլոգի մոտ: Չգիտեմ հարցիս պատասխանը ինչպես  և ումից իմանամ այս պահին: Իմ բժիշկն ասել է, որ էպիլեպսիայով հիվանդ կինը կարող է առողջ երեխա ունենալ՝ չնայած նրան, որ դեղն օգտագործվելու է հղիության ընթացքում: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք դեղ օգտագործող հղի կինը կարող է առողջ երեխա ունենալ:


Պատասխան: Այո, կարող է առողջ երեխա ունենալ, սակայն Էպիլեպսիայի ժամանակ կիրառվող դեղերը տերատոգեն ազդեցություն ունեն: Եթե կինը հղիության ընթացքում չընդունի այդ դեղորայքը, նոպաների հաճախականությունը կմեծանա և կինը կհայտնվի էպիլեպտիկ ստատուսում, որն էլ վտանգավոր է կնոջ կյանքի համար: Հաշվի առնելով դա՝  մինչև հղիանալը և հղիության ընթացքում էպիլեպսիայի ժամանակ կիրառվող դեղերի չափաբաժինն իջեցնում են. փոքր չափաբաժինը պահպանում են հղիության ամբողջ ընթացքում: Պետք է մշտապես լինել բժիշկների հսկողության տակ:


Անի

Հարց: Հղիությունս 9-10 շաբաթական է, շականակագույն արտադրություն է գալիս: Դիմել եմ բժշկի, դեղեր են նշանակել` դյուֆաստոն և մագն B6: Անալիզներ եմ տվել, ու սոնոգրաֆիա են արել, ամեն ինչ նորնալ է: Բժիշկ, խնդրում եմ ասեք` դա ի՞նչ արտադրություն է և շա՞տ վտանգավոր է պտղի համար:


Պատասխան: Ըստ երևույթին բարձրացել է արգանդի տոնուսը, և առաջացել է վիժման վտանգ, այդ իսկ պատճառով էլ նշանակվել են վերը նշված դեղերը: Ներկա պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում. ամեն ինչ նշանակված է տեղին և գրագետ: Մնացեք Ձեր հղիությունը վարող բժշկի հսկողության տակ:


Նատալի

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ես արդեն 1 տարի է ամուսնացած եմ և դեռ չեմ հղիացել: Հաճախ են լինում դաշտանային ցիկլի խանգարումներ` ուշացում: Օրինակ՝ հիմա արդեն ամիս ու կես ուշացել է: Թեստը ցույց չի տալիս հղիություն (բայց մի քանի նշաններ կան): Ե՞րբ թեստը ցույց կտա: Ես  վերջին անգամ դաշտան եմ ունեցել հունվարի 1-ին: Նախապես շնորհակալություն:


Պատասխան: Թեստը վաղուց արդեն պետք է ցույց տար: Խորհուրդ եմ տալիս Ձեր ամուսնու հետ միասին դիմեք բժշկի և անցնեք անհրաժեշտ հետազոտություններ:


Լիանա

Հարց: 17տարեկան եմ, ունեմ դաշտանային ցիկլի խանգարում` ընդհատումները բավականին կարճ են տևում: Մի քանի ամիս առաջ բուժում նշանակվեց, բայց փոփոխություններ գրեթե չկան: Ի՞նչ խորհուրդ կտաք:


Պատասխան: Եթե դաշտանային ցիկլի խանգարումները պայմանավորված են հորմոնալ շեղումներով, և նշում եք բուժման ազդեցության բացակայությունը, ապա խորհուրդ եմ տալիս այցելել բուժող բժշկին` բուժումը վերանայելու և գուցե նոր նշանակումենր ստանալու համար:


Մարի

Հարց: Ես 22 տարեկան եմ, սեռական օրգանների հատվածում քոր ունեի, դիմեցի բժշկի, քսուք վերցրին և պարզվեց, որ սնկեր են: Բժիշկն ասաց, որ կուսաթաղանթիս անցքը մեծ է (նշեմ, որ ամուսանացած չեմ և երբեք սեռական կյանքով չեմ ապրել): Այդ օրվանից ահավոր անհանգիստ եմ և շատ վախեցած: Խնդրում եմ ասացեք` դա ի՞նչ վատ հետևանքներ կարող է ունենալ հետագայում, ճի՞շտ է արդյոք, որ կուսազրկումը կլինի առանց արյան: Նշեմ նաև, որ ինձ նշանակեց վեցամսյա բուժում: Արդեն հինգ ամիս է, և տարբերությունն այդքան էլ շատ չէ, քորն ուժեղանում է հատկապես դաշտանի օրերից առաջ և հետո: Ինձ նշանակեց Պիմաֆուցինի քսուք 10 օր` 2 անգամ, Միկոսիստ 1,4,7` օրը 1 անգամ, և ֆլյուկոնազոլ՝ շաբաթը մեկ անգամ` նույն ժամին և նույն օրը, 6 ամիս: Կանխավ շնորհակալ եմ, հուսով եմ կկարողանաք օգնել ինձ:


Պատասխան: Կուսաթաղանթի անցքի մեծ լինելը չի կարող անհանգստանալու պատճառ դառնալ, որովհետև դա նույնպես համարվում է նորմա և հարաբերության ժամանակ անպայման արյուն կլինի: Ինչ վերաբերում է սնկային հիվանդությանն ու քորին, ապա դա այդքան էլ հեշտ չի բուժվում և երբեմն պահանջվում է կրկնակի բուժում անցնել: Արեք այնպես, ինչպես նշանակել է Ձեզ բուժող բժիշկը: Եթե ապագայում կարիք լինի, կարող եք խորհրդակցել նաև մաշկաբանի հետ:


Աննա

Հարց: Դաշտանիս օրը ուշացել է մեկ օր, դեռ թեսթ չեմ դրել, կրծքերս էլ ահավոր զգայուն են: Երեկ էլ մի փոքր կուրծքս սեղմեցի` կաթնային արտադրություն եկավ: Արդյո՞ք կարող է դա հղիության հետևանք լինել, թե՞ ավելի լուրջ բան է:


Պատասխան: Դա կարող է նաև լինել պրոլոկտին հորմոնի բարձրացման հետևանքով: Ամեն դեպքում, եթե նույնիսկ թեստը բացասական լինի, խորհուրդ եմ տալիս դիմել բժշկի:


Սոֆի

Հարց: 15 շաբաթական հղի եմ: Հնարավո՞ր է, որ տաքությունից կամ գրիպից երեխային վնաս լինի կամ վիժեմ:


Պատասխան: Բարձր ջերմության և գրիպի ժամանակ կարող են հղիության տարբեր բարդություններ լինել, բայց դա պարտադիր պայման չէ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակին դիմել բժշկի և հնարավորինս շուտ իջեցնել ջերմությունը:


Ալինա

Հարց: Բարև Ձեզ: Երեք օր առաջ այցելեցի հերթական կոնսուլտացիայի, հղիությունս արդեն 12 շաբաթական էր: Սոնոգրաֆիկ հետազոտությունը ցույց տվեց, որ 9-րդ շաբաթից պտղի աճը կանգ է առել` չկա սրտի բաբախ և շարժ, չնայած որ ես ինձ շատ լավ էի զգում և մինչև հղիությունը անցել էի բոլոր հետազետությունները և պատրաստվել  հղիությանը: Ասացեք խնդրում եմ, ինչի՞ հետևանք կարող է լինել: Կրկին հետազոտվելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ լինի, որքա՞ն ժամանակ հետո կարող եմ հղիանալ: Շնորհակալ եմ:


Պատասխան: Պատճառները կարող են շատ լինել, օրինակ՝ մակարդելիության խանգարում (թրոմբոֆիլիա), ամուսնու հետ արյան խմբով անհամատեղելիության պատճառներ, բորբոքումներ, վարակներ և այլն: Սակայն այս ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս հետազոտվել և գտնել պատճառը: Հաջորդ անգամ կարող եք հղիանալ մոտ 6 ամիս հետո.


Եվա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես ու ամուսինս ամուսանցած ենք արդեն 2 տարի: Վերջին 6-8 ամսվա ընթացքում ցանկանում ենք երեխա ունենալ, սակայն մեզ մոտ չի ստացվում: Այցելել եմ գինեկոլոգին, և ինձ մոտ էրոզիա և ուրեոպլազմա են հայտնաբերել: Բժիշկն ասաց, որ էրոզիան չի խանգարում հղիությանը, սակայն պետք է ուրեոպլազման բուժել: Անցել եմ բուժում անտիբիոտիկներով, որի արդյունքում, թեև ուրեոպլազման վերացել է, սակայն մոտս սնկեր են ի հայտ եկել: Մեկ ամիս առաջ սնկերը բուժեցի: Ասացեք խնդրեմ` էրոզիայի առկայության պայմաններում հնարավո՞ր է հղիանալ, թե՞

ոչ:


Պատասխան: էրոզիան կարող է պատճառ հանդիսանալ չհղիանալու համար, եթե այն առաջացել է բորբոքման կամ վարակի ֆոնի վրա: Եթե հերքված է վերջիններիս առկայությունը, ապա այն անպտղության չի հանգեցնի:


Աննա

Հարց: Բարև ձեզ, ես ամուսնացած եմ արդեն մեկ տարի, բայց չեմ հղիանում, գնացել եմ գինեկոլոգի մոտ, ստուգվել եմ, հանձնել եմ քսուքի անալիզ և ուլտրաձայնային հետազոտություն եմ անցել, ամեն ինչ նորմալ էր, բայց ամուսինս գործի բերումով չկարողացավ գալ: Նաև նշեմ, որ ամուսինս սպա է և պարբերաբար  գնում է դիրքեր, ուզում եմ իմանալ` արդյո՞ք հնարավոր է, որ դրանից լինի: Նաև բժիշկն  ասաց, որ արյան անալիզ հանձնեմ, բայց ժամանակի առումով չհասցրեցի, արդյո՞ք արյուն հանձնելը պարտադիր է:


Պատասխան: Հղիանալու համար շատ կարևոր է կանոնավոր սեռական կյանքի առկայությունը: Նաև Դուք և Ձեր ամուսինը պետք է լիարժեք հետազոտվեք: Արեք այնպես, ինչպես ասում է Ձեր բժիշկը:


Աննա

Հարց: Բարև Ձեզ, ես 17 տարեկան եմ, հանձնել եմ արյան անալիզ, պրոլոկտին հորմոնը 29,5 է, ունեմ նաև ձախ ձվարանի կիստա: Խնդրում եմ կասե՞ք ինչի հետ է կապված:


Պատասխան: Ձվարանի կիստան կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարմամբ, օրինակ՝ պրոլոկտինի  բարձրացման հետևանքով: Խորհուրդ եմ տալիս դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:


Վարդիկ

Հարց: Հարգելի բժիշկ, ես 19 տարեկան եմ: Մոտս ձվարանի կիստա էր հայտնաբերվել, վիրահատվեցի, սակայն անհանգստանում եմ, որ հետագայում կարող են  խնդիրներ առաջանալ հղիության հետ կապված: Շուտով ամուսնանալու եմ: Հնարավո՞ր է խնդիրներ ունենամ: Շնորհակալություն:


Պատասխան: Եթե ամեն ինչ հարթ է անցել, գանգատներ չեք նշում, բարդություններ չեն եղել և կատարվում է ձվազատում, ապա անհանգստանալու կարիք չկա: Դուք անպայման կհղիանաք:


Անի

Հարց: Արդեն 1 ամիս է ամուսնացած եմ և դեռ կույս եմ: Մի անգամ ամուսինս ինձ թեթևակի հպվել է, և սերմնահեղուկ է թափվել: Հնարավո՞ր է հղիանամ, եթե կույս եմ:


Պատասխան: Հղիանալու հավանականություն կա, սակայն չնչին է:


Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ես հիմա 15 շաբաթական հղի եմ, բայց հղիությանս մինչև 13 շաբաթական դառնալը 2 անգամ հիվանդացել եմ գրիպով: Անցել եմ էխո հետազոտություն, պարզվել է, որ պտղի աճը և սրտի աշխատանքը նորմալ են, հղիությունս անցնում է նորմալ, բայց ես շատ եմ անհանգստանում, որ դա կարող է այլ արատների պատճառ դառնալ: Ասացեք խնդրեմ ես էլ ի՞նչ հետազոտություն կարող եմ անցնել ավելի հանգիստ լինելու համար:


Պատասխան: Պտղի վրա ազդելու հավանականությունը շատ քիչ է: Խորհուրդ եմ տալիս մնալ բժիշկների հսկողության տակ: Ինչ վերաբերում է անալիզներին, ապա կարող եք հանձնել PAPP-A թեստը, AFP և այլն: Այդ ամենը կօգնի հերքել արատի առկայությունը: Այս անալիզներն ունեն իրենց հանձման ժամանակները, որոնք կարող եք ճշտել Ձեր հղիությունը վարող բժշկից:


Մարիա

Հարց: Հղիությունս 29 շաբաթական է: Առաջին հղիությունս է, նախկինում աբորտներ կամ վիժումներ չեմ ունեցել: Արյանս խումբը չորրորդն (RH-) է, ամուսնունս՝ առաջին (RH+): Այս շաբաթ հանձնած համապատասխան անալիզը ցույց տվեց, որ օրգանիզմումս հակամարմիններ կան` T=1:2: Արդյո՞ք դա նշանակում է, որ երեխայիս ռեզուս գործոնը դրական է, և արդեն իսկ առաջին հղիության ժամանակ ես կարող եմ ունենալ ռեզուս կոնֆլիկտ: Ընդհանրապես ի՞նչ պետք է արվի տվյալ իրավիճակում:  Իմունոգլոբուլինի ներարկումը, երբ արդեն կան հակամարմիններ, իմաստ ունի՞, թե՞ ոչ: Նաև կարդացել եմ, որ երեխայի ռեզուս գործոնն արդեն հնարավոր է պարզել մոր երակից վերցրած արյան միջոցով: Արդյո՞ք Հայաստանում արվում է նման անալիզ: Կանխավ շնորհակալություն:


Պատասխան: Ռեզուս կոնֆլիկտն առաջանում է, երբ մոր արյունը ռեզուս բացասական է, իսկ պտղինը ռեզուս դրական: Դա հիմնականում լինում է երկրորդ հղիության ընթացքում, եթե նախորդ հղիության ժամանակ երեխայի արյունը դրական է եղել, իսկ մայրը ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում հակառեզուս իմունոգլոբին չի ստացել: Ռեզուս կոնֆլիկտ կարող է առաջանալ նաև աբորտից հետո (միայն ռեզուս բացասական արյուն ունեցող կանայք), եթե պրոֆիլակտիկ չի ներարկվել հակառեզուս իմունոգլոբին: Դա արվում է, քանի որ այդպիսի վաղ հասակում հնարավոր չէ որոշել պտղի արյան խումբը դրական է, թե բացասական: Առաջին հղիության ընթացքում, եթե դրանից առաջ չեն եղել աբորտներ, չի կարող լինել ռեզուս կոնֆլիկտ: Երեխայի արյան խումբը ներարգանդային կյանքի ընթացքում հնարավոր է իմանալ միայն պունկցիայի միջոցով` պորտալարից արյուն վերցնելով: Դա բնույթով բարդ միջամտություն է և մեծ վտանգ է պարունակում, որի պատճառով էլ քիչ է կիրառվում:



Մասնագետի նախորդ պատասխանները կարող եք կարդալ Հարց/Պատասխան բաժնում