«Շուտով կծնվի երկրորդ երեխաս. ինչպե՞ս վարվեմ, որ տղաս իմ սիրո պակասը չզգա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս ու մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 18-րդ խմբաքանակին:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 18-րդ խմբաքանակին:

Անուն: Տաթև

Հարց: Հարգելի մանկաբույժ, տղաս 2 տարեկան է, չի խոսում` ընդամենը մի քանի բառ է արտաբերում: Ուզում է բառ ասի` չի կարողանում, շատ նյարդային է,առհասարակ երեխաների հետ չի շփվում, իրեն լավ է զգում միայնակ: Կա՞, արդյոք, անհանգստանալու առիթ և եթե այո, կոնկրետ ի՞նչ մասնագետի դիմենք:

Պատասխան: Եթե երեխան այդ տարիքում չի հետաքրքրվում հասակակիցներով, չի ուզում շփվել, նյարդային է, ունի նաև

խոսքի խնդիրներ, չի ասում իմաստավորված բառեր, չի դիմում ձեզ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետների` հոգեբան, հատուկ մանկավարժ, զարգացման մանկաբույժ և այլն: Հնարավոր է, որ որևէ անհանգստանալու առիթ չկա, և նյարդայնությունը խոսքի խնդիրներից լինի, սակայն մասնագետներին դիմելը և երեխային հետազոտելը չի խանգարի:

 

Անուն: Մարգարիտա

Հարց: Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան 2 ամսական է, քնելուց առաջ պարտադիր կուրծք է ուտում և գիշերները հանգիստ քնում: Չնայած պատահում է նաև, որ գիշերն արթնանում է և նորից ուզում է կուրծք ուտել: Խնդրում եմ՝ ասեք, թե ինչպե՞ս նրան կտրեմ կրծքից, քանի որ աշխատում եմ և փոքրիկին պետք է մանկապարտեզ ուղարկեմ: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Եթե երեխան օրվա ընթացքում կուրծք է պահանջում արդեն մեկ անգամ, երբեմն էլ կարողանում է նաև առանց դրա քնել, ապա կարելի է ասել, որ նա պատրաստ է կրծքից կտրվելուն: Ցանկալի չէ կտրել կրծքից այն շրջանում, երբ երեխային փոփոխություններ են սպասվում` Ձեր նշած մանկապարտեզ գնալու շրջանում, Ձեր աշխատանքի գնալու ժամանակահատվածում կամ այն շրջանում, երբ երեխան երկարատև հիվանդություն կամ սթրես է տարել:  Քնելիս կրծքից կտրելու համար կարելի է տարբեր խորամանկություններ մտածել` երեխային շեղել այլ հեղուկ տալով, հեքիաթ պատմելով, ձեռքը խաղալիք տալով, հայրիկին կամ մեկ այլ հարազատին մի որոշ ժամանակահատված քնեցնելու գործը փոխանցելով: Մի բան հստակ է, որ այս շրջանում երեխան պատրաստ է կրծքից հրաժարվել, քանի որ նա արդեն օրվա ընթացքում մեկ անգամ է պահանջում: Դա ավելի շատ նման է սովորության, քան իրական պահանջի: Այդ պարագայում պետք է ուղղակի երեխային աստիճանաբար հետ վարժեցնել այդ սովորությունից:

Անուն: Էդիտա

Հարց: Սիրելի հոգեբան, ինձ հուզում է մի հարց` տղաս արդեն դառնում է 9 ամսական, սակայն դեռ չեմ կարողանում սովորեցնել ծափիկ կամ հաջող անել: Նա նայում է ինձ ու ծիծաղում, սակայն չի սովորում: Ուզում եմ իմանալ` դա լու՞րջ խնդիր է, թե՞ դեռ փոքրիկ է: Ի՞նչ պետք է անի այդ տարիքի բալիկը: Նախապես շնորհակալություն

Պատասխան:Ծափիկ կամ հաջող չանելը լուրջ խնդիր չէ, մանավանդ երբ դուք խոսում եք դեռ 9 ամիսը չլրացած երեխայի մասին` նշելով,  որ դեռ չեք կարողանում սովորեցնել: Նշանակում է՝ շատ ավելի վաղ եք սկսել փորձել, սակայն դեռ չի ստացվել սովորեցնել:

Այս տարիքի երեխան արդեն պիտի արձագանքի իր անվանը, պիտի երկու ձեռքով բռնի առարկաները, տեղափոխի մեկ ձեռքից մյուսը, պետք է ազատ նստի, երկհնչյուններ պիտի արտաբերի, պիտի փորձի ինքնուրույն ուտել և այլն: Գուցե իր տարիքի այլ երեխաները կարողանում են կրկնօրինակել և ծափիկ անել, իսկ ինքը՝ դեռ ոչ, սակայն դա չի նշանակում, որ երեխան խնդիր ունի: Յուրաքանչյուր երեխայի զարգացում ունի իր անհատական տեմպը. ճիշտ է, կան ընդհանուր օրինաչափություններ, որոնց հիման վրա մասնագետներն  եզրակացություններ են անում, սակայն այդ սահմաններն այնքան էլ հստակ չեն: Առայժմ անհանգստանալու կարիք չկա:

Անուն: Անի

Հարց: Բարև ձեզ, փոքրիկս 2 տարեկան է, գիշերը լացով արթնանում է ու առանց որևէ բան ուզելու, երկար օրորելուց հետո նորից քնում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Գիշերային անսպասելի լացը կարող է կապ ունենալ երեխայի ֆիզիոլոգիական վիճակների հետ: Հնարավոր է՝ ատամների դուրս գալու ցավը լինի կամ այլ անհարմարավետություն: Հետևեք, թե որքան ժամանակ է տևում, երբ են սկսել այդ երևույթները և փորձեք տեսնել, թե ինչ է փոխվել երեխայի կյանքում և ֆիզիկական վիճակում:  Այդկերպ կգտնեք պատճառը: Դժվար թե դա որևէ հոգեբանական պատճառ ունենա:

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 2 ամսից կդառնա 2 տարեկան, նա շատ դժվար է կոնտակտի մեջ մտնում անծանոթ մարդկանց, այդ թվում երեխաների հետ, կարող է նույնիսկ լացել, երբ իրեն ինչ-որ հարց են տալիս, բայց փոխարենը բարեկամների շրջապատում շատ ակտիվ ու չարաճճի է: Ի՞նչ կարող եմ անել: Շնորհակալություն

Պատասխան: Թույլ տվեք, որ փոքրիկը  հնարավորինս շատ շփվի մարդկանց հետ, եթե անգամ լաց է լինում, անմիջապես մի նետվեք պաշտպանելու և փրկելու: Կողքին եղեք, օգնեք, որ սովորի շփվել, վստահել մարդկանց:  Այս տարիքում ամեն բան կախված է մեծերից, մեծերի վերաբերմունքից ու իրավիճակների կազմակերպումից: Երեխայի հետ հաճախակի գնացեք բակ, խաղահրապարակներ և այնպիսի վայրեր, որտեղ երեխաներ կան: Կարող եք սկզբնական շրջանում այնպես անել, որ երեխայի համար ծանոթ մեկը լինի այդ միջավայրում: Այդպես նա աստիճանաբար կսովորի նաև ինքնուրույն  շփվել անծանոթների հետ:

Բացի այս, ուշադիր եղեք ձեր սեփական վախերի նկատմամբ: Շփման խնդիրներն ու վախերը երբեմն երեխաներին փոխանցվում են ծնողներից: Մտածեք՝ արդյոք դուք չեք վախենում անծանոթներից, արդյոք չափից դուրս չեք անհանգստանում, երբ օտարները մոտենում են ձեր բալիկին: Եթե այդպես է, ուրեմն նախևառաջ պետք է լուծեք ձեր սեփական խնդիրները, ապա՝ բալիկինը:

Անուն: Կարինե

Հարց: Մայրիկիս կամքով ես ընդհատեցի իմ առաջին հղիությունը: Արդեն անցել է 1 տարի և մինչ այսօր չեմ կարողանում մոռանալ: Երբ նայում եմ հասակակից աղջիկների, որոնք արդեն գրկում են իրենց բալիկներին, ապրելու ցանկություն չեմ ունենում: Ցանկանում եմ մոռանալ, ի՞նչ կարող եմ անել, արդեն չեմ դիմանում այս ցավին:

Պատասխան: Նման դեպքերում ցանկալի չէ նամակագրական կապով խնդրի լուծում փնտրելը: Անհրաժեշտ է մասնագետից հոգեբանական խորհրդատվություն ստանալ առերես: Ձեր նամակից պարզ չէ, թե ինչն է եղել հղիության ընդհատման պատճառը, ինչու է Ձեր մայրը որոշել այդ հարցը, ինչ է ներկայում կատարվում Ձեր կյանքում: Այս և այլ շատ հարցեր պիտի հստակ լինեն, որպեսզի մասնագետը կարողանա օգնել Ձեզ: Դիմեք վստահելի մասնագետի և լուծեք խնդիրը համատեղ:

Անուն: Անահիտ

Հարց: Հագելի բժիշկ, տղաս 2.5 տարեկան է, չի ցանկանում նստել գիշերանոթին, սակայն հասկանում է, որ տակը չպետք է անի: Արդեն մեկ ամիս է, ինչ նրա մոտ առաջացել է փորկապություն, կարող է ամբողջ օրը չմիզել, մինչև տակդիր չհագցնեմ: Չգիտեմ ինչպես վարվել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Նախ պետք է փորկապության խնդրը լուծել, քանի որ այս պահին դա կդժվարացնի սովորելու ընթացքը: Չի կարելի զայրանալ, ստիպել ու պարտադրել երեխային: Բացի դրանից, ոչ մի դեպքում չի կարելի տակդիրը դարձնել գիշերանոթին այլընտրանք: Այդկերպ երեխան երբեք էլ չի սովորի գիշերանոթին: Նման դեպքերում պետք է հստակ, հաստատակամ որոշ ժամանակ տրամադրել երեխայի հարմարվելուն: Եթե մի օր փորձեք գիշերանոթին նստեցնել, ապա տակդիր դնեք, դրանից հետո նորից փորձեք գիշերանոթ, ապա կզարգանա կամակորություն, համառություն, և երեխան կսկսի ստիպել, որ անեք իր ուզածը:  Այստեղ կարիք կա փոքր-ինչ մանրամասնելու՝ ինչպես է ընթացել գիշերանոթին սովորեցնելու պրոցեսը, ինչ եք արել և ինչպես է երեխան դրան արձագանքել, ընդհանրապես ինչպես է արձագանքում փոփոխություններին և այլն: Նման հարցերի պատասխաններից կարելի է հասկանալ, թե ինչպես է պետք սովորեցնել երեխային գիշերանոթին: Կայքում կան բազմաթիվ հոդվածներ տակդիրից ազատվելու վերաբերյալ, դրանցից յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ձեր դեպքում:

Անուն: Արևիկ

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 5 ամսական է և քնած ժամանակ շնչում է անհանգիստ ձևով` մի քանի վայրկյան շուչը պահում է, հաճախակի է կատարում խորը շնչառական շարժումներ: Խնդրում եմ, ասեք՝ ինչի՞ հետևանքով դա կարող է առաջացած լինել, արդյո՞ք նորմալ է : Այդ երևույթը նրա մոտ ի հայտ է  եկել 2 ամսականից:

Պատասխան: Ամենայն հավանականությամբ Ձեր առաջին բալիկն է: Շատ առաջնածին մայրիկներ անդադար հետևում են իրենց նորածին բալիկին, հիացած զննում, լսում շնչառությունը, ուսումնասիրում... դա բնական է: Սակայն այդ ընթացքում երբեմն տարբեր տարօրինակություններ են գտնում երեխայի արտաքին տեսքի, զարգաման կամ ֆիզիոլոգիական վիճակներում: Ավելի հաճախ այդ անհանգստություններն անտեղի են լինում, դրանց համար իրական պատճառներ չեն լինում: Ամենայն հավանականությամբ դուք ևս նույն կերպ եք մոտենում: Եթե կարծում եք, որ այդպես չէ, ապա դիմեք մանկաբույժի:

Անուն: Արևիկ

Հարց: Բարև հարգելի բժիշկ: Երեխայիս բարուր եմ արել ծննդյան առաջին իսկ պահից: Երբ որոշեցի մի ամսականից շորիկներ հագցնել, դարձավ անհանգիստ ու ստիպեց նորից բարուր անել, որի մեջ ինքը շատ հանգիստ է իրեն զգում: Արդեն 5 ամսական է, բայց թևերն ազատ վիճակով քնելիս լալիս է, չի քնում, քնած ժամանակ էլ թևերը մի փոքր շարժելիս լացով արթնանում է և պահանջում է թևերը կապել: Ինչպե՞ս սովորեցնեմ ազատ վիճակին:

Պատասխան: Աստիճանաբար սովորեցրեք: Սկզբում փոխեք բարուրի ձևը, փորձեք ավելի թույլ բարուր անել, աստիճանաբար թուլացրեք բարուրն այնպես, որ երեխան կարողանա ազատ շարժել ձեռքերը: Աստիճանաբար արեք նման փոփոխությունները, որպեսզի երեխան հեշտությամբ հարմարվի քնելու նոր ձևին:

Անուն: Արծվիկ

Հարց: Կրկին բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Նախ շնոհակալություն խորհրդի համար: Հետևում եմ և կարծես թե օգնում է: Ես մեկ հարց էլ ունեմ. 1 ամսից կրկին կմայրանամ, ինձ հետաքրքիր է, թե ինչպես պետք է վարվեմ այս պարագայում: Գիտեմ, որ ոչ մեկին էլ չպետք է աչքաթող անեմ, բայց պարզ է, որ երկրորդին ավելի շատ խնամք է հարկավոր: Ինչպե՞ս անեմ, որ տղաս իմ սիրո պակասը չզգա: Հիմա տղաս քնում է սկեսուրիս սենյակում, փորձում եմ կամաց-կամաց սովորեցնել առանց ինձ քնելուն: Իսկ ինչպե՞ս վարվեմ,  երբ հիվանդանոցում լինեմ, արդյո՞ք դա չի ազդի մեր կապի վրա:

Պատասխան: Հարգելի Արծվիկ, ուրախ եմ, որ խորհուրդներս օգտակար են եղել: Ամենակարևորը երեխային այդ փոփոխություններին պատրաստելն է: Հնարավորության դեպքում շատ խոսեք երեխայի հետ սպասվող իրադարձությունների մասին: Պատմեք երեխային փոքրիկի մասին, չմոռանաք ասել, որ ինքը ևս նույն ճանապարհով է եկել այս աշխարհ: Պատմեք նաև ձեր ապրումների մասին իր ծննդի հետ կապված: Լավ կլինի, եթե մի փոքր իրեն կարևորություն տաք այս պահին և շեշտեք, որ ինքն  առաջինն էր և որքան հրաշալի լուր էր ձեզ համար իր մասին իմանալը: Այս ժամանակահատվածն օգտագործեք ձեր հարաբերությունները խորացնելու և մտերմացնելու համար: Շատ խոսեք բալիկի հետ իր այդ տարիքի ու շրջանի, ձեր հղիության մասին: Դա կօգնի երեխային իրեն կարևորված զգալ, և երկրորդ բալիկի ծնվելուց հետո նա այլևս չի կասկածի, որ ինքը առաջինն է և իր տեղը երբեք որևէ մեկը չի զբաղեցնի: Հիվանդանոց գնալու մասին ևս պատմեք երեխային, ասեք, որ գուցե մի քանի օր ինքը մնա հայրիկի հետ: Ասեք, որ դուք շատ եք սպասելու իր զանգին, որ շատ եք կարոտելու իրեն, որ դուք էլ չեք ուզում իրենից հեռու լինել թեկուզ մի րոպե: Անկեղծ եղեք, և Ձեր բալիկը իր հասունությամբ կզարմացնի ձեզ:

Անուն: Էլլա

Հարց: Փոքրիկս 2 ամսից կդառնա 1 ու կես տարեկան, մի քանի անգամ փոքրիկիս գունավոր մատիտներ եմ տվել և փորձել նրա հետ նկարել, սակայն նա սկսում է խաղալ և բերանը տանել դրանք: Ինչպե՞ս սովորեցնեմ նրան նկարել և պլաստիլինով խաղալ:

Պատասխան: Հարգելի Էլլա, այդ տարիքում առարկաները բերանը տանելը նորմալ է: Բնական է նաև, որ երեխան չի փորձում նկարել, դրա համար դեռ վաղ է: 2 տարեկանին մոտ երեխաները նոր-նոր սկսում են մատիտն ու կավիճներն օգտագործել այնպես, ինչպես հարկն է: Անգամ այդ շրջանում նրանց կարելի է տալ հատուկ չափսերի մատիտներ, մեր սովորական մատիտները շատ բարակ են իրենց համար:  Այս տարիքում չի կարելի երեխաներին սովորեցնել, թե ինչպես խաղան կամ նկարեն: Ավելի կարևոր է երեխային հնարավորություններ տալ՝ փորձելու և օգտագործելու տարբեր իրեր և խաղալիքներ: Պլաստիլինով աշխատելու համար ևս դեռ շուտ է, սկսեք 2 տարեկանից, մինչեւ այդ տարիքը նրանք ուղղակի տանում են բերանը և հաճախ ուտում են գունավոր պլաստիլինը:  Թույլ տվեք երեխային խաղալ մեծ խորանարդիկներով, 3 մասից բաղկացած բուրգերով, շարժվող խաղալիքներով, գունավոր գնդակներով և այդ տարիքին հարմար այլ խաղալիքներով:

Անուն: Լուսինե

Հարց: Հարգելի հոգեբան աղջիկս 2,9 տարեկան է, շփվող է,  երբ հյուրեր ենք ունենում՝ լինի մեծահասակ, թե երեխա, շատ է ուրախանում, անմիջապես կոնտակտի մեջ է մտնում անծանոթների հետ, բայց ծանոթների դեպքում երբեմն թաքնվում է, որ իրեն չնկատեն,  չխոսեցնեն, անգամ լացում է, որ խոսում են հետը, երբեմն էլ հակառակը՝ ինքն է գնում, խոսեցնում, նման կերպ նաև տան անդամների դեպքում.  չի ցանկանում իրեն խոսեցնեն, մոտենան, հատկապես քնից նոր արթնանալուց, երբեմն էլ հակառակը`  չի ուզում, որ ես իրեն մոտենամ: Իսկ մյուս հարցը, որ հուզում է, այն է, որ բակում,  երբ տեսնում է շատ երեխաներ են հավաքված, առաջին արձագանքն այն է, որ ձեռքիցս քաշում է, որ ուրիշ տեղ տանեմ իրեն, եթե չեմ տանում,  լացում է: Հանգստանալուց հետո նոր փորձում է մոտենալ այդ երեխաներին, հատկապես,  եթե երեխաներից մեկը ասում է՝ քեզ հետ չենք խաղում, դու փոքր ես, էլ չի ուզում ուրիշներին մոտենալ. պիտի ես միջամտեմ, որպեսզի ուրիշ բալիկների հետ ուզենա խաղալ:

Պատասխան: Հարգելի Լուսինե, առանձնակի վախեցնող վարքագիծ չեմ նկատում: Ավելի շուտ երեխան զգացմունքային է թվում: Գուցե տրամադրության փոփոխություններից փոխվում է նաև նրա շփվելու ցանկությունը: Այդ տարիքում նորմալ է, որ դուք միջամտեք սկզբում և օգնեք նրան առաջին քայլերն անել շփման համար: Մեծահասակաները ևս երբեմն խուսափում են բազմությանը մոտենալ, երեխաների համար էլ դա նորմալ է: Մի անհանգստացեք, օգնեք ավելի մեղմ ու հանգիստ քայլերով մոտենալ և փորձել շփվել: Մի համոզեք, մի ստիպեք, որ  լաց չլինի: Հեռացեք այդ վայրից, բայց աստիճանաբար փորձեք համոզել և նորից հետ բերել:

Ծանոթներից խուսափում է գուցե այն պատճառով, որ գիտի՝ գալու են, իրեն գրկեն, անմիջապես ուշադրություն են դարձնելու, և դա իրեն դուր չի գալիս: Ի դեպ, պետք է նշել, որ երեխաներին մոտենալու և շփվելու կուլտուրան էլ ոչ բոլոր մեծահասակներն ունեն: Նրանցից շատերը երբեմն շատ աղմկոտ են մոտենում բալիկներին, անմիջապես սկում են համբուրել կամ շատ ակտիվ շփվել, որը կարող է ուղղակի տհաճ լինել երեխայի համար: Օգնեք նրան պաշտպանել իր սահմանները, գուցե երեխան ուղղակի ունի շփման իր կանոնները, որը չի սիրում, որ խախտում են: