Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-14

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 14-րդ խմբաքանակին:

Անուն:Մարի

Հարց: Տղաս 11,5 տարեկան է, բայց համարյա ամեն գիշեր միզում է անկողնում: Հույս ունեի, որ սեռահասունացման հետ աստիճանաբար կդադարի, սակայն կարծես թե ոչինչ չի փոխվում: Արդյո՞ք հոգեբանական ճանապարհով կարելի է դրական արդյունքի հասնել:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 14-րդ խմբաքանակին:

Անուն:Մարի

Հարց: Տղաս 11,5 տարեկան է, բայց համարյա ամեն գիշեր միզում է անկողնում: Հույս ունեի, որ սեռահասունացման հետ աստիճանաբար կդադարի, սակայն կարծես թե ոչինչ չի փոխվում: Արդյո՞ք հոգեբանական ճանապարհով կարելի է դրական արդյունքի հասնել:

Պատասխան: Եթե գիշերամիզությունը որևէ օրգանական պատճառ չունի, ամենայն հավանականաությամբ պատճառները հոգեբանական են: Գիշերամիզությունը սովորաբար դասում են նևրոտիկ ախտանշանների շարքին: Այդ խնդիրն ունեցող երեխաներն  ունեն նաև ցածր ինքնագնահատական, խոցելի են և անինքնավստահ, ունեն հուզական ոլորտի այլ խնդիրներ: Սեռահասունացման շրջանում իսկապես հաճախ է պատահում , գիշերամիզությունը դադարում է, բայց հոգեբանական խնդիրները, որոնք բերել են դրան, չեն անհետանում և շարունակում են խանգարել մարդուն` արտահայտվելով այլ կերպ: Հոգեբանական խորհրդատվությունն այս դեպքում անհրաժեշտ է: Անգամ եթե պատճառն օրգանական լիներ, միևնույն է, դեռահասության շրջանում այս խնդիրը բավական լուրջ անհարմարություն է առաջացնում տղայի համար`  խորացնելով անվստահությունն ու թերարժեքության բարդույթը:

Անուն:Անուշ

Հարց: Միակ տղաս 5 ամսական է և հրաժարվել է կրծքով կերակրումից արդեն 2 ամսականից: Նաև զգում եմ, որ որդիս ինձ չի սիրում: Իմ կողքին անհանգիստ է և  լարված, լացում է, ջերմություն չեմ զգում: Այս ամենը ինձ շատ է անհանգստացնում:

Պատասխան: Այդ տարիքում երեխաներն ավելի շատ ունենում են ապահովության և անապահովության զգացում, քան սիրո: Նորածիններն ապահովության զգացում են  ունենում այն ժամանակ,  երբ մայրը հանգիստ է և վստահ, ամուր գրկում է իր բալիկին և խաղաղ օրոր ասում: Երբ մայրն անհանգիստ ու լարված է լինում, երեխան անմիջապես զգում է այդ լարվածությունը, սրտի արագ զարկերն ու շնչառությունը, դրանից երեխան տագնապի և վախի, անապահովության զգացում է ունենում: Ամենայն հավանականությամբ սա է տեղի ունենում երեխայի հետ: Գուցե կարիք կա, որ դուք խաղաղվեք և հանգստանաք: Փորձեք հաղթահարել ձեզ հուզող և անհանգստացնող խնդիրները կամ փորձեք ժամանակավորապես անջատվել դրանցից և կենտրոնանալ մայրական պատասխանատվության և հոգսերի վրա: Գուցե ձեր անհանգստությունները կապված են մայրության և բալիկի համար ունեցած պատասխանատվության հետ, գուցե հոգնածության կամ ընտանեկան հարաբերությունների հետ: Այնուամենայնիվ հիշեք, ձեր բալիկը չի կարող չսիրել ձեզ, նա հիմա ամուր հուզական և ֆիզիկական կապի մեջ է գտնվում ձեզ հետ, անգամ եթե կտրվել է կրծքից: Դուք նրա անհանգստությունը վերագրում եք չսիրելուն, այնինչ պետք է ուղղակի աշխատել ձեր իսկ ապրումների և զգացմունքների վրա: Փորձեք շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ և ձեր բալիկին, հեքիաթներ շատ կարդացեք, հաճելի զբաղմունք և ընդմիջումներ գտեք:

Անուն:Լուսինե

Հարց: Հարգելի հոգեբան, ես արդեն մոտ 3 տարի է` չեմ աշխատում, ունեմ 2,5 տարեկան բալիկ, որին ես եմ խնամում: Որոշել եմ աշխատել, սակայն չի ստացվում: Արդեն դիմել եմ 2 կազմակերպության,  2 օր  գնացել եմ  և զգում եմ, որ չեմ կարողանում. ամբողջ մտքերս երեխայիս հետ են: Երեխայիս այդ ընթացքում խնամում է տատիկը` իմ մայրը: Շատ հոգատար է, սակայն  ես զգում եմ, որ խանդում եմ, որ այդ ժամանակն ինձ հետ չէ և  հրաժարվում եմ աշխատանքից: Մյուս կողմից էլ վատ եմ զգում, որ ամուսնուս չեմ կարողանում օգնել, հոգսը թեթևացնել,  չնայած  ամուսինս պնդում է` մնամ տանը, որը  ինձ դուր է գալիս: Բայց մյուս կողմից էլ գիտակցում եմ, որ մի օր պետք է աշխատեմ և ինչքան երկար է ժամանակն անցնում, այնքան մասնագիտական կարողությունները նվազում են: Ինչպե՞ս հաղթահարեմ այս վիճակը, ինձ մեղավոր չզգամ երեխայիս առջեւ, որ պետք է գործի գնամ, և վերջապես` մինչև երեխա ունենալը շատ էի սիրում իմ մասնագիտությունը, իսկ հիմա կարծես ատում եմ:

Պատասխան: Ձեր նամակից կարելի է մի քանի ենթադրություն անել, որոնցից յուրաքանչյուրին պետք է առանձին անդրադառնալ:

Հնարավոր է դուք ունեք երեխայից անջատվելու, երեխային կորցնելու կամ նրա սերը կորցնելու վախ: Ցանկացած դեպքում այդ վախն իռացիոնալ է, քանի որ երեխան, անկախ նրանից դուք կաշխատեք, թե տանը կլինեք, միևնույն է, չի փոխարինի ձեր սերն ու ջերմությունը մեկ ուրիշի ջերմության հետ: Նաև այդ տարիքն այն շրջանն է, երբ երեխաներն սկսում են հաճախել մանկապարտեզ և օրվա ընթացքում 6-8 ժամ լինում են մայրիկից հեռու և շփվում են այլ մեծահասակաների և իրենց հասակակիցների հետ: Այդ ընթացքում նրանք, իհարկե, կապվում են նաև դաստիարակների հետ, բայց այդ կապը և սերը նույնպես չի փոխարինում մոր նկատմամբ սիրուն, և մոր ու բալիկի կապը բացարձակապես չի տուժում դրանից:

Ինչ վերաբերում է աշխատանքին և մասնագիտական կարողություններին, ապա պետք է ասել, որ 3 տարին այն ժամանակահատվածն է, որ գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում հեռանում է աշխատանքից այդչափ և հետո կրկին վերադառնում է. մասնագիտական հմտություններն ու կարողությունները վերականգնելը լրիվ հնարավոր և իրատեսկան են:

Մյուս խնդիրը մեղքի զգացումն է երեխայի նկատմամբ: Կարծում եմ` սա ևս իռացիոնալ զգացում է, քանի որ երեխաները չեն մեղադրում իրենց մայրիկներին աշխատելու, զարգանալու, ինքնավստահ և ինքնաբավ լինելու համար, կարծում եմ` ավելի շատ նրանց հակառակում են մեղադրում հասուն տարիքում: Եվ վերջապես դուք չպիտի ամբողջ կյանքն անցկացնեք ձեր բալիկի կողքին, դուք և նա նույնպես ունեք անկախ լինելու պահանջմունք և ցանկություն, որը պետք է իրացնել: Այս տարիքում դուք որևէ անհանգստություն չպիտի ունենաք, քանի որ մանկապարտեզ հաճախելը կամ մայրիկից որոշ ժամանակ հեռու մնալը, այլ մեծահասակների և երեխաների հետ շփումը կենսական  կարևորություն ունեն երեխայի զարգացման և անձի ձևավորման համար:

Այս դեպքում սկզբում կարող եք ընտրել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանք` ավելի երկար բալիկի հետ լինելու և ավելի դանդաղ աշխատանքին ինտեգրվելու համար:

Անուն:Լենա

Հարց: Հարգելի հոգեբան, երեխաս 4 տարեկան է:  Վերջերս գնացինք 10-օրյա բժշկական պրոցեդուրաների, որն արդեն վերջացրել ենք, ու հիմա նա ասում է` աջ ոտքն է ցավում, նայում եմ` ոչ մի վնասված տեղ չկա: Արժե՞ կրկին տանել   բժշկի, թե՞ գուցե հոգեբանական պահանջ  է` ուշադրության կենտրոնում մնալու համար:  Շնորհակալություն

Պատասխան: Առահասարակ երկարատև բուժումներից, հետազոտություններից, հիվանդություններից հետո երեխաներն ավելի կամակոր ու լարված են դառնում: Ոմանք սկսում են անընդհատ պահանջել այն նույն ուշադրությունը, որը ստացել են հիվանդ օրերին: Դա կարող է զայրացնող լինել, քանի որ ծնողներն էլ սպասում են երեխայի ապաքինմանն ու հոգնած են լինում: Եթե նկատում եք, որ իսկապես անհանգստացնող բան չկա, օրվա ընթացքում հաճախ մոռանում է այդ մասին և ավելի շատ ասում է այն պահերին, երբ ձանձրանում է, անելու բան չունի, երբ դուք երկար զբաղված եք այլ գործով, ապա ամենայն հավանականությամբ դա ուշադրության պակասից է: Նման դեպքերում ցույց մի տվեք, որ նկատում եք այդ խորամանկությունը, ուղղակի մի փոքր ուշադրություն տվեք ու շարունակեք ձեր գործը, իսկ հետո օրվա ընթացքում ձեզ հարմար պահին տվեք երեխային այն ուշադրությունը, որի պահանջը նա ունի: Այստեղ կարևոր է, որ ուշադրությունը չտաք այն պահերին, երբ նա խորամանկությամբ է պահանջում, այլապես այդ վարքագիծը կամրապնդվի, և երեխան կսկսի միայն նվնվալով ուշադրություն խնդրել:

Անուն: Հռիփսիմե
Հարց: Աղջիկս 2 տարեկան, 4 ամսական է: ՈՒնեմ Ձեր օգնության կարիքը: Նա շատ ագրեսիվ է, ոչինչ չի ցանկանում սովորել, լսել, անդադար անիմաստ լացում է, անում է այն, ինչ ինքն է ուզում: Շատ ներվային է, երբեք չի լսում, չեմ կարողանում ոչ-մի բան սովորեցնել: Նշեմ նաև, որ վերջերս խոսելն է վատացել, ոչինչ նորմալ չի ասում` ամբողջության աղավաղում է: Ինչպե՞ս անել,  որ լսի և հասկանա, չլացի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Դուք նշեցիք մի շարք անհանգստացնող երևույթներ երեխայի վարքից: Չի ենթարկվում, կամակոր է, անում է այն, ինչ ցանկանում է, լացում է հաճախ, ագրեսիվ է, չի ցանկանում սովորել, հրահանգները լավ չի հասկանում, խոսքն է աղավաղվել և այլն: Հնարավոր է` այդ վարքագիծը երեխայի նկատմամբ կիրառվող ոչ այնքան արդյունավետ դաստիարակչական մոտեցումներից առաջանա: Սակայն կարող է պատճառը նաև այլ լինել: Ամեն դեպքում անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն ստանալ, այլապես հարաբերությունները և երեխայի առողջությունը կարող են լուրջ վնաս կրել երկարատև նման հոգեվիճակից:

Անուն:Ակսան

Հարց: Տղաս 2 տարեկան է, շատ չարաճճի է: Ինչպե՞ս դաստիարակեմ, որ ճիշտ լինի: Երբեմն ապտակում եմ և գիտեմ, որ սխալ եմ անում: Ունեմ Ձեր խորհրդի կարիքը:

Պատասխան: Դուք ցանկանում եք, որ ձեր տղան խելոք, լսող և ենթարկվող լինի, բայց մոռանում եք, որ այդպիսին լինելով` նա ուղղակի կշարունակի այդ վարքը ապագայում և կենթարկվի, կլսի գրեթե բոլորին, չի ունենա սեփական տեսակետ և մոտեցում, կլինի կոնֆորմիստ, որովհետև կվախենա չենթարկվող երևալուց: Այսօրվանից սկսած «մի կոտրեք» երեխային, հետագայում դուք ինքներդ կզգաք դրա վնասները: Տղաները պիտի մի քիչ չարաճճի և ակտիվ լինեն, դա նրանց չի խանգարում: Բացի այդ, 2 տարեկան երեխան դեռ բարոյախոսություններ լսելու տարիքում չէ, մի քիչ թեթև վերաբերեք նրա չարաճճի պահվածքին, դրանք մանկական բաներ են: Ապահովեք երեխայի անվտանգությունը, իսկ մնացածը նա ձեզանից կսովորի: Եթե ինչ- որ վտանգավոր իր թողել եք դրսում, երեխայի համար հասանելի վայրում, ապա չպիտի զայրանաք, որ նա ձեռք է տալիս: Փորձեք տարբերել ձեր և երեխայի պատասխանատվությունը: 2 տարեկան երեխան չի կարող ապտակի արժանի վարք դրսևորել:

Գայանե
Հարց: Բարև Ձեզ:Փոքրիկս 2 տարեկան 5 ամսեկան է, բայց բակ իջնելիս կամ մանկապարտեզ գնալիս կտրականապես հրաժարվում է ինքնուրույն քայլել, չնայած որ տանը բավականին աշխույժ է ու անընդհատ վազվզում է: Խնդրում եմ օգնեք. ինչի՞ց կարող է դա լինել և ինչպե՞ս կարող եմ դա փոխել:

Պատասխան

Ամենայն հավանականությամբ վախենում է կամ ընկնելուց կամ իր հասակի բալիկներից կամ մեծերից, մեքենաներից: Ամեն դեպքում պետք չի գրկել, եթե ինքը չի ուզում գնալ ինքնուրույն: Քայլող երեխային պետք է գրկել այն դեպքերում, երբ հոգնել է կամ դժվար է անցնել այդ հատվածով կամ երբ շտապում եք: Մնացած բոլոր դեպքերում պետք է թողնել երեխան ինքնուրույն քայլի, որովհետև կարող է ալարկոտ դառնա և այլևս չցանկանա իջնել գրկից: Եթե դռան առջևից արդեն պահանջում է գրկել, ապա ասեք, որ գնում եք բակ և իրեն էլ եք տանում ձեզ հետ, հրավիրեք բայց մի գրկեք և շարունակեք ձեր ճանապարհը, համոզեք որ ինքնուրույն դուրս գա տանից: Մի քանի քայլ անելուց հետո կարող եք ինչ որ պահի նորից գրկել, երբ զգում եք որ շատ է վախենում, հետո նորից մի փոքր իջեցրեք: Անընդհատ հորդորեք, որ քայլի ինքնուրույն և օգենք հաղթահարել վախը: Սկզբում կարող եք ուղղակի խաղահրապարակում, ավելի խաղաղ հատվածում, որտեղ իր տարիքի փոքրիկներ են իջեցնել և ստիպել քայլել, ապա աստիճանաբար ավելի աղմկոտ և ակտիվ վայրերում:

Անուն: Աննա

Հարց: Փոքրիկս 1 տարեկան, 10 ամսական է: Չի խոսում, միայն «մամա», «պապա» բառերն է հստակ ասում, սակայն ընկալում է մեր ասածները: Աշխույժ երեխա է, մինչև հիմա ծծակ է ուտում: Հնարավո՞ր է, որ դրա պատճառով երեխան չխոսի, կա՞ անհանգստանալու պատճառ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Ծծակն իրականում չի նպաստում խոսքի զարգացմանը, բայց նաև չենք կարող ասել, որ խոսքի ուշանալու պատճառ է այս դեպքում: Ձեր դեպքում երեխան արդեն խոսում է: Կարևոր է զարգացնել խոսքը, դարձնել շփման և հաղորդակցման գլխավոր միջոց: Ծծակից կտրելու ժամանակն է նաև, բայց եթե դժվարանում եք առհասարակ ծծակից ազատվել, ապա փորձեք բացառել դրա ցերեկային օգտագործումը, օգտագործեք միայն քնելուց առաջ, և ցանկալի է` հարթ ծծակ: Շատ խոսեք երեխայի հետ, կոշտ սնունդը մի բացառեք, համբերատար եղեք:

Անուն:Ռոզի

Հարց: Հարգելի բժիշկ, աղջիկս տարի վեց ամսական է, ուզում եմ կրծքի կաթից կտրեմ, բայց վախենում եմ, քնելիս ուտելով է քնում, արթնանում է,  նորից է ուտում, իսկ գիշերն էլ 4-5 անգամ արթնանում է ուտելու համար, իսկ կողմնակի ճաշիկներն ուտելիս անպայման մուլտիկ է նայում, և ես նկատում եմ, որ առանց հասկանալու բացում է բերանը, ու ես կերակրում եմ։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչի՞ց սկսեմ և ի՞նչ հերթականությամբ ազատվենք այդ սովորություններից։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան: Շատ ճիշտ հարց եք տալիս` հատկապես հերթականության առումով: Իհարկե, պետք է աստիճանաբար անել այդ ամենը: Գուցե ամենահեշտը կլինի առանց մուլտֆիլմի հացիկ ուտելը: Ուղղակի այդ սովորություններն առաջանում են շատ արագ, իսկ դրանցից ազատվելն արդեն ջանքեր է պահանջում: Փոխեք ճաշելու վայրը: Բոլորդ ճաշեք միասին, որ սկզբում երեխան շեղվի ինչ-որ հաճելի զբաղմունքներով. բոլորիդ հետ միասին լինելու հաճույքը կշեղի մուլտֆիլմից: Ձևավորեք ճաշելու նոր սովորություններ, որոնք ավելի օգտակար են: Միասին ճաշելը,  իհարկե, ամենալավ տարբերակն է:

Երեխային կրծքով կերակրումից  պետք է կտրել աստիճանաբար և ամենավերջում կտրել գիշերային կերակրումից: Սկսեք կերակրելու տևողությունն ու քանակը նվազեցնելուց:  Բայց առավել մանրամասն հասցեական խորհուրդներ այդ մասին կարող եք ստանալ մանկաբույժից կամ կանացի բժշկից: Այնուամենայնիվ, կտրուկ հրաժարվել կերակրելուց կամ երեխային հեռու պահել ձեզանից ու զրկել գրկախառնումներից չի կարելի ինչպես երեխայի,  այնպես էլ մոր համար:

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև սիրելի հոգեբան, ասացեք, խնդրեմ,  ես ունեմ 3.5 տարեկան տղա (միակը), որը  2 տարեկանից հաճախում է մանկապարտեզ, շփվող և աշխույժ երեխա է, բայց հաճախ ձեռնաշարժությամբ է զբաղվում և կրծում է եղունգները: Իմ բոլոր բացատրական աշխատանքներն անցնում են ապարդյուն , մեր տանը հաճախ վեճեր ու բարձր ձայներ են լինում:: Հնարավո՞ր է` դա է պատճառը: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս վարվել:

Պատասխան: Դուք ճիշտ եք, ձեռնաշարժությունն ու եղունգները կրծելը մանկական տագնապայնության մասին են վկայում: Հնարավոր է, որ վեճերն ու տան ընդհանուր մթնոլորտը լինի պատճառը կամ մեկ ուրիշ բան, որը գուցե չեք նկատում: Այնուամենայնիվ, եղեք ուշադիր նրա նկատմամբ: Վեճերի և կռիվների ժամանակ կամ դրանից հետո ժամանակ հատկացրեք բալիկի հետ այդ ամենի մասին խոսելուն: Իրականում առանց վեճերի երևի ընտանիք չի լինում, բայց երեխաները, մենակ մնալով, սխալ եզրակացություններ են անում իրենց տեսածի և լսածի մասին: Պետք է երեխայի համար հասկանալի ձևով բացատրել, որ մարդիկ զայրանալիս ձայնը բարձրացնում են մեկ-մեկ, բայց դա չի նշանակում, որ չեն սիրում իրար կամ ուզում են վնասել միմյանց: Պետք է ասել, որ որքան էլ մեծերը վիճեն, իրենք միշտ իր կողքին են լինելու, որ պաշտպանելու են իրեն, որ հոգ են տանելու իր մասին: Նվազեցրեք նաև ձեր պահանջներն ու դիտողությունները: Շատ հնարավորություն տվեք ավազի և ջրի հետ, խմորով և պլաստիլինով խաղալու: Ընթերցեք նաև տագնապայնության մասին մեր հոդվածները:

Անուն: Արծվիկ

Հարց: Հարգելի հոգեբան,  տղաս 1.5 տարեկան է:: Երբ հյուր ենք գնում կամ մեր տուն մարդ է գալիս, նա կարծես ամաչում է. աչքերը փակում է ձեռքերով ու մինչեւ  վերջ այդ մարդկանց նայելիս փակում է աչքերը, իսկ երբ զբոսանքի ենք դուրս գալիս ու որևէ մեկը խոսեցնում է,  կարող է անգամ լաց լինել: Նշեմ նաև,  որ այս երևույթը սկսվել է մի 3-4 ամիս առաջ,  իսկ մինչ այդ նա շատ շփվող երեխա էր: Ու մի բան էլ` երբ իր կողքին մեկը լաց է լինում ( երեխա) կամ բարձրաձայն խոսում է, նա լաց է լինում: Կարծես մտածում է, թե իր վրա զայրանում են : Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս խուսափեմ այս ամենից:

Պատասխան: Փորձեք հիշել` ինչ է եղել 3-4 ամիս առաջ կամ ինչ շրջան էր ձեր կյանքում: Եթե կգտնեք որևէ փոփոխություն, որ տեղի է ունեցել այդ ընթացքում, գուցե կկարողանաք վերացնել նաև երեխայի այդ վախը: Բայց անկախ պատճառից, պարզ է, որ երեխան վախենում է ինչ-որ բանից կամ իր համար անսովոր է բարձր ձայնը, լացը: Սկսեք տանը աղմկոտ խաղեր խաղալ, շատ մի սրտնեղեք, եթե լաց է լինում, շեղեք ուշադրությունն ու շարունակեք մնալ նույն միջավայրում: Ինքներդ շատ լուռ և մեղմ մի եղեք, երեխայի առօրյան լցրեք ուրախ աղմուկով, ակտիվ խաղերով և շփումներով: Երբ նման վարք է դրսևորում, մի շտապեք նրան գրկել և պաշտպանել, թողեք մի փոքր հարմարվի այդ վիճակին և ինքնուրույն բացի աչքերը, ինքնուրույն հասկանա, որ լաց լինելը վախենալու բան չէ, որ իր վրա չեն զայրանում: Երբ դուք շտապում եք պաշտպանել, գրկել, սիրել, հանգստացնել բալիկին, նա կրկին համոզվում է, որ իսկապես մի վատ բան կար այդ ամենի մեջ, այլապես մեծերն այդպես չէին վարվի: Մի ապացուցեք երեխային ձեր վարքով, որ վատ բան է տեղի ունեցել, հանգիստ արձագանքեք նման իրավիճակներին:

Անուն: Անի

Հարց: Բարև ձեզ, հարգելի հոգաբան, փոքրիկս 2 տարեկան է: Կտրել եմ կրծքից, բայց գիշերները շատ անհանգիստ է, համարյա չի քնում, անընդհատ ջուր է խմում և խաղալ է ուզում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն

Պատասխան: Եթե կտրել եք գիշերային կերակրումից, բայց փոխարինող որևէ բան չեք տվել, ապա կարող է ուղղակի սոված լինել: Չնայած այս տարիքում արդեն գիշերային կերակրման կարիք չկա:  Առավել հասցեական պատասխանի համար պետք է դիմել մանկաբույժի:

Անուն: Թամարա

Հարց: Երեխան ծնողների միակ աղջիկն է: Եղել է շատ ակտիվ և կենսուրախ,  իսկ հիմա դարձել է  շատ տխուր և մելամաղձոտ,  հաճախակի ունենում է տրամադրության անկում և ավարտվում է լացով:

Պատասխան: Եթե երեխայի վարքը նման կերպ կտրուկ և անհասկանալի փոխվում է, պետք է անհապաղ դիմել մասնագիտական խորհրդատվության, մանկական հոգեբանի օգնությանը: