Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-15

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 15-րդ խմբաքանակին:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 15-րդ խմբաքանակին:

 

Անուն: Նունե
Հարց: Բարեւ ձեզ: Տղաս աշխույժ երեխա է եւ շատ խելացի: Նա 2.3 տարեկան է: Քնեցնելուց  շատ է կամակորություն անում, անդադար ջուր է խնդրում, հետո հեքիաթ է ուզում լսել, գիշերանոթն է պահանջում եւ նմանօրինակ շատ «անկարգություններ»: Քնում է միայն այն դեպքում, երբ ես վրան բարկանում եմ: Օգնեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվել: Պարզապես չեմ ցանկանում, որ երեխան վատ տրամադրությամբ քնի:

Պատասխան: Այս խնդրի հետ շատերն են բախվում: Երեխայի շուտ խաղաղվելուն և քնելուն կարող են մի շարք գործոններ խանգարել: Եթե քնելուց առաջ երեխան ֆիզիկապես շատ ակտիվ և աշխույժ է եղել,  կարող է՝ չկարողանա անմիջապես խաղաղվել և քուն մտնել: Նույնը կարող է լինել, եթե տանը որևէ հետաքրքիր բան է կատարվում, որը երեխան բաց թողնել չի ցանկանում կամ սպասում է  հայրիկի աշխատանքից գալուն կամ նրա հետ ժամանակ անցկացնելուն և այլն: Այսինքն՝ որոշ դեպքերում պետք է ուշադիր լինել և հասկանալ՝ երեխան ինչու չի ցանկանում քնել: Դրանից հետո պետք է երեխայի հետ համաձայնության գալ քնելու վերաբերյալ: Նախքան քնեցնելը պետք է երեխային գոնե 1 ժամ առաջ զգուշացնել, որ քնելու ժամը մոտենում է, որից հետո անընդհատ հիշեցնել՝ մոտ 15 րոպեն մեկ անգամ: Կարելի է նաև երեխային հարցնել՝ կցանկանա քնել հիմա՞, թե՞ 5 րոպե հետո: Ցանկացած պարագայում հարցերը պետք է ձևակերպել այնպես, որ պատասխանը գոհացնի ձեզ: Դա կօգնի երեխայի կամքը և պատասխանատվությունը զարգացնել: Եթե արդեն համաձայնության եք եկել և գնացել եք քնելու, ապա հաստատակամ եղեք և ժամանակը մի ձգեք: Թույլ մի տվեք, որ երեխան տարբեր պատրվակներով ձեզ պահի իր կողքին: Պայմանավորվեք, որ հեքիաթը ընթերցելուց հետո դուք դուրս եք գալու սենյակից և ժամանակ առ ժամանակ գալու եք իրեն այցելելու մինչև քնելը: Շատ կարևոր է, որ այս տարիքում երեխային աստիճանաբար սովորեցնեք ինքնուրույն քնել: Եթե երեխան երկար ժամանակ չի կարողանում քնել, բայց զգում եք, որ հոգնած է, քնելուց առաջ խաղաղեցնող զբաղմունքներով զբաղեցրեք նրան, անպայման քնեցրեք լոգանք ընդունելուց հետո: Այդպես կձեւավորեք  քնելու սովորույթները:

 

Անուն: Աստղիկ

Հարց: Հարգելի հոգեբան, աղջիկս մեկ տարեկան, երկու ամսական է, շատ զվարթ և ուրախ բալիկ է, բայց նկատել եմ, որ երբ նստում է ոտքերը կախած, սկսում է անհանգիստ շարժումներ անել, երբ շեղում եմ այլ բանով, մոռանում է: Հնարավո՞ր է, արդյոք, դա օնանիզմի տագնապ համարել: Խնդրում եմ օգնել:

Պատասխան: Հնարավոր է, որ դա մանկական օնանիզմ լինի: Եթե շատ հաճախակի չէ, ապա անհանգստանալ և շատ ուշադրություն դարձնել պետք չէ: Շեղեք որևէ գործով, խաղալիքով կամ զբաղմունքով: Մի զայրացեք դրա համար երեխայի վրա: Եթե հաճախակի եք նկատում, ապա փորձեք երեխայի միջավայրը դարձնել ավելի հանգիստ և խաղաղ:

 

Անուն: Տաթևիկ

Հարց: Աղջիկս 3,5 ամսական է, քնած ժամանակ երկրորդ ամսից նկատեցի անընդհատ վեր թռչելու, վախեցած արթնանալու, անհանգիստ քնելու հատկություն, Այդ պահերին նրան արթնացնում, խաղացնում, կերակրում ու նորից եմ քնեցնում: Կերակրում եմ շատ հանգիստ ու լուռ պայմաններում, հոգեբանական լարվածություն չունեմ, երեխան նույնպես չունի: Բայց տունն աղմկոտ է, կան փոքր երեխաներ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչն է պատճառը, ինչպե՞ս վերացնեմ այն և ինչպե՞ս կարողանամ սովորեցնել աղմուկին :

Պատասխան: Աղմուկին սովորեցնելու որևէ հատուկ մեթոդիկա չկա: Եթե երեխան ապրում է աղմկոտ միջավայրում, նա աստիճանաբար կսովորի դրան: Ուղղակի պետք չէ շատ տարբեր իրավիճակներ ստեղծել՝ օրինակ, շատ լուռ լինել երեխայի սենյակում և շատ աղմկոտ՝ ճաշասենյակում կամ խոհանոցում: Այսինքն՝ երեխայի համար պետք չէ անսովոր իրավիճակներ ստեղծել, ապահովեք համեմատաբար նույն պայմանները բոլոր սենյակներում: Գիշերային անսպասելի լացը կարող է որևէ ցավի հետ կապված լինել. եթե նման վտանգ կա,  դիմեք մանկաբույժի խորհրդատվությանը:

 

Անուն: Մերի

Հարց: Հարգելի հոգեբան, իմ տղան 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, բայց մանկապարտեզից հետո խնամում են տատիկները, մինչեւ  մենք` ծնողներս, կհասնենք տուն: Այլընտրանք չկա, պետք է աշխատենք: Տատիկներից մեկի տանը շատ աղմկոտ են բոլորը, երեխայի հետ խաղում են գոռգոռոցով, չեն արգելում, ու երբ կիրակի նա մեզ հետ է, շատ ագրեսիվ է, կարող է անգամ հարվածել, ասել, որ ուզում է գնալ տատիկի տուն: Մեզ մոտ չի ուզում մնալ, եթե որեւէ բան արգելում ենք: Իհարկե, խոսել եմ, խնդրել, որ այդպես չանեն, բայց օգուտ չկա: Ի՞նչ կարող եմ ես ինքնուրույն փոխել: Շնորհակալ եմ:

Պատասխան: Իրականում նմանատիպ ազդեցություններից լիարժեք խուսափել հնարավոր չէ: Անգամ եթե ձեզնից մեկը միայն երեխայի խնամքով զբաղվեր, միևնույն է, այդ շփումները լինելու էին, և երեխան ենթարկվելու էր նմանատիպ ազդեցությունների: Չեք կարող ստիպել, որ շրջապատը շարժվի ձեր տեսակետների համաձայն: Փորձեք հնարավորության սահմանում շատ կոնտրաստային պայմաններ չստեղծել ձեր տանը: Այսինքն՝ եթե շատ աղմկոտ և ազատ միջավայր է տատիկի տանը, ձեր տանը ծայրահեղ հանգիստ և չափազանց սահմանափակումներով մթնոլորտ մի ստեղծեք: Այնպես արեք, որ ձեր դիտողություններն ուղղորդող և մեղմ լինեն երեխայի համար, որպեսզի նա չխուսափի տանը մնալ: Ի վերջո, երեխաները նմանվում են իրենց ծնողներին, դուք այդքան մի անհանգստացեք, մի փոքր հանդուրժող եղեք նրա չարաճճիությունների նկատմամբ, թույլ տվեք երբեմն ձեր տանը ևս ազատ և հանգիստ լինել:

 

Անուն: Աննա

Հարց: Բարեւ Ձեզ, տղաս 3 տարեկան է, դրսում գրեթե միշտ մերժում է բռնել ձեռքս: Ու ընդհանրապես գրեթե բոլոր հրահանգներս անտեսում է: Այլեւս չգիտեմ` ինչ լեզվով խոսեմ: Համոզում եմ, խնդրում եմ, շեղում եմ, բացատրում եմ, բայց իմ նյարդերն էլ չեն դիմանում: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Հստակ սահմանեք վայրերը, որտեղ կարելի է ձեռքը բաց թողնել, և վայրեր, որտեղ չի կարելի: Ոչ մի պարագայում մի խախտեք այդ կանոնները: Երբեք ձեռքը բաց մի թողեք բաց տարածություններում, ճանապարհների հարևանությամբ և նմանատիպ վտանգավոր վայրերում, դա արեք միայն խաղահրապարակներում և անվտանգ տեղերում: Երեխայի հետ դրա մասին խոսեք տանը, խաղացեք նմանատիպ խաղեր: Նկարեք ճանապարհներ, մեծ քաղաքներ, խոսեք և քննարկեք, թե ինչ վտանգներ կան, ինչի համար է պետք բռնել մայրիկի ձեռքը, որ պահին կարելի է բաց թողնել և վազվզել, որ պահին` ոչ: Այդ խաղերը դարձրեք հետաքրքրիր և հումորով, ապա փողոցում շարունակեք խաղը` երեխային հիշեցնելով կանոնները:

Եթե ձեր բացատրությունները չեն օգնում և այլևս որևէ բան չունեք փորձելու, դիմեք հոգեբանի խորհրդատվությանը, քանի որ երբեմն նման վարքագիծը հիպերակտիվության հետ կարող է նկատվել: Այդ խնդրի դեպքում երեխաներին ծնողների բացատրությունները չեն օգնում և բավարար չեն: Անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: