Մանկաբույժի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-1

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի առաջին խմբաքանակին:

Անուն: Ռուզան

Տարիք: 23

Հարց: Իմ փոքրիկը մեկ ամսական է: Ծննդաբերության ժամանակ պտղաջրեր է կուլ տվել և գլխին ուներ ծննդաբերական

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի առաջին խմբաքանակին:

Անուն: Ռուզան

Տարիք: 23

Հարց: Իմ փոքրիկը մեկ ամսական է: Ծննդաբերության ժամանակ պտղաջրեր է կուլ տվել և գլխին ուներ ծննդաբերական այտուց, որը գրեթե անցել է: Ինձ հետաքրքիր է այդպես կարելի է արդյո՞ք տանել 1.5 ամսականում կատարվող պատվաստմանը:

Պատասխան: Հարգելի Ռուզան, եթե Ձեր բալիկը տվյալ պահին չունի այլ հիվանդագին վիճակներ, ապա պատվաստում կարելի է անել, որովհետև ծննդաբերության ժամանակ պտղաջրերի կուլ տալը և ծննդաբերական այտուցը հակացուցումներ չեն պատվաստումների համար:

Անուն: Տաթև

Տարիք: 25

Հարց: Բարև Ձեզ։ Տղաս 1,8 տարեկան է և ունի դիաթեզ` հավանաբար քաղցրից։ Կցանկանայի իմանալ՝  որոշակի տարիքում անցնո՞ւմ է, և ի՞նչ կարելի է անել կանխելու համար։ Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Տաթև, ճիշտ է դիաթեզն  ունի մաշկային արտահայտություն, սակայն առաջնային պատճառները կարող են լինել աղիքային բնույթի: Այդ պատճառով հարկավոր է տեսնել նորածնին և իրականացնել մի քանի լրացուցիչ հետազոտություններ:

Անուն: Հասմիկ

Տարիք: 54

Հարց: Բարև ձեզ: Մենք նորածին ունենք`Նարեկ: Մեր Նարեկի կրծքերը նման են դեռատի աղջնակի կրծքերի: Ինչու՞ է դա այդպես և ինչպե՞ս վարվել, արդյո՞ք շփելը նպատակահարմար է, թե՞  որևէ թրջոց օգտագործենք, իսկ գուցե՞ ուղղակի սպասենք: Շնորհակալություն

Պատասխան: Շատ կարևոր է ձեռք չտալ և, ամենակարևորը,  չսեղմել գեղձերը: Դա համարվում է հորմոնալ ճգնաժամ և շատ դեպքերում ինքնուրույն կարգավորվում է: Եթե, այնուամենայնիվ,  կտեսնեք թարախային բնույթի բարդություններ, ապա հարկ կլինի դիմել մանկական վիրաբույժի:

Անուն: Լուսինե

Տարիք: 26

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ինձ հետաքրքիր է, թե՞ որ տարիքից է երեխայի սննդակարգում ավելանում թթվասերը, լոբազգիները և լոլիկը: Շնորհակալ եմ կանխավ:

Հարգարժան Լուսինե: Ձեր նշած սննդատեսակները կարելի է սկսել երեխային տալ ուշ կրծքի հասակից՝ 1 տարեկանից:

Անուն: Մերի

Տարիք: 22

Հարց: Հարգելի բժիշկ, փոքրիկս 2 ամսեկան է: Մի քանի օր է ուտելուց հետո հետ է տալիս: Կասեք՝ ինչի՞ց կարող է լինել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Մի քանի անգամյա փսխումները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, հետագա կրկնվելու դեպքում անհրաժեշտ կլինի տեսնել փոքրիկին: Պարզապես կերակրելուց հետո պառկեցրեք փոքրիկին ուղղահայաց դիրքով 20-30 րոպե մինչև 1-2 անգամ կբխկա:

Անուն: Ռուզաննա

Տարիք: 26

Հարց: Բարև ձեզ, փոքրիկս 4 ամսական է, ուտում է միայն կրծքի կաթ: Լեզվի վրա` կողքի մասում, սպիտակ օղակի պես բան է առաջացել: Դա արդեն երկրորդ անգամ է կրկնվում: Առաջին անգամ շատ շուտ անցավ: Ասացեք խնդրում եմ, անհանգստանալու կարիք կա՞:  Կանխավ շնորհակալություն

Պատասխան: Հարգելի Ռուզաննա, այդ երևույթը կոչվում է կաթնախտ, այն բնորոշ է կուրծք ուտող երեխաներին և վտանգավոր չէ:

Անուն: Գոհար

Տարիք: 26

Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը 4 ամսական է և արդեն մոտ մեկ ամիս է տարբեր միջոցներ եմ փորձել, բայց կաթնախտը չի անցնում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Կաթնախտը կրծքով կերակրվող երեխաներին բնորոշ վիճակ է: Կցանկանայի տեղեկանալ Ձեր կողմից կիրառված միջոցների մասին կամ կարող եք այցելել մանկաբույժի խորհրդատվության:

Անուն: Սոնա

Տարիք: 26

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 2.4 տարեկան է, կրծքի կաթից կտրելուց հետո նրա մոտ արդեն 3 ամիս է,  փորկապություն է սկսվել: Երեք օրը մեկ է դուրս գնում և դժվարությամբ: Մոտ 2 ամիս է Դյուֆալակ ենք տալիս` բժշկի խորհուրդով: Սկզբնական շրջանում փոփոխություն նկատվում էր, բայց հիմա նորից նույնն է: Ի՞նչ խորհուրդ կտաք փորկապությունը բուժելու համար: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: 2.4 տարեկան երեխայի մոտ  նմանատիպ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ և շարունակել խորհրդատվությունը նեղ մասնագետի (մանկական գաստրոէնտերոլոգի ) մոտ:

Անուն: Արուսյակ

Տարիք: 27

Հարց: Երեխաս 2 ամսական է: Վիրաբույժի մոտ կոնսուլտացիայի ժամանակ վիրաբույժն ասաց, որ երեխայի մոտ պորտի ճողվածք կա, քանի որ պորտը դուրս եկած է: Երբ երեխան դեռ ավելի փոքր էր,  պորտն  այդպես դուրս եկած չէր, հետո` ավելի ուշ, այդպես եղավ: Խնդրում եմ ասեք, ի՞նչ անեմ, որպեսզի դա անցնի ու չվիրահատեն նրան:

Պատասխան: Պորտային ճողվածքները երեխաների մոտ մեծ մասամբ ինքնուրույն անցնում են: Ներկա պահին չափսը մեծանալու կամ մինչև 3 տարեկան ինքնուրույն չփակվելու դեպքում խորհուրդ է տրվում կրկին դիմել  մանկական վիրաբույժի խորհրդատվության:

Անուն: Արաքս

Տարիք: 23

Հարց: Բարև ձեզ,  բժիշկ ջան,  երեխաս ահավոր քրտնում է,  արդեն 3 ամսական է վիտամին D տվել եմ 2 ամիս,  չի օգնում, ինչ խորհուրդ կտաք անել, նախապես շնորհակալություն:

Պատասխան: Երեխայի քրտնելն,  իհարկե,  կապված է վիտամին D-ի փոխանակության հետ և պետք է շարունակել այն տալ, բայց պետք  է ուշադրություն դարձնել նաև խնամքին (շրջապատի ջերմաստիճանը, երեխային տաք հագցնել և այլն):

Անուն: Լիլիթ

Տարիք: 26

Հարց: Հարգելի բժիշկ, Իմ բալիկը(աղջիկ) մայիսին կդառնա 4 տարեկան, նա շատ հանգիստ, զիջող ու քնքնուշ էր: 2 տարեկանից հաճախում է մանկապարտեզ, սակայն բնավորության մեջ ակնհայտ փոփոխություններն այժմ են նկատելի: Նա դարձել է ագրեսիվ, նեղացկոտ, անհանգիստ է քնում, շաաաաատ վատ է ուտում,անընդհատ ուզում է, որ իր համար տուն վերադառնալիս նվեր բերենք, որը նախկինում չկար, չեր ուզում ոչինչ գնենք իր համար, ասում էր, մամ, ես ամեն ինչ ունեմ, դա էլ թող ուրիշ բալիկների համար: Այժմ ինձ ամենից շատ անհանգստացնում է նրա վատ սնվելը, ինչի արդյունքում կարծում եմ իմունային համակարգը ընկել է և գրեթե ամեն ամիս հիվանդանում է( գրիպ, հազ): Խնդրում եմ խորհուրդ տալ, ինչ մեթոդ կիրառել, որպեսզի լավ սնվի: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, այդ տարիքում երեխաների մոտ բնավորության և վարքի փոփոխությունները հիմնականում կապված են միջավայրում նոր հասարակական մթնոլորտի փոփոխությունների հետ: Այն են՝ մանկապարտեզ հաճախելը, նոր երեխաների հետ շփվելը (տարբեր բնավորության տեր և միջավայրի ) և ամենակարևորը, նոր երեխայի ծնունդը ընտանիքում: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս ինքներդ հոգեբանական զրույցներ ունենալ Ձեր բալիկի հետ: